Թեպետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ Հայաստանում հանցագործությունների և հատակապես ծանր հանցագործությունների դեպքերը կտրուկ աճել են, այնուամենայնիվ վերջինս իր գլխավորած կաբինետի երեկվա նիստի ընթացքում ծավալուն անդրադարձ կատարեց խնդրին, վերջում էլ համոզմունք հայտնեց՝ չափազանցված են այն լուրերը, թե Հայաստանում հանցավոր վակխանալիա է։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նշեց, որ հանցավորության ցուցանիշն աճել է՝ պարեկային ծառայության ներդրումից հետո, օրինակ՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզում՝ 60-70 դեպքով։ Նրա խոսքով՝ դրանք հիմնականում թմրանյութեր, սառը զենքեր պահելու գործեր են։
Բացի այդ, Քյարամյանը նշեց, որ սխալ է այն մեթոդաբանությունը, որ վերլուծությունները իրականացվում են հարուցված քրեական վարույթներով, մինչդեռ, պետք է վերլուծություն անել՝ հաշվի առնելով հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճված գործերը։ Ինչ վերաբերում է ծանր հանցագործության դեպքերի աճին, ապա Քյարամյանը պայմանավորեց դա խարդախության դեպքերով վարույթների աճով, քանի որ դրանցով այժմ քրեական վարույթներ են նախաձեռնվում, հետագայում պարզվում է, որ քաղաքացիաիրավական հարաբերություններում են, մինչդեռ, նախկինում դա քննարկվում էր նյութերի նախապատրաստման փուլում։
Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան
Արսեն Բաբայանը նշեց, որ անձամբ չունի վերլուծության տվյալներ՝ հանցագործությունների դեպքերն աճե՞լ են, թե՞ ոչ, սակայն հրապարակված պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործության դեպքերն աճել են․
«Ամեն դեպքում եթե կա հացագործությունների աճ՝ կլինի դա բացահայտման, վարույթների նախաձեռնման, թե այլ մեթոդով, ուրեմն կա աճ։ Հիմա իշխանությունը կարող է մեկնաբանել, որ այդ աճը պայմանավորված է բացահայտումների քանակով, այսինքն՝ իրենք սկսել են ավելի լավ աշխատել, դրա համար էլ հանցագործությունների բացահայտումներն ավելացել են։ Սրան երևի թե կարելի էր համաձայնել, սակայն մի տարբերությամբ․ երբ հանցագործությունների թիվը նվազում է, այդ ժամանակ այլ կերպ են դա մեկնաբանում, ասում են նվազել է, որովհետև լավ են պայքարում դրա դեմ։ Այսինքն՝ երբ իրենց ոնց հարմար է, այդպես են ներկայացնում, իսկ թվերի վերաբերյալ ինքս կոնկրետ վերլուծություն չունեմ»։
Oragir.News-ի հարցին, թե պետությունն ինչ քայլեր պետք է ձեռնարկի՝ հանցագործությունների թիվն իսկապես նվազեցնելու համար՝ Արսեն Բաբայանը պատասխանեց, որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ օբյեկտիվ քննչական մարմիններ և դատախազություն, ինչպես նաև արդար դատարան։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում այս 3 կառույցները տապալված են, հետևաբար՝ հանցագործությունների թիվը աճելու է։
Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի այն պնդմանը, որ ծանր հանցագործությունների թվի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ այժմ դրանցով քրեական վարույթներ են նախաձեռնվում, հետագայում պարզվում է, որ քաղաքացիաիրավական հարաբերություններում են, սակայն նախկինում դա քննարկվում էր նյութերի նախապատրաստման փուլում՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ հրապարակված վիճակագրական տվյալների վերլուծությունները կատարում են քննչական մարմիններն ու դատախազությունը։
«Եթե իրենք գիտեն այդ սխալը, ապա թող դա չանեն, այնպիսի տվյալներ ներկայացնեն, որ որոնցում վերջնական արդյունքներով ամփոփված կլինի նաև իրենց նշած հանգամանքը։ Ո՞վ է վարույթ նախաձեռնելու քանակը հաշվել, իրենք են տալիս այդ տվյալները, թող այնպիսի ամբողջական տվյալներ տան, որ եթե իրենք ճիշտ են, այդ ճիշտը թվերով ու տվյալներով հաստատվի։ Ես չեմ բացառում, որ դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց, եկեք նայենք մեր շուրջբոլորը․ այսքան սպանություն, կրակոցներ, թմրանյութեր ու այս ամենը, որոնք մենք ամեն օր տեսնում ու լսում ենք, սենց բան երբեք չի եղել։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հայաստանում հանցագործությունների թվի աճ կա։ Հիմա էլ կարող են ասել, որ հանցագործությունների աճը պայմանավորված է այն հանգամանքով, որովհետև հիմա դրանք ավելի շատ են լուսաբանվում։ Այսինքն՝ եթե իշխանությունն ուզում է իրեն արդարացնել, ապա միշտ էլ կարելի է պատճառներ գտնել»,- շեշտում է նա։
Արսեն Բաբայանից նաև հետաքրքրվեցինք, թե իր պրակտիկայում հանցագործությունների դեպքերն աճե՞լ են, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նա նշեց, որ միայն իր օրինակով առաջնորդվելը ճիշտ չի լինի, որովհետև պատճառները կարող են տարբեր լինել։ «Այստեղ վստահության խնդիրը կա, մարդիկ կարող են քեզ ավելի շատ ճանաչել ու դիմել։ Իմ մոտ գործերը շատանում են, բայց դա պայմանավորել հանցագործությունների թվի աճով, տեղին չի լինի»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան