Գնացքից ուշացածը. պայքարը մտնում է անարյուր հո՞ւն
copy image url

Գնացքից ուշացածը. պայքարը մտնում է անարյուր հո՞ւն

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 10:00 26-10-2024
Քաղաքական հաշվարկը կարևոր է գործունեության արդյունավետության առումով։ Ճշգրիտ հաշվարկը հաջողության գրավականներից մեկն է։ Այն նաև վստահություն է ներշնչում հետևորդներին։ Իսկ բաց աղբյուրների տեղեկատվության հիման վրա արվող հաշվարկներում սխալվելը հիասթափություն է առաջացնում։

Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը, որը հաջորդիվ պիտի վավերացներ նաև ՀՀ նախագահը։ Սրբազան շարժումը հայտարարեց, որ երկու օր անց՝ հոկտեմբերի 25-ին ժամը 16-ին ցույց են կազմակերպելու նախագահական նստավայրի դեմ, պահանջելով ՀՀ նախագահից չստորագրել սահմանազատման կանոնակարգը։

Հայտնի չէ, թե որտեղի՞ց գիտեին ցուցարարները, որ Վահագն Խաչատուրյանը կանոնակարգը վարերացնելու է հոկտեմբերի 25-ին։ Բայց երբ ցուցարարները հայտարարված ժամին հասան նախագահական նստավայր, պարզեցին, որ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին արդեն ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։

Սա նշանակում է, որ ցուցարարներն իրենց հաշվարկում վրիպել են։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ նախագահ Խաչատուրյանն է ձիով քայլ արել, փշրելով ցուցարարների հույսերը, թե կարող են ճնշում գործադրել Նախագահի վրա ու ստիպել, որ նա չստորագրի կանոնակարգը։

Արդյունքում ցուցարարները բախվեցին կայացած փաստին։ Փաստաթուղթը, որը ցուցարարների գնահատմամբ՝ հակասում է ազգային շահերին, վավերացվել էր ՀՀ նախագահի կողմից։

Ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել էր։ Անկախ այն բանից՝ նախագա՞հն էր շուտ ստորագրել, թե՞ ցուցարարներն են սխալ հաշվարկ կատարել, բայց կայացած փաստ էր, որ թեման արդեն փակված էր։ Տպավորություն էր, թե ցուցարարներն իմանալով, որ ՀՀ նախագահն արդեն ստորագրել է կանոնակարգը, կընկճվեին ու տուն կգնային, ինչպես գնացքից ուշացածը։ Սակայն նրանք ոչ միայն չընկճվեցին, որ գնացքից ուշացել են, այլև ոգևորությամբ շարունակեցին ցույցը, պարզեցին պաստառներն ու դրոշները, վանկարկումներ ու ելույթներ ունեցան, քննադատեցին իշխանություններին, կարծես որևէ կոնկրետ թեմայով չէին հավաքվել այդ վայրում։

Առաջին հայացքից՝ ցուցարարների ոգևորությունն ու իրավապահների հանդարտությունն անհասկանալի էին։ Միակ սթափ վարկածն այն է, որ հունիսի 12-ի արյունալի բախումից հետո և՛ Սրբազան շարժումը, և՛ ՔՊ-ական իշխանությունը խուսափում են բռնությունից։ Հակառակ դեպքում՝ եթե ցուցարարները նպատակ ունենային իրական ճնշում գործադրել իշխանության վրա սահմանազատման կանոնակարգի թեմայով, ապա հոկտեմբերի 22-ի առավոտից կպաշարեին Բաղրամյան պողոտան, կպահանջեին, որ ԱԺ-ն և ՀՀ նախագահը չվավերացնեին այն։

Ներքին խաղաղության առումով՝ այսպիսի մոտեցումը, իհարկե, նախընտրելի է։ Խաղաղ, առանց բռնության ցույցերը պակաս լարվածություն են պատճառում։ Ցուցարարները չեն տուժում, վնասվածքներ չեն ստանում, չեն ընկճվում ու չարանում։ Իշխանությունը պակաս ռեսուրսներ է ծախսում հարկատուների միջոցներից, չի արժանանում իրավապաշտպանների և ժողովրդավարական երկրների դիտողությանն ու հանդիմանանքին ժողովրդավարական նորմերը խախտելու, ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով։

Այսպիսով՝ ենթադրելի է, որ հակակառավարական պայքարը մտնում է խաղաղ ու անարյուր հուն։ Այսինքն՝ արմատական գործողություններ՝ հեղափոխություն, ապստամբություն կամ նման բաներ առաջիկայում չեն սպասվում։ Եթե իրոք այսպիսի մարտավարություն է ընտրված, ապա ենթադրելի է, որ Բագրատ Սրբազանը պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին։ Հետևաբար՝ նա առաջիկայում թիմ է հավաքելու՝ պատգամավորացուներ, նախարարացուներ, ընտրական տեխնոլոգիաների մասնագետներ և այլն, որոնք կապահովեն նրա հաջողությունը, գուցե նաև հաղթանակը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված