Ներքին 2 տարի առաջ - 12:37 01-10-2024

Կ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ Պատարագ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։

Այս առիթով սեպտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Պատրիարք Հայրը, իր քարոզում անդրադառնալով մարդ-Աստված հարաբերություններին, ի մասնավորի նշեց. «Աստված ցանկանում է տեսնել, թե մարդ ի՞նչ է ընտրելու իրեն տրվածներից։ Աստված ակնկալում է, որ մենք դառնանք դեպի իրեն և ասենք՝ Աստված իմ այս աշխարհը շատ գեղեցիկ է, բայց ես քեզ եմ ընտրում, բոլոր գեղեցկություններից և արժեքներից ավելի, նույնիսկ իմ կյանքից առավել քեզ եմ ընտրում և քեզ եմ սիրում։

…Մենք շուրթերով չենք կարող Աստծուն ընտրել, հետևաբար մեր կարողություններով պետք է ծառայենք Աստծուն, պետք է կարողանաք մեր ունեցածը Աստծուն ընծայել»։

Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մարդ իր կյանքը պիտի ծառայեցնի հանուն Աստծո փառքի՝ դառնալով աստվածային արաչագործության շարունակողը, և իր անձը դարձնի Տիրոջ բնակարան։

Խոսելով Մայր Տաճարի խորհրդի մասին՝ Սահակ Սրբազանն ընդգծեց․ «Հազար յոթ հարյուր տարի շարունակ այս սուրբ վայրում աղոթքից ու պաշտամունքից զատ ուրիշ որևէ բան չի կատարվել, այն միայն Աստծուն է հատկացված եղել, հետևաբար մեր հոգիներն էլ միայն Աստծուն պետք է նվիրվեն։ Այս տաճարի սյուները, պատերը ներծծված են աղոթքով ու Աստծո խոսքով։ Ուրեմն, մեր անձերը պիտի սնվեն այդ աղոթքներով և մենք Աստծո խոսքից կառչած մնանք։ Այդ կերպ կարող ենք լինել Աստծո տաճար։ Այս է սուրբ տաճարի խորհուրդը»։
Կ. Պոլսի Հայոց Պատրիարքն անդրադարձավ նաև Սուրբ Մյուռոնի՝ քրիստոնյա հայի կյանքում ունեցած կարևորությանն ու զորությանը՝ հորդորելով չմկրտվածներին մկրտվել և դրոշմվել Սրբալույս Մյուռոնով:

Քարոզի վերջում Սահակ Սրբազանը մաղթեց, որ Միածնաէջ Մայր Տաճարի բացումն ու Մյուռոնօրհնեքը նոր շնորհներ և բյուր օրհնություններ պարգևեն ու միասնության մեջ պահեն հայ ժովովրդին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին