Բնակարաններ, ավտոկայանատեղի, տասնյակ միլիոններով կանխիկ գումար, 37 մլն դրամ եկամուտ․ ՍԴ նախագահի և կնոջ ունեցվածքը
copy image url

Բնակարաններ, ավտոկայանատեղի, տասնյակ միլիոններով կանխիկ գումար, 37 մլն դրամ եկամուտ․ ՍԴ նախագահի և կնոջ ունեցվածքը

Ներքին 6 ամիս առաջ - 22:00 17-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ ներկայիս նախագահ Արման Դիլանյանի և նրա կնոջ՝ Նաիրա Ալեքսանյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Արման Դիլանյանը ՍԴ-ում երկար տարիների աշխատանքային փորձ ունի, որը ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Նա ՍԴ դատավոր է ընտրվել 2018-ի սեպտեմբերին, իսկ նախագահ 2020-ի հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ նույն թվական ամռանը իմքայլական պատգամավորները պաշտոնանկ արեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։

Որպես անշարժ գույք՝ Դիլանյանն ի սկզաբանե հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը ձեռք է բերել 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ արտադրական շինություն՝ Վաղարշապատում, որը գնել է 2004 թվականի ապրիլի 27-ին։ 2023 թվականը Արման Դիլանյանի համար բարենպաստ տարի է եղել, միևնույն տարում նա մայրաքաղաքում ձեռք է բերել ևս մեկ բնակարան՝ նոյեմբերի 30-ին և ավտոկայանատեղի՝ ապրիլի 20-ին, որոնց երկուսին էլ տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին 4 անշարժ գույքն էլ պահպանվել է։
Շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, ՍԴ նախագահը չի հայտարարագրել։

Հանձնված և վերադարձված փոխառությունները տարեսկզբին կազմել են 4․148․357 դրամ, տարեվերջին՝ 4․553․730 դրամ։ Տարեսկզբին նա ունեցել է նաև 3․200․000 դրամ արժեքով անվանական ավանդ, որը տարեվերջին զրոյացել է։

Դիլանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․451․0850,21 դրամ, 0․14 դոլար, տարեվերջին՝ 3․571․884,76 դրամ, 0․14 դոլար և 411․25 եվրո։ Նա ունեցել է նաև խոշոր կանխիկ գումար․ տարեսկզբին՝ 20 մլն դրամ, 55 հազար դոլար և 30 հազար եվրո, տարեվերջին՝ 25 մլն դրամ, 57 հազար դոլար և 30 հազար եվրո։

Բարձր դատարանի նախագահի տարեկան եկամուտները կազմել են 32․896․875,38 դրամ, որից 26․455․232 դրամը ՍԴ-ից, 504․258 դրամը՝ Սլավոնական համալսարանից ստացած աշխատավարձն է, 653․449 դրամը՝ ՍԴ-ից ստացած այլ եկամուտը, 65․438 դրամը՝ Փաստաբանների ակադեմիա հիմնադրամից քաղիրավական պայմանագրերով ստացված եկամուտը, 761․25 եվրոն՝ Եվրոպայի խորհրդից ստացված միանվագ վճարը, 4․735․179 և 162․148 դրամն էլ՝ համապատասխանաբար ՀՀ Ֆինանսների նախարարությունից և Ինեկոբանկից ստացած այլ եկամուտները։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 37․735․779,8 դրամ։

Դիլանյանն իր եկամուտներից 3 մլն դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ծախսերին, 3․877․000 դրամ՝ ուսման կամ այլ դասընթացների համար վճարումներին, 6․362․761,2 դրամ էլ՝ վարկի մարմանը։

Դատավորի կինը՝ Նաիրա Ալեքսանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ համատեղ սեփականությամբ, ևս 1 բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, բաժնային՝ 1/7 սեփականությամբ, որը ձեռք է բերել 1995 թվականի հոկտեմբերի 26-ին, ինչպես նաև 2023-ին ամուսնու ձեռք բերած բնակարանն ու ավտոկայանատեղին՝ համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, նա նույնպես չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, իսկ որպես կանխիկ դրամ՝ տարեվերջին հայտարարագրել է 10 հազար դրամ։

Հաշվետու տարում Նաիրա Ալեքսանյանի եկամուտները կազմել են 4․373․700 դրամ, որից 10 հազար դոլարը նա նվիրատվություն է ստացել է Ռոմիկ Ալեքսանյանից (ենթադրաբար ազգականն է), 496 հազար դրամը ՎՏԲ բանկից ստացած փոխառությունն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 465․314,3 դրամ։

Ամենից շատ դիտված