copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:20 22-08-2024

Հովիվների պակասը գլոբալ հարց չէ․ ՀՀ-ում ավելի լուրջ գյուղատնտեսական խնդիրներ կան․ Հրաչ Բերբերյան

Այսօր՝ օգոստոսի 22-ին, տեղի ունեցած Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ փաշինյանը դժգոհել է, որ Հայաստանում ոչխարաբուծությունը չի զարգանում։ Նրա համոզմամբ՝ դրա պատճառն այն է, որ գյուղերում չկան բավարար թվով հովիվներ, և մարդիկ չեն կարողանում հովիվներ գտնել, որոնք կարածեցնեն իրենց հոտը։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղատնտես Հրաչ Բերբերյանը նշեց, թե ինչու է Հայաստանում հովիվների թիվը քիչ, ինչպես նաև դժգոհեց երկրում Գյուղատնտեսության նախարարության բացակայությունից։

«Նախկինում գյուղերում կային որոշ մարդիկ, ովքեր հավաքում էին անասնագլխաքանակը, տանում էին, արածեցնում էին, բերում էին և հովվին ամեն գլուխ ոչխարի համար վճարում էին։

Կարելի է կուրսեր կազմակերպել, բուհ ավարտել պետք չի դրա համար՝ հասկանալու համար, թե գյուղն ունի՞ հովվի կարիք, թե՞ ոչ։

Մենք էլ մեր միավորման բազայում ունենք մասնագետներ, որոնց միջոցով կարող ենք սովորեցնել՝ հոտը որ կողմ քշեն, անասնաբույժի հետ ինչպես աշխատեն ու նմանատիպ բազմաթիվ հարցեր կան։ Օրինակ՝ եզդիներն օգտագործում են քոչվոր վիճակ, բարձրանում են Արագած, այնտեղ արոտները լավն են՝ ոչխարներին արածեցնելու համար։

Դրա համար տարբեր մոտեցումներ կան․ դա ինչ-որ մի գլոբալ հարց չի, որ նստենք հիմա էլ մտածենք, որ գյուղերում հովիվներ չկան։ Կախված է, թե ինչքան են վճարում հովվին, որովհետև հիմնականում հոտերը մասնավոր են․ եթե լավ վճարեն՝ հովիվները կամաց-կամաց կհայտնվեն։ Ճիշտ է իրավաբանական ձևակերպում է պետք, բայց լավ կլինի, որ նորաթուխ հովիվները ինչ-որ 1 ամսով կուրսեր անցնեն՝ Հայաստանի ազգային գյուղացիական միավորումում, մի հատ դաս կտանք, խելքի կբերենք, թե փայտն ինչպես բռնեն, ինչ շոր կողքները լինի, շատ հեշտ է աշխատանքը։

Ակամայից հիշեցի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, մեր հովվի կյանքը դա է՝ լվանա, կովեր կթի և այլն։ Դա էլ է բիզնես, պարոն Փաշինյանը երևի մտածում է դա մի յուրահատուկ բան է, բայց ոչ, դա սովորական բիզնես է․ ով լավ կվճարի, այսինքն՝ դրա համար պրոֆեսիոնալ ինչ-որ բաներ պետք չեն, եթե մեզ վստահեն, մենք էլ կարող ենք այդ կուրսերն իրականացնել։ Մարզպետարանները թող թեկնածու առաջարկեն, մենք 10-20 օրում սարքենք չոբան, գցենք սարերը, ինչ է եղել որ»,- ասաց նա։

Գյուղատնտեսի համոզմամբ՝ գյուղատնտեսության մեջ առկա է ավելի լուրջ խնդիր՝ գյուղատնտեսական արտադրանքի քանակը, գինը, որակը․

