Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հաճախ են պնդում, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է՝ այն համարելով իրենց կառավարման ամենամեծ ձեռքբերումը։ Հենց այս իրողությանը հղում կատարելով՝ ՔՊ-ականները վստահեցնում են, որ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել, իսկ ընդդիմությունը հաջողության չի հասնում, քանի որ չի վայելում հանրության լայն շերտերի վստահությունը։
Ժողովրդավարական երկրներին ամենաբնորոշ հատկանիշներից են իշխանության թևերի տարանջատումը և հատկապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, որոնք, ՔՊ-ականների պնդմամբ, Հայաստանում առկա են։ Հենց նման ընտրությունների արդյունքում շատ հաճախ, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հաղթում են ընդդիմադիր ուժերը՝ ապահովելով ժողովրդավարական ինստիտունտերի անխափան գործունեությունը։
2018-ի իշխանափոխությունից հետո մի կարճ շրջան տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանում նույնպես ընդդիմադիր ուժերը ընտրություններում հաջողության հասնելու հնարավորություն ունեն, ինչին քաղաքական իշխանությունը ադեկվատ է արձագանքում և ընդդիմադիր համայնքապետերին ընտրություններից հետո հետապնդումների չի ենթարկում։ Այս իրողության մասին անգամ Նիկոլ Փաշինյանն էր բարձրաձայնում, ով 2018-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, որոնցում իշխանության թեկնածուն պարտություն էր կրել, հայտարարեց, որ իրեննք «հեղափոխություն են իրականացրել, որպեսզի որոշ տեղերում էլ ընդդիմությունը հաղթի»։
Հատկանշական է, որ այս դեպքում նույնպես իշխանության խոսքն ու գործը հակասում են իրար և հատկապես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական իշխանությունները հետապնդումների յուրօրինակ արշավ սկսեցին ընդդիմադիր բազմաթիվ համայնքապետների նկատմամբ, որոնք ընտրություններում հաղթել էին ՔՊ-ական թեկնածուներին։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ չէր էլ թաքցնում, որ ընդդիմադիր համայքապետների նկատմամբ մտադիր է հետապնդումներ իրականացնել՝ խոստանալով, որ իր ընտրվելու դեպքում կադրային ջարդն ու վենդետաներն անխուսափելի են լինելու։
Քաղաքական վենդետայի և իշխանազավթման առաջին և ամենաանկնառու օրինակը Վանաձորում էր, որտեղ 2021-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթեց գործող համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, սակայն ընտրություններից օրեր անց նա ձերբակալվեց և ավելի քան 2 տարի 7 ամիս կալանքի տակ մնաց։ Թեպետ Ասլանյանը հուլիսին ազատ է արձակվել, սակայն իշխանության և իր հաճախորդների ստեղծած խոչընդոտների պատճառով Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքում կառավարման ճգնաժամը շարունակվում է, և Վանաձորի ավագանին առ այսօր չի կարողացել նիստ գումարել ու համայնքի ղեկավար ընտրել։
Իշխանազավթման հաջորդ արարն արդեն Ալավերդիում էր՝ 2023-ի դեկտեմբերի 5-ին, որտեղ 2022-ի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները կոալիցիոն իշխանություն էին ձևավորել, համայնքի ղեկավար ընտրել Արկադի Թամազյանին, իսկ ՔՊ-ն այս համայնքում փաստացի դարձել էր ընդդիմություն։ Ալավերդում իշխանությունը դիմեց քաղաքական անասնագողության․ «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովը լքեց իր խմբակցությունը և միացավ հակառակ ճամբարին, ինչի արդյունքում ՔՊ-ին հաջողվեց պաշտոնանկ անել Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավար ընտրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին։
Գյումրիում, որտեղ փաստացի ՔՊ-ն դարձել է ընդդիմություն, կրքերը չեն հանդարտվում և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը ձգտում է ամեն գնով զավթել իշխանությունը։ Հանրապետության երկրորդ ամենախոշոր քաղաքում 2021-ի հոկտեմբերի 17-ի ընտրություններում ամենաշատ թվով քվեները ստացել էր նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանի մերձավորներից կազմված «Բալասանյան» դաշինքը, որը ընտրություններից հետո կոալիցիա էր կազմել 2-րդ տեղը զբաղեցրած ՔՊ-ի հետ, վերջինիս զիջել համայնքի ղեկավարի 2 տեղակալների պաշտոնները։ Քաղաքական այս դաշինքը 2 տարվա կյանք ունեցավ և 2023-ի դեկտեմբերին ՔՊ-ն խզեց այն, սակայն իշխանությունը զավթել չհաջողվեց, քանի որ ավագանու ընդդիմադիր խմբակցություններն իրենց աջակցությունը հայտնեցին գործող համայքապետին։ Իշխանությունը սակայն չհանձնվեց և զանազան ճնշումների արդյունքում Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն օրերս հրաժարական տվեց, խմբակցության մյուս՝ 13 անդամներն էլ հրաժարվեցին մանդատներից, և ամենայն հավանականությամբ առաջիկայում Գյումրիում արտահերթ ընտրություններ կկայանան։
Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնում ՏԻՄ մակարդակում իշխնազավթման փորձերն այսքանով չեն սահմանափակվում. բազմաթիվ համայնքներում (Թալին, Փարաքար, Մասին, Վարդենիս, Վեդի և այլն) ՔՊ-ն փորձել է տարբեր ճնշումներով կանխել ընդդիմադիր կոալիցիաների ձևավորումն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Այս փորձերը որոշ դեպքերում հաջողվել են, որոշներում՝ ոչ, ինչից հետո համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվել, որոնցում հիմնականում հաղթել է ՔՊ-ի թեկնածուն։ Տեղին է հիշել նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի օրինակը, ով կալանավորվել էր 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո ու կալանավայրից հաղթել իշխանության թենածուին։ Ազատ արձակվելուց հետո Առուշանյանն այլևս չընդդիմացավ Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ նրան բազմիցս ընդունեց Գորիսում, թեպետ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մյուս համայնքապետների հետ միասին խոչընդոտում էր նրա մուտքը մարզ, սակայն այժմ նրան պաշտոնանկություն է սպասվում։
Այսպիսով՝ փաստենք, որ թեև Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով, հատկապես ՏԻՄ մակարդակում, իշխանությանը պարտության մատնել, սակայն քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարժվում է իշխանությունն ուզորպացնելու ճանապարհով՝ կլինի դա իմպիչմենտի, քաղաքական և իրավական հետապնդումների, թե որևէ այլ տարբերակով։ Գյումրու օրինակով հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի գնացողների պատիժը շատ ավելի խիստ է լինում, ուստի առաջիկայում իշխանության հետ գործակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերն ու անհատները որոշում կայացնելուց առաջ պետք է մի լավ ծանր ու թեթև անեն՝ աչքի առաջ ունենալով մյուս հաճախորդների դառը փորձը։
Դատելով ՏԻՄ մակարդակում իշխանազավթման հիշյալ օրինակներից՝ ենթադրում ենք, որ համապետական ընտրություններում նույնպես պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը չի ընդունի իր պարտությունը և իշխանությունն անցնցում ճանապարհով չի փոխանցի՝ հայտարարելով, որ օրինակ «ընտրությունների արդյունքները կեղծվել են»։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պարտվում է, բայց երբեք չի հաշտվում այդ պարտության հետ, ու այս իրողությունը պետք է հաշվի առնեն բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու քաղաքական հայտ են ներկայացնում։
Դավիթ Գույումջյան