copy image url
Ներքին 2 օր առաջ - 19:53 01-07-2024

Մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին:

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ծրագրի բացման արարողությանը, որին հաջորդել է հարցուպատասխանը:

Ըստ նախարարի՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված ծրագրերից է, որն իրականացվում է տարիներ շարունակ. «Սփյուռքի տարբեր կրթօջախների ուսուցիչների համար սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում քննարկելու տարբեր երկրների մանկավարժների համար կարևոր խնդիրներ: Դրանք չափազանց յուրահատուկ են, որովհետև խոսում ենք սփյուռքում մեր երեխաների կրթության մասին, որը թույլ է տալիս ամրապնդել և զարգացնել նրանց հայերենի, հայկական մշակույթի, պատմության իմացությունը: Վստահաբար, այդ գիտելիքն ապահովում է սփյուռքի կենսունակությունը և պետության հետ հեռանկարային կապերի զարգացման հնարավորություն է տալիս»:

Նախարարի դիտարկմամբ՝ համավարակի տարիներին ունեցած փորձառությունը, չնայած դժվարություններին, ավելի բարձր մասնակցայնություն է ապահովել, ինչը թույլ է տալիս վերապատրաստումների հիբրիդային ձևաչափերի կիրառության մասին մտածել: Նախարարը կարևորել է թվային գործիքների կիրառումը թե՛ վերապատրաստման, թե՛ նոր հմտություններ ձեռք բերելու, թե՛ անհրաժեշտ գործիքակազմերից օգտվելու առումով՝ կոչ անելով ակտիվորեն օգտագործել թվային հարթակները, որոնք կօգնեն ուսումնառության համար անհրաժեշտ նյութերի ապահովմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող ընդհանուր քաղաքականությանը սփյուռքի համար: Նա հատկապես ընդգծել է սփյուռքի կրթօջախների աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որից կարող են օգտվել նաև սփյուռքահայ ուսուցիչները՝ ներկայացնելով համապատասխան ծրագիր. «Որպես սփյուռքում ձեր դպրոցների ներկայացուցիչներ՝ դուք կարող եք բազմաթիվ գաղափարներ ունենալ այս ծրագրի շրջանակում, որոնց իրականացման գործում նախարարությունը կաջակցի ձեզ: Կոչ եմ անում ակտիվ լինել և ապահովել բարձր մասնակցայնություն»:

Նա կարևորել է բոլոր ծրագրերի միջև կենսունակ կապերի ապահովումը և տեղեկացրել, որ օգոստոսին նախատեսվում է համահայկական կրթական խորհրդաժողովը, որը ևս յուրահատուկ հարթակ է՝ խնդիրներից խոսելու, նոր գաղափարներ առաջ քաշելու, փորձի փոխանակման տեսանկյունից: Նախարարն առանձնակի շեշտել է հայագիտական կենտրոնների ծրագիրը և նշել՝ ակտիվ քաղաքականություն է իրականացվում արտերկրում հայագիտության համար բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով:

«Սփյուռքի կրթօջախներն էլ յուրահատուկ հայագիտական ցանցեր են»,- ասել է նախարարը և նշել, որ հայերենի մասին հետաքրքրությունը աճում է նաև ոչ հայերի շրջանում, և նրանք ցանկություն են ունենում հայերեն սովորելու:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նրանք իրականացնում են հայրենանվեր ու կարևոր աշխատանք. «Ձեզնից յուրաքանչյուրի պատմությունը լսելով՝ մենք աննկարագրելի հույզեր ենք ունենում՝ ևս մեկ անգամ շնորհակալության զգացումով համակվելով ձեր կատարած աշխատանքի հանդեպ: Դուք իրապես Հայաստանի դեսպաններն եք արտերկրում, և մենք միասին կարող ենք շատ կարևոր աշխատանքներ կատարել»:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ողջունել է ուսուցիչներին՝ նշելով, որ արդեն 13-րդ անգամ Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնն է իրականացնելու ծրագիրը: Ընտրվել են լավագույն պրոֆեսորադասախոսական կազմը, հրավիրյալ մասնագետներ սփյուռքից և այլ ուսումնական հաստատություններից:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց դպրոցների խնդիրները, կարիքները, առաջարկներն ու մտահոգությունները:

Նրանք տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝ մասնավորապես անդրադառնալով սփյուռքում տարբեր ուսուցման ծրագրեր ունենալու, ուսումնական նյութերով, դասագրքերով ապահովելու, ինչպես նաև առցանց ռեսուրսների համալրման խնդիրներին:

Մասնավորապես՝ Ռուսաստանում դասավանդող ուսուցիչներից մեկն առաջարկել է օտար լեզուներով հայոց պատմության, մշակույթի, գրականության վերաբերյալ աուդիո գրքեր ստեղծել՝ դրանք հասանելի դարձնելով սփյուռքի կրթօջախներին: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ համավարակի շրջանում թվային գործիքներ են ստեղծվել, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. նախարարությունը խթանում է դրանց համակարգված գործածումը: Կարևորվել է նաև վերապատրաստումներն ըստ մակարդակների և շարունակաբար իրականացնելու հանգամանքը:

Վերապատրաստման դասընթացներն իրականցվելու են մինչև հուլիսի 26-ը՝ հետևյալ 7 ծրագրով.

1. ուսուցում մանկապարտեզում,
2. ուսուցում մեկօրյա դպրոցում,
3. տարրական ուսուցում,
4. հայոց լեզվի և գրականության դասավանդում,
5. հայոց պատմություն և մշակույթի պատմություն,
6. պարարվեստ,
7. տնօրենների վերապատրաստում:

Մասնակիցների համար դասընթացներին զուգահեռ նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային այլ ծրագրեր: Դասընթացները բարեհաջող ավարտած ուսուցիչները նախարարության կողմից կստանան վկայագրեր: