Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:15 28-10-2024

Նոր ահ. ինչ անել, որ Փաշինյանը պարտվի ու հեռանա

Ընդդիմադիր գործիչները տագնապ են հնչեցնում ընտրական օրենսգրքի փոփոխությունների և հարակից օրենքների փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունման առնչությամբ։ Ըստ նախագծի՝ եթե քվեարկության ընթացքում՝ մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը, արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։

Փորձառու քաղաքական գործիչները վախ են տարածում, թե ՔՊ-ական իշխանությունը այս հակաժողովրդավարական օրենքը ներմուծում է, քանի որ կասկածում է, որ կարող է հաջողության հասնել առաջիկա ԱԺ ընտրություններում։ Ու եթե քվերակության օրվա ավարտին պարզ դառնա, որ քաղաքացիները ՔՊ-ին չեն ընտրել, ապա ԿԸՀ-ն կեղծ թվեր չի նկարելու, Նիկոլ Փաշինյանն է արտակարգ դրության ռեժիմ մտցնելու և չեղարկելու ընտրությունների արդյունքները։ Պարզ ասած՝ այս օրենքի շնորհիվ՝ Փաշինյանը նույնիսկ ընտրություններում պարտվելուց հետո չի հեռանալու, մնալու է իշխանության։

Իսկ ինչու՞ է ՔՊ-ն մտահոգվում, որ կարող է պարտվել ընտրություններում։ IRI-ի անցկացրած վերջին հարցման տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանն ամենաբարձր վարկանիշն ունի, ամենամոտ մրցակցից մոտ 6 անգամ ավելի։ Սակայն չի բացառվում, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերն ու գործիչները կարող են միավորվել նրան տապալելու օրակարգով։ Այս դեպքում՝ գուցե նա կպարտվի։

Հիմնավոր կասկած կա նաև, որ մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը որևէ մեծ հաջողություն չի ունենալու, նախանշված մեծ նախագծերը չեն իրականանալու։ Մասնավորապես՝ չի ստորագրվելու Խաղաղության պայմանագիրը, չեն բացվելու ճանապարհները, հայ-թուրքականն սահմանը, չի վերանալու ագրեսիայի վտանգը, նույնիսկ՝ Աջափնյակի մետրոն չի կառուցվելու։ Այսինքն՝ թեև հիմա Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է, սակայն առաջիկայում ընկնելու է, ու պարտվելու ռիսկն աճելու է։

Հաշվի առնելով, որ ՔՊ-ական իշխանությունը բազմիցս է անպատասխանատու վարք ու անհարգալից վերաբերմունք դրսևորել ժողովրդի հանդեպ, ապա ենթադրելի է, որ արտակարգ դրությունը կարող են անպատասխանատու կերպով ձգել այնքան, մնչև հաշվեհարդար կտեսնեն իրական մրցակցի նկատմամբ։ Ու երբ համոզված լինեն, որ լուրջ մրցակցություն չկա, ապա կանցկացնեն ընտրություններ ու նորից կվերընտրվեն։ Այս վերջին ենթադրությունը իսկական սարսափ է տարածել քաղաքականությամբ զբաղվողների շրջանում։

Ընրական նոր օրենսգիրքը քննադատողները միասնական են այն հարցում, որ այս փոփոխությունները հակաժողովրդավարական են և արժանանալու են միջազգային հանրության խիստ հանդիմանանքի։ Գուցե Արևմուտքը նույնիսկ երես թեքի Փաշինյանից ու նրան համարի ոչ լեգիտիմ ղեկավար։ Այս ռիսկն ավելի աղետալի հետևանք է ունենալու, քան ընտրակեղծիքը։

Իրականում՝ Փաշինյանը ընտրությունների անցանկալի արդյունքների դեպքում արտակարգ դրություն մտցնելը կարող է արդարացնել միայն մեկ դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ այդ անում է ռուսամետ ուժերի ռևանշը կանխելու համար։ Այս պարագայում ժողովրդավարական երկրները չեն հանդիմանի Փաշինյանի հակաժողովրդավարական քայլը, քանի որ կանխվել է ռուսական ուժերի հաղթանակը ՀՀ-ում, ինչը կնպաստեր ռուսական ազդեցության վերականգնմանը մեր աշխարհում։

Անելանելի թվացող այս իրավիճակում կա համարժեք պաշտպանության տարբերակ։ Հնարավոր է հաղթել ՔՊ-ին ընտրապայքարում այնպես, որ Փաշինյանը չկարողանա արդարացնել արտակարգ դրություն մտցնելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ հաղթելու պոտենցիալ ունեցող ուժերը ընտրապայքարում ռուսամետ խոսույթով ու ծրագրերով հանդես չգան, այլ խոստանան ամրացնել անկախությունը, ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը, լյուստրացիա, դեսովետիզացիա անել, և այլն։ Այս պարագայում Փաշինյանը պարտվելու դեպքում չի կարողանա արդարացնել արտակարգ դրություն մտցնելը ու կհեռանա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