«Գյուղերում այս տարի լոլիկ չկա, այ դրա մասին է պետք մտածել, որ 300-400 դրամ է՝ դա այն դեպքում, երբ այս սեզոնին Հայաստանում 50 դրամ էր լինում լոլիկը։ Կարտոֆիլը Հայաստանում պակասել է, ճիշտ է մենք ենք զբաղվում հիմնականում կարտոֆիլագործությամբ, բայց անցյալ տարի 150 հազար տոննա մնաց պահեստներում, էս տարի էլ ֆերմերները քիչ են ծախում, նորմալ է դա, 150 հազար տոննա քի՞չ էր, որ այս կառավարությունը փրկեր դա, թեկուզ օղի թորեին, որպես սերմնացու օգտագործեին»։

Oragir.News-ի հարցին, թե այս խնդիրները կապվա՞ծ են այն բանի հետ, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես հետո լուծարեց գյուղատնտեսության նախարարը՝ Բերբերյանը դրական պատասխանեց և նկատեց․

«Անպայման, անպայման ես այսօր ցավակցում եմ Էկոնոմիկայի նախարարությանը, որ ինքն այդ բեռը վերցրել է իր վրա։ Հմուտ կադրեր են պետք, պետք է մի բնագավառ, որը վարչապետին իրական իրավիճակը կզեկուցի։ Գյուղապետների մոտ գրված եղջերավոր անասունների քանակը չի համապատասխանում իրականությանը, մարզպետները ստիպում են, որ ավել գլխաքանակ ցույց տան, որ պարոն Փաշինյանի մոտ երևա, որ աշխատում են, բայց նույն պուտինյան աշխատելաոճն է գործում Հայաստանում։ Մենք այդպես էլ չտարանք գյուղատնտեսությունը բարեփոխումների, այսինքն՝ արտադրողին չընդունեցինք որպես գործընկեր, չինովնիկին ընդունեցինք, գյուղապետին ընդունեցինք։ Նրանք ի՞նչ կապ ունեն գյուղատնտեսության հետ, որ թվեր են հաղորդում վիճակագրական վարչությանը։

Հատկապես հիմա խոշորացված համայնքների պարագայում գյուղապետ կա, որ չգիտի իր գյուղում քանի եղջերավոր անասուն կա, այդ համարակալումն էլ շատ լավ գիտենք ոնց են անում, կամ արել։ Մենք այսպես, թե այնպես կգնանք մեր մասնագիտությամբ (նկատի ունի իրեն և գյուղատնտես մյուս գործընկերներին-խմբ․), այսինքն՝ հաշվի ենք առնելու մեր ներքին շուկային ինչ կարող ենք ապահովել։ Օրինակ՝ կարտոֆիլի դեպքում մենք ինքնաբավ ենք և կարող ենք արտահանել էլ, բայց ցորենը մենք միշտ պետք է դրսից ձեռք բերենք։

Դեղձի գներին նայեք, կոպեկներ են դարձել, որովհետև արտահանում չկա, վերամշակումն էլ՝ էշի ականջում քնած է, ոչ մի գործարան կարգին չի աշխատում, մի 2 հոգի զիզի-բիզի չիր են պատրաստում։ Շատ հետաքրքիր է՝ դրանով գյուղատնտեսության հա՞րց եք լուծում։ 1000 անգամ ասել ենք, որ մեր ջերմոցները մրցունակ չեն, խոսքը ջերմոցային բանջարեղենի մասին է՝ օրինակ՝ թուրքական, ադրբեջանական լոլիկի դեմ»։

Հրաչ Բերբերյանը նաև կառավարությանը խորհուրդ տվեց այս տարի մոռանալ գյուղատնտեսության մասին, քանի որ այս տարին կարելի է ձախողված, և զբաղվել հաջորդ տարվա ծրագրերով, իհարկե՝ գյուղատնտեսության նախարարությունը վերաբացելուց հետո։ Ըստ նրա՝ այս տարվա մասին մտածելու համար արդեն բավականին ուշ է։

Ամենից շատ դիտված

09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում
13:50 Տատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում է պատգամավորի օգնական է
12:30 Սևակ Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ
08:38 Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. Ժողովուրդ
12:08 «ՀայաՔվե»-ն ներկայացնում է Վաղարշապատի ընտրախախտումների ամփոփ զեկույցը. ՈւՂԻՂ