Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների ծնողները
Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են դպրոցում առկա մի շարք խնդիրների մասին։
«Երեխաները սեպտեմբերի 5-ի դրությամբ չունեն դասացուցակ, իսկ մեր դասարանի երեխաները՝ դասասենյակ, քանի որ դպրոցի նորանշանակ ֆինանսական համակարգողը ուզել է կաբինետ ունենալ հենց տնօրենի աշխատասենյակի կողքին և քարտուղարուհու սենյակից քանդել է սեյսմիկ խնդիր ունեցող դպրոցի շենքի հիմնական պատը ու դուռ է բացել դեպի մեր երեխաների դասասենյակ, և այն դարձրել իրեն կաբինետ։
Իսկ մեր 9-րդ դասարանի աշակերտներին, բառիս բուն իմաստով՝ թողել է դրսում։ Երեխաները ստիպված են ամեն դասի տարբեր դասարան վազել՝ փնտրելով ազատ դասասենյակ։
Մենք մոտեցանք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ղազարյանին, բայց նա կարծես թե չի գիտակցում՝ որտեղ է աշխատում և մեզ հետ զրուցեց հարևանական զրույցի մակարդակով՝ կատակել է, հեգնելով մեր բարձրացրած խնդիրը։ Ի դեպ, դպրոցը ձեռքից գնում է՝ Նելլի Ղազարյանի պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում դպրոցից հեռացել է մոտ 10 ուսուցիչ, այդ թվում՝ մեր դասղեկը:
Տնօրենը ևս չի հերքում անառողջ մթնոլորտի մասին, բայց իրեն միևնույն է։ Իսկ Մուսայելյան Տաթևիկի համար ասացին, թե փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի մտերիմն է, բանկում միասին են աշխատել և պատգամավորի հարս է, որն էլ թույլ տվեց նրան քանդել դպրոցի պատը։
Մենք այս ամենի մասին գրել ենք պատկան մարմիններին։ Այնպես են անում, որ նորից բունտ հասունանա։ Նորից դասադուլ կանենք․․․»,- բողոքեցին ծնողնեը։
Oragir.News-ը նշված խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ղազարյանի հետ։
«Այո, դպրոցում նշանակվել է վարչատնտեսական մասի նոր համակրագող,քանի որ դպրոցը անցել է կառավարման նոր համակարգի, բաժանվում են՝ ուսումնական մասի տնօրեն և վարչատնտեսական մասի համակարգող։ Օգոստոսի 6-ին վարչատնտեսական համակարգողի նշանակմամբ պայմանավորված վարչատնտեսական մասի համակարգողին տրվել է աշխատասենյակ, որը գտնվում է տնօրենի աշխատասենյակի հարևանությամբ, որպեսզի կարողնանաք համագործակցային աշխատանք ունենանք ի շահ դպրոցի։
Այդ սենյակը նախկինում եղել է դասասենյակ, բայց հաշվի առնելով աշակերտների գերակա շահը, աշակերտների համար 1-ին հարկում առանձնացվել է դասասենյակ, այն ապահովված է գույքով, աշակերտները այդ դասասենյակում են սեպտեմբերի 3-ից, չեմ ասում 2-ից, որովհետև սեպտեմբերի 2-ը դպրոցական առաջին օրն էր, տոնական միջոցառում կար։ Դպրոցում դասացուցակը ամսի 2-ից կա, բոլոր աշակերտներն ունեն դասացուցակ․․․»,- ասաց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Անդրադառնալով ծնողների բողոքին, Նելլի Ղազարյանն ասաց, որ նման բան իրոք եղել է, բայց սեպտեմբերի 3-ին ծնողների հետ հանդիպում է եղել, որն անցել է ջերմ մթնոլորտում։ Ինչ վերաբերում է դպրոցից 10 ուսուցիչ ազատելու մասին տեղեկությանը, տնօրենն ասաց, որ ոչ թե 10, այլ 6 ուսուցիչ է ազատվելա շխատանքից, այն էլ՝ սեփական դիմումի համաձայն, այդ թվում՝ 9-րդ դասարանի դասղեկը, որը Հրազդանում է ապրում և երկար ճանապարհի պատճառով է դիմում գրել և դուրս եկել։
«Բացարձակ ոչ մի ուսուցչի հետ ես կոնֆլիկտ չեմ ունեցել, որովհետև այս 6 ուսուցիչներն էլ հրաշալի մանկավարժներ են, դպրցում իրենց կարևոր տեղն ու դերը ունեցող հարգանքի արժանի ուսուցիչներ են»,- եզրափակեց Նելլի Ղազարյանը։
Oragir.News-ը զրուցեց նաև դպրոցի վարչատնտեսական համակարգող Տաթևիկ Մուսալեյանի հետ։
Նախ հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղաքապետարանից թույլտվություն եղե՞լ է, որ դպրոցի հիմնական պատը քանդել և դուռ են բացել նոր աշխատասենյակի համար։
«Դա հիմնական պատ չի դա, պեմզաբլոկով է շարած։ Դպրոցի կողմից շարված պատի վրա դուռ է բացվել, հիմնական պատ չի։ Հատակագծով այդ պատն ընդհանրապես գոյություն չի ունեցել, դրա համար կարիք չկա դիմել քաղաքապետարան և թույլտվություն ստանալ»,- ասաց Մուսաելյանը։
Ինչ վերաբերում է ծնողների բարձրացրած թեմային, որ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն իր մտերիմն է և դա է հիմք հանդիսացել դպրոցում պաշտոնի անցնելու համար, Տաթևիկ Մուսաելյանն այսպես արձագանքեց․
«Նման բան գոյություն չունի։ Ես նշանակվել եմ իմ գիտելիքների ստուգամն արդյունքում, երբ մասնակցել եմ մրցույթի։ Լևոն Հովհաննիսյանի հետ ուղղակի բանկում ենք աշխատել, դրանից հետո ոչ մի առնչություն չենք ունեցել, ոչ մի մտերմություն մեր մեջ չկա։ Խոսքը 2012-2013 թվականների մասին է, դրանից հետո ոչ մի առնչություն չենք ունեցել»։
Աշակերտների ծնողները նաև հայտնեցին, որ առաջիկայում բողոքի ակցիաներ կիրականացնեն։