«Հայաստանի պատմությունը» բուհում չեն անցնելու. նիկոլական  նախաձեռնությունն ունենալու է 0 արդյունք 
copy image url

«Հայաստանի պատմությունը» բուհում չեն անցնելու. նիկոլական  նախաձեռնությունն ունենալու է 0 արդյունք 

Միտք Ներքին 8 ամիս առաջ - 09:40 29-07-2024
ՔՊ-ական իշխանության նախաձեռնությունները անկախության պաշտպանության ուղղությամբ մակերեսային են, ձևական, կիսատ-պռատ։ Օրինակ՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» առարկայով փոխարինելու նախաձեռնությունը ոչ միայն անորոշ է, այլև հատվածական, հետևաբար՝ ունենալու է զրո արդյունք։

Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» առարկայով փոխարինելու մասին, որտեղ շեշտը պետք է դրվեր անկախության գաղափարի վրա։ Հունիսի վերջին ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ էր դրել Կառավարության 2010թ. ապրիլի 8-ի որոշման մեջ փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն էր առաջացրել հասարակության շրջանում։ Իսկ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ էր հանդես եկել այս փոփոխություններին։

Կառավարության հուլիսի 11-ի նիստում այս աղմկահարույց որոշումն ընդունվեց, որով սահմանվեց, որ «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն դպրոցներում կդասավանդվի «Հայաստանի պատմությունը»։ Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության ռազմավարության և քաղաքականության շրջանակում ընկած են ինքնիշխանությունն ու պետականությունը: «Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է»,- հայտարարեց նա։

Իրականում՝ կառավարության այս որոշումը կիսատ է, քանի որ ՀՀ-ում կրթությունը կազմակերպվում է ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում, որտեղ ուսանողներն ավելի հիմնավոր են ուսումնասիրում գիտակարգերը։ Կառավարության որոշումը վերաբերում է միայն հանրակրթական դպրոցներին։ Բուհերում նույն փոփոխությունը չկա։ Բուհերում շարունակելու են անցնել «Հայոց պատմություն», «Հայաստանի պատմություն» չեն անցնելու։ Բուհական ծրագրերում փոփոխության մասին որոշում չկա։ Դրանից զատ՝ ԵՊՀ-ում և մի շարք բուհերում հիմնվել են հայագիտության ամբիոններ, որտեղ «Հայոց պատմություն» առարկան պարտադիր է։ Միջբուհական համագործակցության շրջանակներում հայագիտական բաժիններ են բացվել նաև մի շարք օտարկերկրյա բուհերում, որտեղ նույնպես պարտադիր ուսումնասիրում են ոչ թե «Հայաստանի պատմություն» առարկան, այլ «Հայոց պատմությունը»։

Ստացվում է, որ աշակերտը մի քանի տարի դպրոցում «Հայաստանի պատմություն» առարկան անցնելուց հետո, ընդունվում է բուհ, որտեղ ավելի խորացված ու հիմնավոր անցնում է «Հայոց պատմություն»։ Միանշանակ է, որ բուհերում ավելի լուրջ են ուսումնասիրում գիտակարգերը։ Հետևաբար՝ ուսանողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ճիշտը և լուրջը «Հայոց պատմություն» առարկան է, իսկ «Հայաստանի պատմությունը» պատանեկան շրջանի համար է, մակերեսային գիտելիք։

Եթե նիկոլական այս փոփոխությունը նպատակ ունի ձևավորելու մարդու աշխարհայացքը անկախության գաղափարի շուրջ, ապա այդ աշխարհայացքը փշրվելու է բուհում սովորելու ժամանակ, քանի որ այնտեղ ուսանողն անցնելու է «Հայոց պատմություն»։ Հետևաբար՝ Փաշինյանի այս նախաձեռնությունն ունենալու է զրո արդյունք։ Վատագույն դեպքում մարդու մոտ կառաջանա անձի երկվություն, մարդը կխճճվի իր պատկերացումներում և ձեռք կբերի հոգեբանական խնդիր։

Ինչո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը այսպիսի հատվածական, փնթի և անհետևողական, կիսատ-պռատ մոտեցում ցուցաբերում անկախության պաշտպանության համար պայքարում այս կարևոր հարցի վերաբերյալ։ Կա երկու վարկած։

Առաջինը՝ Փաշինյանը բուհական կրթությունից հեռու մարդ է։ Նա հավանաբար, չգիտի, որ բուհերում էլ են պատմություն անցնում։ Իսկ ենթակաները նրան չեն հուշում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը լուրջ չեն ընդունում։ Համարում են, որ նա հերթական պոպոլիստական հայտարարությունն է անում, և վաղը կարող է ասել հակառակ բան։ Այս է պատճառը, որ ԿԳՄՍՆ-ն և մասնավորապես՝ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն բուհական ծրագրերում գիտակարգի անվան փոփոխություն չեն նախաձեռնել։

Երկրորդ վարկածով ՝ ենթադրելի է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն է դեմ գնացել և խոչընդոտել բուհերում «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» անվանափոխելուն, քանի որ «հայոց» բառը կա նաև իր ազգանվան մեջ։ Եվ ասում են, թե նա վախեցել է, որ եթե բոլոր տեղերում «հայոց» բառը փոխարինվի «Հայաստանի»-ով, ապա հերթը կարող է հասնել իրեն, և Նիկոլ Փաշինյանը կարող է պահանջել թիմակցից փոխել ազգանունը։

Թաթուլ Մկրտչյան