copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:01 02-09-2024

Արցախից բռնի տեղահանվածն ի՞նչ է ուզում 

Արցախի հարցը փակված չէ։ Արցախի անկախության օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների, այդ թվում Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքի հիմնական ուղերձն այս է լինելու։ Իշխանությունները հակառակը՝ փորձում են համոզել հանրությանը, որ ոչ միայն Արցախի ազատագրման հարցն է փակված, այլև արցախցիների վերադարձի հարցն իրատեսական չէ։ Այս մասին օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսում վերստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Եթե ՔՊ-ականն իրատեսական չի համարում արցախցիների վերադարձն, ապա այդ ուղղությամբ, բնականաբար, քայլեր չեն ձեռնարկելու։ Հետևաբար՝ Արցախի հարցն առաջ տանելու, արցախահայերի վերադարձն ապահովելու առաջին անհրաժեշտ պայմանը նոր իշխանության ձևավորումն է։

Շատերի կարծիքով՝ իշխանության հասնելու համար ոչ թե ծրագիր, այլ սիրված առաջնորդ ու փող է պետք։ Իրականում՝ ծրագիր կազմելու համար քաղաքական մտածողություն է պահանջվում, որը քաղաքական համայնքի մեծ մասում բացակայում է։ Գործիչների մի մասը նույնիսկ քաղաքական տրամաբանություն չունի կամ հիմար է ձևանում։ Քիչ չեն նաև ռուսական գործակալները, որոնց ոչ ծրագիր է պետք, ոչ էլ խարիզմատիկ առաջնորդ, այլ Մոսկվայի աջակցությունը։ Նրանք թյուրիմացաբար կարծում են, որ Մոսկվան կհաղթի ուկրաինական պատերազմում ու կվերականգնի ՀՀ-ում իշխանություն նշանակելու իր երբեմնի իրավունքը։

Պետք է իրատեսորեն հասկանալ, որ առաջիկայում Մոսկվան չի կարող ՀՀ-ում իշխանություն ձևավորել։ Հետևաբար՝ եթե Արցախի հարցի ջատագովներն ուզում են մեծ հաջողություն ունենալ և իշխանության հասնել, ապա ռուսամետ դիրքերից պիտի հանդես չգան։ Առաջիկա տարիներին ռուսամետ ծրագիր, դիրքորոշում ներկայացնող ուժերն օբյեկտիվորեն չեն կարող հաղթել ընտրություններում։ Այս առումով՝ եթե ՔՊ-ականներն ու նրանց ռուս գործընկերները կարողանան ընտրողների ուշադրությունը սևեռել ռուսամետ գործիչների վրա, ապա Փաշինյանը կհաղթի գալիք ընտրություններում, ինչպես հաղթեց 2021-ին, երբ ժողովրդի մի մասը նրան դավաճան էր համարում։

Սրանից զատ՝ հարկ է նկատել, որ արցախցիների վերադարձի, իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի ջատագովներ կան ԵՄ-ում, ի դեմս՝ Ֆրանսիայի։ Ենթադրելի է, որ ԱՄՆ-ն էլ կսատարի Արցախի ազատագրման պայքարը, երբ ՀՀ իշխանությունը քաղաքակրթական ընտրություն կատարի և լրիվ դուրս գա ռուսական ազդեցության գոտուց։ 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի մեծ մասը հասկացավ Արցախի հարցի աշխարհաքաղաքան նշանակությունը։ Արցախի հայաթափումից հետո էլ շատերի համար պարզ դարձավ, որ Արցախի հարցում Մոսկվան հայ ժողովրդի դաշնակիցը չի։

Այսինքն՝ Արցախի ազատագրման հարցը սերտորեն կապված է արևմտյան ինտեգրման հետ։ Շաբաթներ առաջ այդպիսի հույս նորոգեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, նշելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո քննարկվելու է Արցախի հարցը, մասնավորապես՝ արցախցիների վերադարձի հարցը։ Այսինքն՝ եթե նոյեմբերի վերջին ստորագրվի այդ պայմանագիրն, ապա հնարավոր է՝ դրանից հետո Արցախի թեման օրակարգ գա ԵՄ միջնորդությամբ։

Եվ ամենակարևորն, իհարկե՝ արցախահայերի դիրքորոշումն է Արցախի հարցում։ Նրանց առաջնորդների ամենօրյա խնդիրն է աշխարհի համար հասկանալի խոսույթ ու պատմույթ զարգացնելը, որ ամերիկացու, ֆրանսիացու, ռուսի, թուրքի, բոլորի և յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե Արցախից բռնի տեղահանվածն ի՞նչ է ուզում։ Քանի դեռ այս կարևոր հարցի պատասխանը քաղաքական միանշանակ ձևակերպում չունի, Արցախի էջը բաց պահելու մասին խոսույթը հանրային, միջազգային լայն արձագանք չի գտնելու։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
20:39 Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
15:35 Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
22:47 Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք Արցախից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com
22:33 Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
18:29 Բալասանյան ընտանիքը վաճառել է Գյումրիի բիզնեսները. այսօրվա ձերբակալության հետքերով
19:45 «Ջրաշխարհի Խաչիկը» «Դոմուս»-ի հրդեհի պատճառն է փնտրում
17:35 Արթուր Չախոյանին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով ձերբակալեցին
22:30 Համբարյան, Խաչատրյան, Սիմիդյան. ո՞վ կնշանակվի արդարադատության նախարար
18:00 Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել. նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր