Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:37 10-09-2024

Հուշարձան-շենքի վրա Խաչատուր Սուքիասյանի հոր հարթաքանդակն ապօրինի է

Երևանի սրտում՝ Արամի փողոցում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի պատին, տեղադրված է հուշաքար՝ նվիրված շենքի սեփականատիրոջ՝ գործարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հորը։ Ի դեպ՝ շենքը համարվում է պատմամշակութային արժեք։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց՝ կա՞ ավագանու որոշում կամ թույլտվություն պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վրա հուշաքար տեղադրելու համար։

Կոստանյանի խոսքով՝ քանի որ ավագանու ինստիտուտը սկսել է գործել 2009թ․-ից, մինչ այդ նման ցուցանակների տեղադրումը ավագանու որոշմամբ չի եղել։ Այդ պատճառով այս պահին Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչությունում որևիցե փաստաթուղթ չկա։

«Այդ շենքը կառուցվել է ավելի վաղ ժամանակում, և այդ հուշաքարը տեղադրվել է ավելի վաղ, բայց չի բացառվում, որ այն թվականներին, երբ որ վարչական շրջանների տիրույթում որոշվելիք հարց էր, գուցե իրենց մոտ արխիվային փաստաթղթերում որոշակի փաստաթուղթ լինի դրա վերաբերյալ։ Կփորձեմ ճշտել»,- ասաց նա։

Հարցին՝ Երևանի քաղաքապետարանը չունի գործառո՞ւյթ նախկինում տեղադրված հուշաքարերի ապամոնտաժման հարցում, Կոստանյանը պատասխանեց․

«Այդ մասով ես մեր համապատասխան վարչությունից կփորձեմ հասկանալ՝ դրա իրավական լուծումը այսպես ասած որն է, որովհետև նախկինում տեղադրվածների մասով մենք որպես այդպիսին, եթե չեմ սխալվում, գործառույթ չունենք, բայց եթե հիմա որևէ մեկը ցանկանա որևէ իքս շենքի վրա տեղադրել՝ կլինի դա պատմամշակութային, ոչ պատմամշակութային, թեկուզ իր սեփական շենքը լինի, առանց համապատասխան ավագանու որոշման չի կարող դա իրականացնել»,- նշեց մամուլի քարտուղարը։

Ստացվում է՝ Երևանի կենտրոնում տեղադրված է իշխանական պատգամավորի հորը նվիրված հուշաքար, սակայն բավական չէ այն, որ քաղաքապետարանում չկա թույլտվության փաստաթուղթ, քաղաքային իշխանությունը նույնիսկ հարկ չի համարում պարզել, ապօրինի՞ է այդ հուշաքարը և անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել։

Սակայն հստակ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Երևանի քաղաքապետարանը բավարարվում է ոչ բավարար արդարացմամբ․ հուշաքարը տեղադրվել է մինչև 2009 թ․-ը։

Oragir.News-ը գործարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանից հետաքրքրվեց Խաչատուր Սուքիասյանն ունի՞ որևէ որոշում կամ թուլտվություն՝ շենքի պատին հոր հուշաքարը տեղադրելու համար։

«Այդ շենքն ինքն է կառուցել։ Այդտեղ ընդանրապես շենք չի եղել, այնտեղ եղել է քանդված աղբավայր ու զուգարան։ Ես չգիտեմ կա թույլտվություն, թե ոչ։ Կփորձեմ ճշտել»,- ասաց նա։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը ոչ ուղղակի հաստատեց, որ շենքի պատին Ալբերտ Սուքիասյանի հուշաքարն ապօրինի է տեղադրված։

Հիշեցնենք՝ դեռևս 1870-1880 թվականներին ներկայիս Արամի փողոց 3 հասցեում կառուցվել է մեկհարկանի տուֆակերտ շինություն։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։ Հետո` Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, գրախանութը կանխամտածված վերածվել է աղբանոցի, որտեղ բեռնատարներով թափվում էր քաղաքային աղբը։ ՀՀ նախագահ, այն ժամանակ Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։

Նշենք նաև, որ անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։