Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:30 08-10-2024

Ինչո՞ւ են «Դոմուսն» ու ՓԾ-ն տակառ գլորում ՀԷՑ-ի վրա

Տեխնածին աղետները չեզոքացնելուն ուղղված պայքարում իշխանությունները, կարծես, հետևողական չեն։ Երկու տարի առաջ պայթյուն ու փլուզում էր տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, եղել էին զոհեր, վիրավորներ, խոշորամասշտաբ ավերածություններ, հրդեհ։ Տպավորություն է, թե իշխանությունները դաս չեն քաղում։ Ապացույցը հերթական խոշոր դեպքն է։

Հոկտեմբերի 7-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում։ Գրեթե ամբողջ շենքն ու այնտեղ եղած ապրանքներն ու գույքն այրվել են։ Վնասը գերազանցում է 800 մլն դրամը։

Բնականաբար՝ հրդեհը հանրային քննարկումների առիթ դարձավ, և բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին։ Դրանցից մեկով պատասխանատվությունը բարդվում է ՀԷՑ-ի վրա։

Այս վարկածն առաջ քաշեց «Դոմոսը», որի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ «Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Այդուհանդերձ, «Դոմուս» ՓԲԸ-ի ականատես աշխատակիցների դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, հրդեհն առաջացել է էներգամատակարարման հանգույցից, որը միացված էր ընկերության վարձակալության առարկան չհանդիսացող՝ շենքի տանիքում տեղակայված արևային կայանին, էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում»։ Ընկերությունը միաժամանակ հորդորում է հանրությանը զերծ մնալ տարբեր վարկածներ տարածելուց։

Մինչ այս հայտարարությունը Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն էր լրագրողների հետ ճեպազրույցում ասել, որ, ըստ խանութի աշխատակիցների, հրդեհի նախնական պատճառը հոսանքն է եղել։

Ուշագրավ է, որ բարձրաստիճան պաշտոնյան հղում է անում խանութի աշխատակիցների առաջ քաշած վարկածին։ Իսկ խանութն էլ վերահստատում է այն։ Սա կասկածելի է, քանի որ պատասխանատու պաշտոնյան հայտարարություն անելիս հղվում է ոչ թե ականատեսի վկայության վրա, այլ մասնագիտական հավաստի եզրակացության։ Հետևաբար՝ կասկած է առաջանում, թե ՆԳՆ-ն ու «Դոմուսը» ինչ-որ միտումով փորձում են ամբողջ պատասխանատվությունը բարդել ՀԷՑ-ի վրա։

ՀԷՑ-ի գլխին ամպեր սկսեցին կուտակվել վերջին շրջանում։ Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խնդրին, կարծես՝ նոր էր իմացել էլեկտրամատակարարման խնդիրների, հավելագրումների, հաճախորդների հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին։ Նույնիսկ դրանից հետո ՀԷՑ-ի աշխատանքում փոփոխություններ չեղան, ո՛չ վթարները պակասեցին, ո՛չ պարբերական անջատումները, ենթադրաբար՝ ո՛չ էլ հավելագրումները, որոնց վերաբերյալ մի քանի գործեր են քննվել նախընթաց տարիներին։

Իհարկե՝ ի շարս մյուս վարկածների, էլեկտրական հոսանքի վարկածն, առաջին հայացքից՝ առավել հավաստի է թվում, մանավանդ, որ կա ականատեսի վկայություն։ Սակայն պատասխանատու մոտեցման պարագայում չի կարելի է անտեսել մյուս վարկածները, ներառյալ՝ մարդկային գործոնը, և իհարկե՝ միտումնավորությունը։

Նախընթաց տարիներին շատ էին կեղծ ահաբեկչության մասին ահազանգերը մարդաշատ օբյեկտներում, այդ թվում՝ մեծ խանութներում։ Հետևաբար՝ ՆԳՆ-ն մյուս իրավապահ կառույցների աջակցությամբ պետք է առաջին հերթին քննի ահաբեկչության վարկածը։ Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունները գտնվում են ռուս-ադրբեջանական ինտենսիվ շանտաժի տակ՝ կապված նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարման պահանջի հետ։ Հաշվի առնելով չբարեկամների նենգությունն, ահաբեկչության վարկածն՝ առանց քննության բացառելը ողջամիտ չէ։ Ողջամիտ չէ նաև անառողջ մրցակցության, շորթման, կոռուպցիայի, պառտակման և այլ վարկածներն՝ առանց քննության անտեսելը։ Այս ամենը մի կողմ թողած՝ ՓԾ տնօրենը նախնական վարկած է հանրայնացնում, ինչը ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլև ասեկոսեների ու կասկածների տեղիք է տալիս։

Ինչևէ, «Դոմոսի» հրդեհի պատճառների ուսումնասիրությունը, ինչպես նախորդ դեպքերում, ենթադրաբար՝ ծածկադմփոց կարվի, մանավանդ որ զոհեր չկան։ Այս պահի դրությամբ՝ պարզ է միայն, որ ՓԾ-ն ու «Դոմուսը» ՀԷՑ-ի վրա են գլորում պատասխանատվության տակառը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն իրոք մտադիր է վերավաճառել ՀԷՑ-ն, ինչի մասին ասեկոսեներ են շրջանառվում, ապա իշխանությունները կմեծացնեն ճնշումն այս հիմնարկի նկատմամբ, առավել կտրուկ կդրվի համակարգն արդիականացնելու և հիմնանորոգելու խնդիրը։ Այս մասին կհայտարարվի կառավարության առաջիկա նիստում։ Այնուհետև՝ ՀԷՑ-ը, դժգոհելով, որ այս պահին ներդրումներ անելու համար բավարար միջոցներ չունի, հանդես կգա սակագնի բարձրացման առաջարկով, որից հետո կսկսվեն հանրային ցույցերն, ու ՀԷՑ-ը վերավաճառելու հարցը լեգիտիմ կարգով կմտնի օրակարգ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից