Ներքին 2 տարի առաջ - 12:28 05-07-2024

Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները. ՍԴ նախագահ

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության ընդունման օրվա առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։

Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:

Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա