Ներքին 1 տարի առաջ - 10:02 02-09-2024

Արցախի բռնազավթումը և հայաթափումը Ադրբեջանի կողմից նաև մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է․ «Հայաքվե»

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Սեպտեբերի 2-ի առիթով, որտեղ ասվում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

33 տարի առաջ այս օրը իր հայրենիքում արժանապատիվ ապրելու համար պայքարող Արցախի ժողովրդի ընտրյալ պատգամավորները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Արցախի ժողովրդի ազատության պայքարի վերջնանպատակը եղել և մնում է վերամիավորումը Մայր հայրենիքի հետ․ ԼՂՀ անկախության հռչակագրում տեղ է գտել հայ ժողովրդի միասնության ձգտումը՝ որպես տրամաբանական շարունակություն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ի և Արցախի վերամիավորման մասին համատեղ պատմական որոշման։

Արցախի ազատության ու Մայր հայրենիքին միանալու գաղափարը դրվել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրա-իրավական հիմքերում։ Հայ ժողովրդի համար անկախ պետականություն ունենալու նպատակներից մեկն էլ եղել է նշված գաղափարի կենսագործումը, ինչն իր արտացոլումն է գտել ՀՀ Անկախության հռչակագրում։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է ի պաշտպանություն այդ կենսական գաղափարի։

Ուստի մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը Արցախի ազատության, հայ ժողովրդի միասնության հիմնարար գաղափարին, խստորեն դատապարտում ենք ՀՀ գործող վարչախմբի՝ Արցախից հրաժարվելու և այն ՀՀ ինքնիշխանությանը հակադրելու ստահոդ քաղաքականությունը և, ի լուր աշխարհի, հայտարարում ենք․

• Արցախը մեր հայրենիքն է, այն պետք է լինի հայկական, և մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Արցախի վերահայացման համար,

• Արցախի կազմակերպված հանձնումն Ադրբեջանին մեծագույն հանցանք է հայ ժողովրդի դեմ, այն պետք է իրավաքաղաքական պատշաճ գնահատական ստանա Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխությունից հետո,

• Արցախի բռնազավթումը և հայաթափումը Ադրբեջանի կողմից նաև մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որը պետք է միջազգային քաղաքական և քրեաիրավական գնահատական ստանա,

• Արցախի վերադարձը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից մեկը, այն պետք է ուղեկցվի արցախցիների վերադարձով և իրենց հայրենիքում վերաբնակեցմամբ, ինչը հնարավոր է արցախցիների համայնքները և հավաքական ինքնությունը պահպանելու դեպքում։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը