Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 օր առաջ - 09:00 24-06-2024

Փաշինյանը հակապետական գաղափարախոսություն է նետում ասպարեզ

ՔՊ 4-րդ քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պարզ և աներկբա ներկայացրեց, այսպես կոչված՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, երբ ժողովուրդն ասում ա մեզ և բոլորին։ Ասում ա՝ լսեք. Չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»։ Եվ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին և մեզ որպես իշխող, կառավարող մեծամասնությանը հետևյալն է. Կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասել է Փաշինյանը հունիսի 22-ին ՔՊ ժողովում։

Այստեղ մի քանի շերտով ակնհայտ է պոպուլիստական մանիպուլյացիան։ Փաշինյանի հիշատակած ընդհանուր բարեկեցությունը սոցիալական նպատակ է հումանիստական երկրներում։ Երբ մարդը հռչակվեց արժեք, ապա համընդհանուր բարեկեցությունը դարձավ սոցիալական նպատակ։ Համընդհանուր բարեկեցությունը պահպանողական գաղափարախոսություններում առաջնային խնդիրների շարքում երրորդն է։ Ազատական գաղափարախոսություններում ընդհանուր բարեկեցությունը առաջնային խնդիրների շարքում չէ։ ՔՊ-ն նախքան հեղափոխությունը հանդես էր գալիս որպես ազատական ուժ։ Թավշյա հեղափոխության շրջանում նա մերժեց իզմերն ու ընտրեց պոպուլիստական մանիպուլյացիայի գործելաոճը։ Նույնը շարունակում է այսօր։ Փաշինյանի հունիսի 22-ի ելույթը դրա ապացույցն է։

Եթե նկատի ունենանք ՔՊ իշխանության օրոք ժողովրդի և պետության կրած կորուստները, ապա մտավախություն կա, որ Փաշինյանը ժողովրդին պատրաստում է նոր կորուստների և պարտությունների։ Արդեն սկսում է մխիթարել, որ չնայած՝ կորուստների, հայ մարդը շարունակելու է ապրել, քանի որ հայրենիք, իրավունք չէր ուզում, այլ ուզում էր պարզապես ապրել։ Եվ դա համարվելու է ձեռքբերում, ժողովրդի ցանկության իրականացում։ Այսկերպ կարող են արդարացնել նաև Արցախի ողբերգությունը։ Եթե կարևոր է պարզապես ապրելը, ապա Արցախի բնակչության բռնի տեղահանումը ոչ թե ողբերգություն է, այլ հաղթանակ, քանի որ մարդիկ չզոհվեցին, չմաքառեցին, այլ ապրեցին, պարզապես ապրեցին։

Նկատենք, որ գաղափարախոսությունները հիմնվում են արժեքների վրա, որոնց հիմքով սահմանվում են նպատակներ, որոնց հասնելու համար կազմվում և իրականացվում են քաղաքական ծրագրեր։ Այս դեպքում արժեքներ չկան։ Միակ գերակայություն համարվում է պարզապես ապրելը։ Այն ավելի անորոշ է ու աննպատակ, քան գոյատևելը, քանի որ գոյատևելն, ինչ-որ բանի սպասում ունի։ Գոյատևելու գերակայություն ունի գաղութային բնակչությունը։ Նրա խնդիրն է ողջ մնալը, մինչև դուրս կգա ժայռի մեջ մտած թագավորը, կհայտնվի մեսիան, կծնվի հերոսը, և ժողովուրդը կրկին ազատ կլինի։ Նույնպես ռազմագերու գերխնդիրն է ողջ մնալը, մինչև փրկագին կվճարվի, կամ իր երկիրը ռևանշի կգնա ու կազատի գերուն։

Գոյատևելը հակադրվում է ազատության, անկախության, արժեքների համար պայքարին։ Իսկ պարզապես ապրելը պասիվ գոյատևումն է, նույնիսկ հույս չի պարունակում։ Փաշինյանն, այսպիսով, ըստ էության՝ մերժում է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժեքների համար պայքարն ու նախընտրությունը տալիս պարզապես ապրելուն։ Ապրելու գաղափարախոսությամբ մարդը հիմարություն, անմտություն է համարում ազատության, անկախության համար պայքարը, ժողովրդի ազատության համար կռվում զոհվածին համարում է էշ նահատակ։ Պարզապես ապրելու գերակայության մասին է Ռուբեն Հախվերդյանի՝ «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը...» հայտնի երգը։

Այս առումով՝ Փաշինյանի գաղափարախոսությունը հակապետական է։ Եթե Հայկ Նահապետը Նիկոլ Փաշինիյանի նման մտածեր ու ընտրեր պարզապես ապրելու գաղափարախոսությունը, ապա իր ընտանիքի, հարազատների հետ հանգիստ կապրեր, չէր ապստամբի, կհպատակվեր Բելին, չէր պայքարի ազատության, անկախության համար։ Եթե Հայկն այդպես վարվեր, ապա հայ ժողովուրդ չէր լինի, Հայաստան չէր լինի, Նիկոլ Փաշինյանն էլ չէր լինի։ Դիտարկենք նաև իրական օրինակ։ Եթե զինվորն առաջնորդվի Փաշինյանի առաջարկած պարզապես ապրելու գաղափարով, ապա թշնամու գրոհի ժամանակ չի կռվի, կհանձնվի ու կապրի։

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ պարզապես ապրելու խոսույթն արդեն կար հանրության մեջ։ Այն զարգացնում են ռուս-թուրք-ադրբեջանական գործակալները, որոնք ամեն ինչ անում են, որ հայ ժողովուրդը հաշտվի պարտության և կորուստների հետ, չմտածի ռևանշի մասին, չառաջնորդվի ազգային արժեքներով, չպաշտպանի ազգային շահերն ու իրավունքները, մերժի առաքինությունը, բարոյականությունը, ճշմարտությունը, մտածի պարզապես ապրելու մասին և չդիմադրի, եթե վաղը Փաշինյանը նոր զիջումների գնա չբարեկամների պահանջով։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

17:35 Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին
17:00 Հնարավոր է՝ Երևանում վաճառվող դառնահամ սմբուկն ադրբեջանական լինի․ գյուղատնտես
19:45 Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ
23:10 Ո՞վ է հովանավորում խուլիգանական գրոհներն Oragir.News-ի լրագրող Անի Ներկարարյանի ընտանիքի դեմ
22:34 Mercedes-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկը՝ անչափահաս, հոսպիտալացվել են․ shamshyan.com
15:00 Փաշինյա՛ն, արի՛ Վարդենուտ, տես՝ մեզ ինչ օրն եք գցել. գյուղացիները կրկին ճանապարհ կփակեն
22:02 Երևանում զբոսաշրջիկները մոտեցել են «Գրիլ.ամ» սննդի կետի աշխատակիցներին, հարձակվել նրանցից մեկի վրա․ shamshyan.com
09:00 Ժողովրդական նոր ընդվզում է կանխատեսվում Հայաստանում 
17:00 Ինչու Իրանն ուշացած և ի միջի այլոց արձագանքեց ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչմանը. իրանագետի կարծիքը
08:15 Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը առերեսվել են․ Հրապարակ