ԱՄՆ-ում ամիսներ շարունակ տևած թեժ նախագահական ընտրապայքարը մոտեցավ իր ավարտին և ժամեր անց հայտնի կլինի, թե առաջիկա 4 տարիներին ո՞վ է լինելու Սպիտակ տան հաջորդ ղեկավարը։ Բառացիորեն հենց այս ժամերին են ամերիկացիները որոշում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 4 տարվա դադարից հետո կվերդառնա՞ Սպիտակ տուն, թե այնուամենայնիվ ԱՄՆ նոր նախագահը կլինի Քամալա Հարիսը և աշխարհի թիվ 1 գերտերությունը իր գրեթե 248-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին ղեկավար կունենա։
Նախընտրական բոլոր հարցումները վկայում են, որ Թրամփն ու Քամալա Հարիսը ունեն գրեթե հավասար վարկանիշ, ուստի փորձագետներն առ այս պահը դժվարանում են կանխատեսել ընտրապայքարի ելքը։ Հաշվի առնելով ամերիկյան ընտրական համակարգի առանձնահատկությունները՝ ընտրությունների ելքը որոշելու հարցում մեծ ազդեցություն ունեն հատկապես տատանվող 7 նահանգները, ինչի համար էլ թեկնածուներն էլ հատկապես վերջին օրերին իրենց քարոզարշավը ծավալում էին հենց այս նահանգներում։
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյուքներին ուշի ուշով սպասում են ոչ միայն այս երկրի ներսում, այլև ողջ աշխարհում։
Հայաստանում նույնպես մեծ հետաքրքրություն է առկա այս ընտրապայքարի նկատմամբ։ Ամիսներ շարունակ մեր երկրում շահարկվում էր, թե հատկապես որ թեկնածուի հաղթանակն է Հայաստանի տեսանկյունից առավել նախընտրելի։ Կրքերն էլ ավելի էին թեժանում, երբ թեկնածուները ամերիկահայ համայնքի ձայները ստանալու նպատակով որևէ պրոհայկական հայտարարությամբ էին հանդես գալիս, ինչի պակասը հատկապես վերջին շրջանում չէր զգացվում։
Oragir.News-ն այսօր հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել՝ հասկանալի համար, թե Հայաստանի քաղաքացիների համար ԱՄՆ նախագահի որ թեկնածուի հաղթանակ է առավել նախընտրելի։ «Ո՞վ կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը. Դոնալդ Թրա՞մփը, թե՞ Քամալա Հարիսը» հարցն այսօր առավոտյան ժամը 9։00-ից ուղղել ենք մեր յութուբյան ու տելեգրամյան ալիքների բաժանորդներին, ովքեր 12 ժամ շարունակ հարցին պատասխանելու հնարավորություն են ունեցել, ինչպես նաև հարցախույզ ենք իրականացրել Երևանի փողոցներում։
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների շրջանում կարծիքները բազմազան էին.
Oragir.News-ի յութուբյան ալիքում իրականացված հարցման արդյունքներով առաջատարը ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսն է։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 2100 քաղաքացի, որոնցից 67%-ի կարծիքով ԱՄՆ նախագահ կընտրվի դեմոկրատ Քամալա Հարիսը, իսկ 33%-ը հակված է կարծել, որ Սպիտակ տան հաջորդ ղեկավարը կլինի էքս նախագահ Դոնալդ Թրամփը։
Տելեգրամյան ալիքում անցկացված հարցման արդյունքներով լիովին հակառակ պատկերն է ստացվել։ Տելեգրամում մեր հարցմանը մասնակցել է 113 քաղաքացի, որոնց 60%-ը նշել է, որ ԱՄՆ նախագահ կընտրվի Դոնալդ Թրամփը և միայն 40%-ը՝ Քամալա Հարիսը։
Այսօր մայրաքաղաքի փողոցներում մեր հարցախույզին մասնակցած քաղաքացիների մեծ մասի կարծքով ԱՄՆ նախագահական ընտրություններում
հաղթելու է հանրապետական Դոնալդ Թրամփը։ Քաղաքացիներից մեկի խոսքով՝ Թրամփը խարիզմատիկ գործիչ է, իսկ կին թեկնածում Միացյալ Նահանգների նման երկիրը չի կարող կարող նախագահել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունը կշարունակվի ևս մի քանի ժամ։
Ակնկալվում է, որ առավոտյան արդեն հաղթողի անունը հայտնի կլինի, սակայն չի բացառվում, որ ձայների հաշվարկը օրեր, անգամ շաբաթներ տևի։