2020 թվականի օգոստոսի 30-ին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր իր անվան հետ կապվող քննադատություններին, այն որակել բանսարկությունն, ապա հայտարարել, որ դրանք կազմակերպում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա ոհմակը։
«Այս ամեն ինչը կազմակերվում է մի մարդու կողմից, ով տարիներ առաջ էլ նույն ձև գործել է։ Ուղղակի տարբերությունն այն է, որ այն ժամանակ ես համայնքի ղեկավար չեմ եղել և այդ գործողությունները ավելի լայն ռեզոնասն չեն գտել լրատվամիջոցներում։ Այսօր ես համայնքի ղեկավար եմ, պաշտոնատար անձ եմ․․․
Այդ մարդը Լիսկան է, ով տարիներ շարունակ այդպիսի գործելաոճ է որդեգրել կոնկրետ իմ և իմ շրջապատի նկատմամբ։ Բորենիները ոհմակով են և վախկոտ են․․․»,- 4 տարի առաջ հայտարարել էր Առուշանյանը։
Նույն տեսանյութում Առուշանյանը հայտնում է, որ Լիսկան և նրա բորենի ոհմակը, բազմաթիվ հաղորդումներ են տվել իր դեմ, բայց դրանք հերթով հերքվել են, քանի որ իրականության հետ որևէ կապ չեն ունեցել։
Տարօրինակ է, բայց այսօր, երբ նույն Առուշ Առուշանյանի դեմ քրեական գործեր են հարուցվում, փորձում են նրան կալանավորել, նա նույն ոճով չի արձագանքում տեղի ունեցողին։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ՝ հետաքրքրվելու, թե այսօր ո՞վ կամ ովքե՞ր են իր դեմ դուրս եկել։ Արդյոք նա այս երևույթը կրկին որակո՞ւմ է բորենիենրի ոհմակի կողմից հարձակում, թե՞ ոչ։ Առուշանյանը, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ 8 ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։
Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։
Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս 2-ը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Նշենք, նաև, որ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։
Հավելենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024-ի սեպտեմբերի 10-ին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժը փոխարինել է 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Դատարանի այս որոշումը բողոքարկվել է։