Փաշինյանը Բալասանյանին է ստիպում, իսկ Սամվել Բալասանյանն էլ՝ Վարդգես Սամսոնյանին, որ զիջեն քաղաքապետի աթոռը
copy image url

Փաշինյանը Բալասանյանին է ստիպում, իսկ Սամվել Բալասանյանն էլ՝ Վարդգես Սամսոնյանին, որ զիջեն քաղաքապետի աթոռը

Ներքին 5 ամիս առաջ - 22:23 22-10-2024
Տասը օրից ավելի է՝ Գյումրիի քաղաքապետարանում անորոշ իրավիճակ է։ Անցած շաբաթվա ընթացքում աղմկոտ ձերբակալություններ եղան. նախ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն` Խաչատուր Բալասանյանին ձերբակալեցին, իսկ ժամեր անց էլ Բալասանյանի քրոջ ամուսնուն` Ռուբեն Սանոյանին և ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին։ 72 ժամը լրանալուց հետո այս անձինք գրավի դիմաց ազատ արձակվեցին։ Օրեր անց նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացվեց։

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը բուժման նպատակով այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում։

Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Նշենք որ վարչապետին քաղաքային իշխանության ներկայացուցիչները չեն դիմավորել, իհարկե հարգելի պատճառներով։ Քաղաքապետը Երեւանում հոսպիտալացվել է, քաղաքապետի առաջին տեղակալը ԱՄՆ-ում վայելում է արձակուրդը, իսկ մյուս փոխքաղաքապետն էլ տնային կալանքի տակ է։

Նիկոլի Փաշինյանի այցից առաջ տարածվեց տեղեկություն, որ Փաշինյանի Գյումրի այցից հետո սպասվում են պաշտոնանկություններ, հատկապես Նիկոլ Փաշինյանի նշանառության տակ Գյումրիի քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներն էին։

Արդեն հայտնել ենք, որ մեր տեղեկություններով` ամենաուշը 2 օրից Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա։ Վարդգես Սամսոնյանի հետ նրա թիմն էլ կգնա։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Գյումրիի ավագանու իշխող «Բալասանյան դաշինքի» անդամները մանդատները վայր կդնեն։

Մեր աղբյուրը նշում է, որ Բալասանյանի որդու և նրանց ընտանիքի հետ փոխկապակցված անձանց ձերբակալությունից հետո խոսք էր գնում, որ ՔՊ-ն ճնշումների ներքո փորձում է Գյումրիում իշխանափոխության հասնել։

«Փաշինյանը Բալասանյանին շատ կոնկրետ առաջարկ է ներկայացրել, որ եթե իրենք չզիջեցին քաղաքապետի պաշտոնը, ապա «Սև բերդի» գործով անցնող առանցքային մարդիկ կձերբակալվեն։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Բալասանյանին է ստիպում, իսկ Սամվել Բալասանյանն էլ Վարդգես Սամսոնյանին։ Տարբեր անուններ են շրջանառվում, իրենց ՔՊ-ականին պիտի նշանակեն»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է մեր աղբյուրը։

Քաղաքապետի թեկնածուի համար մի քանի ՔՊ-ականների անուններ են շրջանառվում` Արթուր Պապիկյան, ով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր տղան է, Վահագն Ալեքսանյանից մինչեւ Կարեն Սարուխանյան։

Դեռ ամիսներ առաջ խոսակցությունների մակարդակում շրջանառվում էր ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի անունը։

Թերևս Նիկոլ Փաշինյանի Գյումրիի հաճախակի դարձած այցելությունների պատճառներից մեկն էլ այս է, որ հնարավորինս արագ հասնեն իշխանափոխության։

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը նշում է, որ ինքը նմանատիպ ինֆորմացիա չունի, բայց փաստն այն է, որ տասը օրից ավել է՝ Գյումրիի քաղաքապետարանում աշխատանքը պարալիզաված է։