Ուղիղ եթեր
ՊՆ-ն ինչ-որ մեկի փոխարեն ուզում է իմ երեխային բանակ տանի․ հիվանդ տղայի մայրն ահազանգում է
copy image url

ՊՆ-ն ինչ-որ մեկի փոխարեն ուզում է իմ երեխային բանակ տանի․ հիվանդ տղայի մայրն ահազանգում է

Ներքին 9 ամիս առաջ - 14:50 12-08-2024
Oragir.News ահազանգած Վայոց ձորի մարզի բնակիչ Սյուզաննա Մուրադյանը պնդում է՝ ունի ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության տրամադրած փաստաթուղթը, որի համաձայն իր տղան՝ 19-ամյա Այծատուր Մարգարյանը ոչ պիտանի է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսանելու համար և զինվորական ծառայությունում պիտանելիության աստիճանը ժամանակավորապես ոչ պիտանի է, սակայն հիմա զինկոմիսարիատից որդուն բանակ զորակոչելու ծանուցագիր են ուղարկում։



«Հիմա իրենք այս թուղթը չեղարկում են, չգիտեմ ինչի հիման վրա են չեղարկում։ Երեխայիս նորից տարել են հիվանդանոց ստուգելու՝ բերել են նորից պավեսկա են տալիս։ Իրենք, եթե ասում են՝ երեխան չի կարա գնա Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտ, ինչպե՞ս կարող է գնալ ծառայության, եթե երեխան ազատված է բանակից։ Մենք տարանք Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտ թղթերը ներկայացնելու, այնտեղ մեզ ասեցին «տղա ջան, դու անգամ ազատված եք բանակից, ինչպե՞ս եք ուզում սովորել մեզ մոտ»,-ասաց տիկին Սյուզաննան։




Նրա խոսքով՝ զանգել է կառավարության թեժ գիծ, որտեղ մերժել են օգնել՝ասելով, որ տիկին Սյուզաննան կապ հաստատի ՊՆ-ի թեժ գծի հետ՝ իր հարցերի պատասխանները ստանալու համար։

«Ես զանգահարել եմ ՊՆ ընդունելության համար, ինձ ասում են մենք կետ ունենք, որ սրտի թեթև առիթմիայով կարող են գնալ բանակ։ Ասում եմ՝ ես հասկանում եմ ձեր էդ կետը, բայց ինքը ազատված է։ Իրենք ասում են, ո՞նց կարող եք այդ թուղթը ունենալ․ավելացնում են մենք ձեզ կզանգահարենք ու չեն զանգում։ Որտեղ դիմում եմ էս վարչության թուղթը տեսնում են իրենք իմ գործին ընթացք չեն տալիս։ Ես չեմ հասկանում իրենք վարչությունից են վախենու՞մ, թե՞ էս թղթից են վախենում։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Ոչ մեկ ինձ չի ընդունում»,-նշեց նա։

Ըստ Սյուզաննա Մուրադյանի՝ իր որդին 3 տարի սովորել է «Տիգրան Մեծ» վարժարանում, ապրել է զինվորական կյանքով, երբ եկել է Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտ ընդունվելու ժամանակը՝ խնդիրներ են առաջացել։

«Ուրբաթ օրը ես գնացել եմ Եղեգնաձորի դատախազություն, դիմում ընդունողը թղթերը տեսավ, զարմացավ։ Ինձնից դիմում չեն վերցնում, ասում են՝ գնացեք զինկոմիսարիատի հետ ձեր հարցերը պարզեք։ Գնացել ենք զինկոմիսարիատ տեղում չէր իրենց կոչեցյալ Գրիգորյանը,ես չգիտեմ ինքը ով ա,անունը չգիտեմ , ինքն ա էդ հարցերով զբաղվողը, չի ընդունում մեզ, չի գալիս գործի, իր աշխատակիցները գալիս են, բա մենք ձեզ պավեսկա ենք տալիս։ Ես ասում եմ՝ ազատված ա իմ երեխան, իրենք ասում են՝ մենք դա չեղարկում ենք, դե որ չեղարկում են, թող Վազգեն Սարգսյան չընդունվելն էլ չեղարկեն, իմ երեխան գնա ռազմական ինստիտուտում սովորի։ Իրենք ասում են երեխան ունի սրտի առիթմիա, ես հիվանդանոցում բժիշկների հետ խոսում եմ, ասում են՝ ամեն ինչ նորմալ ա, իսկ թղթերը գալիս ա սրտի առիթմիա»,-մանրամասնեց նա, հավելելով՝ կասկածում է, որ բժշկական էպիկրիզները սխալ են։

