Գովազդի վերջը. սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագիրը սառեցվել է
copy image url

Գովազդի վերջը. սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագիրը սառեցվել է

Ներքին 7 ամիս առաջ - 20:12 27-08-2024
ՀՀ կառավարությունը դադարեցրել է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը, որի շրջանակներում տրամադրում էր մինչև 16 մլն դրամ։

Ըստ ծրագրի՝ պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու էր մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը՝ 13% տոկոսադրույքով։

Oragir.News-ը պարզաբանման համար կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրում եղել է դադար, քանի որ լրացել է նախապես հայտարարված 2000 հայտը։

«Ծրագրի համար սահմանված էր 2000 ընտանիքի հնարավորություն, ովքեր կարող են դիմել և օգտվել աջակցության ծրագրից, որից հետո, ինչպես որ նախապես տեղեկացրել էինք, ծրագրում դադար է արդյունավետությունը գնահատելու համար։

Նախարարության պաշտոնական կայքէջում և՛ ընթացիկ ներկայացրել ենք այդ պահի դիմումների հաստատված վարկավորման գործընթացի մանրամասները, և՛ ներկայացրել ենք, որ 2000 թվին հասել ենք, ու դադար է ծրագրում»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ ինչպես են գնահատում այս պահին ծրագրի արդյունավետությունը, Մանուչարյանը նկատեց․ «Չեմ կարող ասել, որովհետև ժամանակ է պետք ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս ծրագրի շրջանակներում համագործակցել է «Ակբա» բանկի, «Ամերիա» բանկի, «Էվոկաբանկի», «Կոնվերս» բանկի, «Յունիբանկի», «Ֆաստ» բանկի և «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նշված բանկերի հետ, սակայն «Ակբա» բանկը, «Ամերիա» բանկը, «Ֆաստ» բանկն ու «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մեր զանգերին չպատասխանեցին։

Իսկ «Յունիբանկի», «Էվոկաբանկի» ու «Կոնվերս» բանկի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ այս պահին ծրագիրը դադարեցվել է, քանի որ ծրագրի համար նախատեսված գումարի սահմանաչափը սպառվել է։

«Այս պահին դադարեցված է, չենք տրամադրում վարկը։ Այն գումարը, որը մեզ տրամադրել էր ծրագիրը այդ վարկերը տրամադրելու համար, սպառվել է, այլևս չունենք լիմիտ»,- նշեց «Էվոկաբանկի» աշխատակիցը։

«Այս պահի դրությամբ պետության կողմից չի սուբսիդավորվում։ Ներկա պահին տվյալ նախագծով վարկեր չենք տրամադրում։ Հետագայում կրկին կհամագործակցենք, թե ոչ՝ չեմ կարող ասել։

Այս ծրագիրը սուբսիդավորվում էր պետության կողմից, բյուջե կա, սահմանաչափ կա, որը տրվում է բանկին, որպեսզի մենք կարողանանք այդ վարկերը տրամադրենք։ Լիմիտով է պայմանավորված, որ վարկը այս պահին չի տրամադրվում»,- ասաց «Յունիբանկի» աշխատակիցը։

«Այս պահին սառեցված է գործընթացը»,- նշեց «Կոնվերս» բանկի աշխատակիցը։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը չեն կարողանում կամ չեն ուզում լիարժեք կյանքի կոչել և հավուր պատշաճի ավարտին հասցնել։

Փաստացի՝ կառավարությունն այս անգամ ևս հաշվարկներում սխալվել է։ Հատվածական այս վերաբերմունքի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել ծրագրից։