Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:09 13-09-2024

Փաշինյանը կգնա՞ Նյու-Յորք և ինչպե՞ս կօգտագործի ՄԱԿ-ի ամբիոնը    

Երեկ սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Ենթադրվում է, որ քննարկվել է Փաշինյանի հնարավոր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, ինչպես նաև՝ այդ շրջանակում հնարավոր երկկողմ ու եռակողմ հանդիպումների օրակարգը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը համաշխարհային, քաղաքական ամենամեծ ու ներկայացուցչական միջոցառումն է։ Դրա ամբիոնը՝ ամենածանրակշիռը, որտեղից հնչող խոսքն ուղղվում է ամբողջ աշխարհին, երբեմն ունենում կարևոր նշանակություն, մնում պատմության մեջ։ Այս մեծ միջոցառման շրջանակում տեղի են ունենում բարձր մակարդակով կարևոր, երբեմն բեկումնային հանդիպումներ, քանի որ դրան մասնակցում են երկրների ղեկավարները։ Եվ քանի դեռ ԱՄՆ-ն միակ գերտերությունն է աշխարհում, այն անցկացվում է Նյու Յորքում։

Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանն արդեն բացվել է և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 26-ը։ Մեր քաղաքական հանրությանը, սակայն, կարծես՝ չի հետաքրքրում թե Հայաստանից ով է մասնակցում դրան, ինչ է ասելու ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ի ամբիոնից, ինչ կարևոր հանդիպումներ են նախատեսվում դրա շրջանակում։ Այնինչ՝ այդ հարթակում հնարավոր է առաջ մղել կարևոր և կենսական նշանակության բազմաթիվ հարցեր։

Առաջին հերթին խաղաղության հարցն է։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը անվերջ խմբագրվում է, բայց չի ստորագրվում։ Բաքուն իր պայմաններն է թելադրում, իսկ Փաշինյանն առաջարկում է ստորագրել այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է։ Ակնհայտ է, որ այսպիսի տրամադրությամբ չի կարող ստորագրվել լուրջ փաստաթուղթ, որը կարտացոլի Հայաստանի ազգային շահերը։ Հետևաբար՝ անհրաժեշտ է հեղինակավոր միջնորդ, որը պայմանագրի և խաղաղության երաշխավոր կլինի։ Այդպիսի միջնորդ կարող է դառնալ ԱՄՆ-ն, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը լավագույն հարթակն է նման պայմանավորվածություն ձեռք բերելու, կամ գոնե այդ մասին բարձրաձայն արտահայտվելու համար։

Երկրորդ կարևոր խնդիրը ազգային անվտագությունն է, Հայաստանի դիմակայությունը կանխատեսվող ագրեսիային։ Վերջին շրջանում Ադրբեջանն ու Մոսկվան կրկին խոսում են նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասին, բացում միջանցքի թեման, սպառնում։ Այստեղ էլ ակնհայտ է, որ միայն ԱՄՆ-ն կարող է զսպել ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիան։ Եթե 2020-ից մինչև հիմա ռուս-ադրբեջանական զավթիչները չեն փորձել զավթել Սյունիքի մի հատվածը, դա առաջին հերթին ԱՄՆ-ի գործուն ներգրավվածության շնորհիվ է։ Հետևաբար՝ ՀՀ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին ցույց կտա, որ ԱՄՆ-ն իզուր չէ, որ կանգնում է ՀՀ ինքնիշխանության պաշտպանության դիրքում։ Իսկ ՀՀ ներկայացուցիչը բարձր ամբիոնից կարող է հավաստիացնել, որ ՀՀ-ն չի սպասարկում ռուսական հետաքրքրություններ, ձգտում է անկախության, հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, զարգացնում է հարաբերությունները Արևմուտքի հետ։

Եվ երրորդ կարևոր խնդիրը վերաբերում է ապրիլի 5-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։ Դրանցից անցել է մոտ 6 ամիս։ Եվ կարող են որոշակի գնահատական տալ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ գործընկերության նոր ձևաչափին, արդյունքներին և ակնկալիքներին, հաշվետվություն ներկայացնեն միջազգային հանրությանը, թե ինչ ունեն այդ եռակողմ գործակցության արդյուքնում։

Այս թեմաները, ցավոք չեն դառնում ՀՀ հանրային քննարկման առարկա։ Փոխարենը՝ մարդիկ աշխուժորեն քննարկում են ռուսական, ավելի ճիշտ՝ թաթարական ինչ-որ փոքր քաղաքում ինչ-որ ԲՐԻԿՍ-ի համաժողովին Հայաստանի մասնակցության թեման։

Պարզ ասած՝ ՀՀ խնդիրները միջազգային բարձր ամբիոնից ներկայացնելու, ՀՀ դարդն ու ցավը աշխարհին պատմելու, բանակցային առաջընթաց արձանագրելու լավ առիթ է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանը։ Եթե Փաշինյանը չմասնակցի, ապա էապես կխորանա կասկածը, որ չնայած թույլ ակնարկներին, ՀՀ-ն մնում է ռուսական սապոգի տակ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից