Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:15 01-11-2024

Ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելով՝ Փաշինյանի իշխանությունը ձգտում է վախի մթնոլորտ տարածել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 9 անդամները՝ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը։

Թեպետ վերջիններս կասկածվում էին ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, սակայն նրանց մոտ ոչ թե զենք-զինամթերք է հայտնաբերվել, այլ բացառապես քաղաքական բովանդակությամբ թռուցիկներ, որոնց կիրառությունը մեր երկրում դեռևս չի արգելվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր ակտիվիստներն ազատ են արձակվել։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իր համոզմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների ձերբակալության նպատակը երկրում վախի մթնոլորտ տարածումն է ու ճնշումների գործադրումը։ Նրա խոսքով՝ այդ ամենն իրականացվում է, որպեսզի քաղաքացիները կաշկանդվեն իրենց տեսակետները խաղաղ ու օրինական ձևերով արտահայտելուց.

«Հիմնաքարը դա է, որովհետև մարդկանց աբսուրդ հոդվածով են բերման ենթարկում, ձերբակալում, անազատության մեջ պահում ու նրանց տներում խուզարկություններ իրականացնում։ Խուզարկությունների արդյունքում միակ բանը, որը գտնում են, լավագույն դեպքում հակաիշխանական բովանդակությամբ թռուցիկներն են, իսկ հիշեցնեմ՝ Հայաստանի Հանրապետությունում թռուցիկներ տարածելը դեռևս օրենքով արգելված չէ, մենք դեռևս Հյուսիսային Կորեան չենք»։

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ այս տեմպերով շարժվելու դեպքում օրերից մի օր Հայաստանում կարգելվի նաև թռուցիկների տարածումը։ «Եթե օրինագիծ են ներկայացնում, որ Ոստիկանությունը պետք է հասանելիություն ունենա բոլոր տեսախցիկներին, իսկ ինչո՞ւ չի կարող հեծանիվը որպես ռազամավարություն որդեգրած քաղաքական ուժի հաջորդ օրինագիծը լինել այն, որ թռուցիկ տարածելն այլևս քրեորեն պատժելի արարք է, իսկ դրա ծանրագույն պատիժը մահապատիժն է։ Գիտեմ, որ Հայաստանում մահապատիժ գոյություն չունի, բայց մենք այնքան աբսուրդներ ենք տեսել, որ այլևս ոչինչ չեմ բացառում։ Հիշեցնեմ՝ մենք տեսել ենք իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով մարդիկ գնացել են ու դատարանի դռները շրջափակել են, քաշքշել են աշխատակիցներին, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորներին՝ արգելելով մտնել իրենց աշխատասենյակներ։ Նույնը կարող է տեղի ունենալ թռուցիկ բաժանողների հետ»,- կարծում է նա։

Վարդանյանի համոզմամբ՝ այս ամենի նպատակը հենց հասարակ քաղաքացիներին վախեցնելն է, որպեսզի նրանք հեռու մնան իրենց դիրքորոշումն արտահայտելուց, վախենան գործընթացներին մասնակցելուց։ Նա հույս հայտնեց, որ ընդդիմությանը համատեղ գործողությունների արդյունքում կհաջողվի թույլ չտալ, որ երկրում վախի մթնոլորտ տարածվի, որպեսզի քաղաքացիներն իրենց տեսակետներն արտահայտելուց չկաշկանդվեն։ «Հենց դրա համար է, որ մենք աշխատում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր բռնաճնշումների են ենթարկվում, ցուցաբերել հնարավորինս աջակցություն»,- ասաց նա՝ հաստատելով, որ բոլոր 9 ձերբակալվածներն ազատ են արձակվել և այս պահի դրությամբ նոր ձերբակալվածներ չկան։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ միջազգային կազմակերպությունները հակված կլինեն այս ամենի վրա աչք փակել։ «Այստեղ շատ կարևոր է, թե որքանով մենք կկարողանանք բարձրաձայնել ու ներկայացնել իրողությունն ու ճշմարտությունը՝ նրանց ուշադրությունը հրավիրելով դրանց վրա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media