ԵՄ երկրները կարող են «անժամկետ» սառեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները՝ Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու համար։ Ըստ Bloomberg-ի՝ դա բխում է Եվրահանձնաժողովի փաստաթղթից:
Մեկ այլ տարբերակ, որը մշակվել է Բրյուսելում, ենթադրում է սահմանափակումների երկարացում 18, 24 կամ 36 ամսով։ Ըստ Financial Times-ի՝ ռուսական ակտիվների վերաբերյալ անելիքների մասին որոշումը կընդունեն ԵՄ 27 երկրների դեսպանները հուլիսի 24-ին։
Ներկայում ԵՄ պատժամիջոցները թարմացվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ անհանգստություն առաջացնելով Միացյալ Նահանգներում, քանի որ արևմտյան երկրները ձգտում են Կիևին տրամադրել 50 միլիարդ դոլարի վարկ, որը պետք է ծածկվի ռուսական ակտիվներից ապագա շահույթով:
Մասնավորապես, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ԵՄ-ն այլևս չի երկարաձգի պատժամիջոցների ռեժիմը, ինչը կվտանգի իր պարտավորությունները, և ցանկանում է ավելի ամուր երաշխիքներ, որ միջոցները կսառեցվեն մինչև վարկի մարումը կամ մինչև Ռուսաստանը չհամաձայնի փոխհատուցել Կիևին հասցված վնասը:
FT-ի եվրոպացի պաշտոնյաների զրուցակիցները պնդում են, որ ԱՄՆ-ին կբավարարվի միայն ակտիվների անժամկետ սառեցման տարբերակով։ «Դժվար է, բայց դա միակ ճանապարհն է, որը վստահություն է տալիս և իրագործելի է»,- պարզաբանել է պաշտոնյաներից մեկը։
Ընդ որում, ցանկացած որոշում հաստատելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների միաձայն դիրքորոշումը։ Սակայն Հունգարիան ավելի վաղ հայտարարել էր, որ այս հարցը պետք է քննարկվի եվրոպացի առաջնորդների մակարդակով։
Արևմտյան երկրները նույնպես քննարկում են Ուկրաինային վարկի գումարը բաժանելու հարցը։ Աշխատանքային տարբերակներից մեկը ենթադրում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կներդրեն 20-ական միլիարդ դոլար, իսկ մնացած 10 միլիարդ դոլարը կներդնեն Կանադան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան, ըստ հաշվարկների, Ռուսաստանի սառեցված ակտիվներից շահույթը տարեկան կկազմի մինչև 3-5 միլիարդ դոլար։