Ուղիղ եթեր
ՄԻՊ-ն ամփոփում է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները. դիմելիությունն էապես աճել է
copy image url

ՄԻՊ-ն ամփոփում է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները. դիմելիությունն էապես աճել է

Ներքին 9 ամիս առաջ - 17:59 29-08-2024
2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը:

«Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:

Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և այլ հարցերին:

Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանը աջակցել է խորհրդատվության միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

· բողոքների քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն,

· արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, զինկոմիսարիատների, ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ,

· համակարգային բնույթ ունեցող հարցերի և Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկների իրացման վերաբերյալ առանձին քննարկում է տեղի ունեցել ՊՆ և ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արդյունքում՝


· կրկնակի կամ ստուգիչ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր,

· զորակոչիկները կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը,

· ստացել են իրենց առողջական վիճակին վերաբերելի բժշկական փաստաթղթերը,

· զորակոչիկներին տրվել են տարկետումներ կամ առողջական վիճակի պատճառով նրանք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և այլն:

Հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է: Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ հանրային վստահությունը կարևոր խթան է ինչպես մինչև զինվորական ծառայության անցնելը, այնպես էլ ծառայության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների գործուն մեխանիզմները կատարելագործելու տեսանկյունից:

Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և կարևորում է ՊՆ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Իրավաբանական վարչության, բժշկական հանձնաժողովների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում են բազմաթիվ խնդիրներ»,-գրված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից