Քաղաքականությամբ զբաղվելը խիզախություն է պահանջում, գիտելիք, փորձառություն։ Բոլորին է հայտնի, որ այս գործը նաև ռիսկային է, քանի որ քաղաքական գործիչները շինծու իրավական հետապնդումների են ենթարկվում, զրկանքներ կրում։ Շատերին թվում է, թե քաղաքականությամբ զբաղվողը կարող է ցանկացած պահի դուրս գալ և զբաղվել այլ, ոչ պակաս հանրօգուտ, բայց շատ ավելի անվտանգ գործով։ Սակայն պարզվում է, որ Հայաստանում քաղաքականությունից դուրս գալն այնքան էլ դյուրին չէ։
Դիտարկենք Ռոբերտ Քոչարյանի պարագան։ Երկու տարվա քննությունից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման որոշումն ու գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Ըստ Վճռաբեկի պաշտոնական կայքի՝ որոշումը կայացվել է երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հրապարակվել 13-ին։ Ինչու՞ է նորոգվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը։
Շրջանառվող առաջին և հիմնական վարկածն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է գալիք ընտրությունները կազմակերպել 2021-ի սցենարով։ Այդ ժամանակ՝ հիշեցնենք՝ ասում էին, որ եթե Նիկոլին չընտրեք, ապա կգան այս նախկինները, վատագույն մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Վատի ու վատագույնի մանիպուլյացիան աշխատեց և ապահովեց Փաշինյանի վերընտրությունը։ Նույն նարատիվներով ու մանիպուլյացիաներով փորձելու են կազմակերպել նաև գալիք ընտրությունները, որոնց տենդագին նախապատրաստվում են ՔՊ-ականները։
Նկատենք, որ 2021-ի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը չվերցրեց մանդատը։ Սա չընդունված բան է քաղաքականության մեջ։ Աշխարհի ոչ մի նորմալ երկրում ընտրություններում անցած կուսակցության առաջնորդը մանդատից չի հրաժարվում։ Ցուցակի առաջնորդը ոչ միայն վերցնում է մանդատն, այլև ակտիվ կիրառում այն, քանի որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Այսինքն՝ քաղաքական գործիչը պարտավոր է անել այն, ինչն այդ պահին հնարավոր է։ Եթե հնարավոր է վերցնել պատգամավորի մանդատն ու կիրառել այն, ապա նա պարտավոր է վերցնել մանդատն ու աշխատել։ Չվերցնելը նշանակում է, որ նա չի ուզում քաղաքականությամբ զբաղվել։
Այսինքն՝ երբ Ռոբերտ Քոչարյանը 2021-ին չվերցրեց մանդատը, այդպիսով ցույց տվեց, որ ուզում է դուրս գալ քաղաքականությունից, հանգիստ վայելել կյանքը։ Իսկ որոշ ժամանակ անց նույնիսկ հեռախոսային ձայնագրություն տարածվեց, որտեղ Քոչարյանը խնդրում էր Պուտինին թույլ տալ դուրս գալու քաղաքականությունից։ Որպես սրա ապացույց՝ նախընթաց շրջանում ՀՀ-ում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններին Ռոբերտ Քոչարյանը ակտիվ չի արձագանքել, չի մասնակցել հանրահավաքներին, նույնիսկ քննադատական հոդվածներ չի հրապարակել։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող Մոսկվան հաշվի չեն առնում Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն ու նրան կրկին ներքաշում են խաղի մեջ։
Որպես այս վարկածի հավելյալ ապացույց՝ մի քանի օր առաջ ՔՊ փոխնախագահը ԱԺ ամբիոնից անսպասելի անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ տարիներ առաջ արած մի հայտարարությանը, միացրեց ձայնագրությունը և իր բաժին մի քանի րոպեն նվիրեց նրան քննադատելուն։ Այս քայլը զարմանք առաջարացրեց հանրության շրջանում։ Սակայն Վճռաբեկի որոշումից հետո պարզվեց, որ արդեն որոշել են Ռոբերտ Քոչարյանին կրկին ներքաշել քաղաքականություն մեջ։ Ենթադրելի է, որ առաջիկայում Քոչարյանի մասին ակնարկ կհնչի նաև Մոսկվայից, բոլորին հիշեցնելով, որ Քոչարյանը Պուտինի ընկերն է։
Այսպես՝ մի կողմից՝ ՔՊ-ն, մյուս կողմից՝ Մոսկվան Քոչարյանին կրկին խաղի մեջ են ներքաշում։ Եվ որպեսզի նա հնարավորություն չունենա հանրության ուշադրությունից խուսափելու, ինչպես անում էր նախընթաց շրջանում, նրա դեմ կրկին վերաբացվում է քրեական գործ, ինչի շնորհիվ Քոչարյանի անունը կրկին հայտնվելու է մամուլի առաջին էջերում։ Այսինքն՝ զոռով հանելու են նրան տանից ու ստիպելու են ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։
Եթե, իրոք, Քոչարյանի նկատմամբ հետախնդումը թարմացվել է ընտրություններում նրան ներգրավելու նպատակով, ապա նրան առաջիկայում կկալանավորեն, իսկ ընտրություններից մի քանի ամիս առաջ բաց կթողնեն։ Նրա շուրջ կրկին կմիավորվի մեծ թիմ, որը հանդես կգա Կրեմլի հետ հարաբերությունները խորացնելու, մասնավորապես՝ ռուսների ուզած միջանցքը տալու օգտին։ Եվ եթե կրկին նրանք անցնեն խորհրդարան, ապա Քոչարյանը կրկին չի վերցնի մանդատը։ Այսինքն՝ կլինի իշխանության և ընդդիմության մաքուր վերարտադրություն։ Քոչարյանի համար սա իրական տանջանք է, Սիզիփոսի չարչարանքի պես մի բան։
Կարճ ասած՝ եթե քաղաքական համայնքում կան ուժեր, որոնք ուզում են ոչ ռուսամետ, այլ ողջամիտ ծրագրերով հայտնվել խորհրդարանում և դեմ են ուժերի այս դասավորությանը, որը հայ ժողովրդին պարտադրում են ՔՊ-ն ու Մոսկվան, ապա պետք է ջանք գործադրեն Ռոբերտ Քոչարյանին օգնելու, նրան քաղաքականությունից դուրս բերելու, Սիզիփոսի չարչարանքներից ազատելու ուղղությամբ։ Ո՞վ կօգնի Քոչարյանին դուրս գալու խաղից ու կխափանի Կրեմլի և նրա գործակալ ՔՊ-ի հակահայ պլանը։
Թաթուլ Մկրտչյան