Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Գյումրիի ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը ասուլիս էր հրավիրել և ներկայացրել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված կառավարման ճգնաժամի լուծման իր տարբերակը, որը, ըստ Հակոբյանի, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին տնային կալանքից ազատելն ու աշխատանքի վերադարձնելն է։
«ՀՀ քննչական կոմիտեն և գործով քննիչը հնարավորության դեպքում պիտի վերանայեն Գյումրիի քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանի՝ պաշտոնի կասեցման որոշումը և փոխել վերջինիս խափանման միջոցը՝ տնային կալանքը՝ այն վերածելով ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցով։
Ես դիմում եմ Քննչական կոմիտեին եւ քննիչին, եթե հնարավոր է իրավական այս տիրույթում՝ հաշվի առնելով համայնքի գերակա շահը, այսքան բնակիչների շահը, ուղղակի անհապաղ փոխել որոշումը, որպեսզի Ջանոյան Սուրենը վերադառնա աշխատանքի»,- ընդգծեց Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով` Գյումրիում արդեն ճգնաժամ չէ, այլ ժամ առ ժամ գնում է կոլապսի։
«Ճիշտ է, կոմունալն աշխատում է, տրանսպորտը կա, բայց կառավարումը չկա, չունենք փաստաթուղթ ստորագրող ու վերահսկելիություն: 2000 հոգուց ավելի աշխատակից ունեցող կառույց է սա: Ելքը այն է, որ Ջանոյան Սուրենը վերադառնա իր աշխատանքին: Նա հանրային շահի համար է կալանավորված, ոչ թե խուլիգանության, հիմա իր աշխատանքի վերադառնալն էլ ավելի մեծ հանրային շահ է պահանջում, քան նախորդ հանրային շահը, որի համար կալանավորված է փոխքաղաքապետը: Քննիչն անհապաղ պետք է որոշում փոխի, տնային կալանքը փոխի, որ ունենաք փոխքաղաքապետ, ստորագրություն դնող կլինի, ինքը գործող փոխքաղաքապետ է, ուղղակի լիազորություններն են կասեցվել: Եթե քննիչն էսօր նման որոշում կայացնի, վաղը Ջանոյան Սուրենը աշխատասենյակի դուռը կբացի որպես փոխքաղաքապետ, և ստորագրությունները կգնան»,-ասում է ավագանու անդամը։
Վարդևան Հակոբյանը համոզված է, որ փոխքաղաքապետը ժամ առաջ կգա, կաշխատի, որովհետև դա պատասխանատվություն է ամբողջ քաղաքի առջև։
«Կարծում եմ, որ Ջանոյան Սուրենը նաև իրականում քաղաքը սիրող մարդ է, մենք աշխատել ենք, ես ուղղակի հավատում եմ, որ ինքը կգա, կաշխատի»,-եզրափակում է Գյումրիի ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու գործով ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել և նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։