«Ընթացքում երբ զոնդը անցկացրին սիրտը նկարեցին, ասեցին ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ ա , տարիքային անցում ա , թեթևակի առիթմիա է՝ մյուս տարի երեխան ուր ուզի կգնա։ Իրենց ասած խոսքերը, բայց իրենք չեն հաստատում , այլ բան են գրում էպիկրիզի մեջ՝ 30-35 տոկոս առիթմիա։ Իրենք երեխային մի անգամ տարել են զբոռնի։ Հուլիսի 12-ին պավեսկան տվել են և էդ ամեն ինչը եկել է զբոռնիից։ Իմ երեխան իրանց հիվանդանոցում՝ Մուրացանում պառկած բուժվել է հուլիսի 3-ից, իրենք 12-ին պավեսկան հաստատել տարել են և դուրս են գրել հուլիսի 17-ին և եզրակացությունը ինձ տվել են 18-ին։ Այսինքն ոչ մի թիվը, իրենց ոչ մի ասածը մեկը մյուսի հետ չի համընկնում։ Ես ունեմ բոլոր փաստաթղթերը իմ ձեռքի տակ»,-պատմեց Սյուզաննա Մուրադյանը։

Մեզ հետ զրույցում տիկին Սյուզաննան անդրադարձավ ՊՆ աղմկահարույց նախաձեռնությանը։ Խոսքը, մասնավորապես Պաշտպանության նախարարության առաջարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ զինվորական ծառայությունից ազատվելու մասին է։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմից առաջ նմանօրինակ մի նախաձեռնություն էր ներկայացրել նաև իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, ինչպես կարող են առողջ տղաները գումար վճարել և ազատվել զինվորական ծառայությունից և նրանց փոխարեն առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվեն բանակ։
«Էդ հավաքին մնացել է 3 օր, իրենք ուզում են իմ երեխային տնից հանեն ինչ-որ մեկի փոխարեն ուղարկեն ծառայության։ Մեր զինկոմիսարիատի աշխատելակերպը սա է։

Երեխային ազատեցին Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտ գնալուց, երևի գումար են վերցրել ինչ-որ մեկին են տարել, ես այդպես եմ հասկանում և հիմա ինչ-որ մեկի փոխարեն երեխային ուզում են տանել ծառայության։ Արդեն պարզ ա բոլորի համար, դա շոու ա, թե էս թատրոնի տակից ոնց են դուրս գալու ես չեմ հասկանում։ Ես բողոքելու եմ․ կդատվեն 4 հիվանդանոցի բժիշկներ, վարչությունը կդատվի, թե զբոռնին, դա ինձ չի հետաքրքրում՝ ես մինչև վերջ գնալու եմ։ Եթե իմ երեխան ի վիճակի է բանակ գնալու, ծառայելու, էդ թուղթը ինչի են տվել, եթե իրանք չեն սարքել։ Եթե իմ երեխան երկու տեղից էլ ազատված է, ոնց են իրենք պավեսկա տրամադրում, որ երեխային տանեն զինվորական ծառայության։ Հիմա ինչի են իմ երեխայի գլխին սարքում։

Իրենք հիմա նորից պավեսկա են ուղարկում, ես չեմ թողնելու իմ երեխան վերցնի։ Ես անպայման գնալու եմ Երևան, եթե չընդունեն ինձ, կնստեմ ինչ-որ տեղ ու կներկայացնեմ ամբողջը։ Ես մինչև վերջ պայքարելու եմ»,-եզրափակեց Սյուզաննա Մուրադյանը։