Oragir.News-ը պարբերաբար անդրադառնում է ՔՊ-ական պաշտոնյաների խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերին։
Այս անգամ բազմաթիվ ահազանգերը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գործունեության մասին է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը զբաղված է ՔՊ-ականների մերձավորներին դպրոցների տնօրեն կարգելով։ Այդ ամենը իրականացվում է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հովանու ներքո։
Oragir.News-ը ներկայացնում է, թե Շիրակի մարզի և Գյումրիի դպրոցների տնօրենների պաշտոններն ինչպես և ում են փոխանցվել։
Գյումրոիի թիվ 9 դպրոցի այժմյան տնօրեն Ջուլյա Մովսիսյանը նախկին տնօրենի եղբոր աղջիկն է:
Գյումրու թիվ 4 դպրոցի նախկին տնօրենն իր քրոջ տղային՝ Ալիկ Այվազյանին է «փոխանցել» պաշտոնը:
Կռվով Գյումրու թիվ 25 դպրոցի տնօրեն է կարգվել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրը՝ Իրինա Բաղդասարյանը:
Գյումրու թիվ 43 դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի տղան է՝ Արմեն Վարդանյանը: Նրան այժմ տեղավորել են Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
Փաստ է, որ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի հրամանով՝ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի այժմյան ընտրության հավակնորդ բոլոր մյուս թեկնածուների՝ մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդների հետ հանդիպումները ձախողվել են հենց Արմեն Վարդանյանին Գյումրիի թիվ 32 դպրոցի տնօրեն դարձնելու նպատակով։
Գյումրիի թիվ 11 դպրոցի տնօրենի պաշտոնին է նշանակվել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության ներկայիս պետի սանամերը՝ Արմինե Գրիգորյանը:
Գյումրիի թիվ 15 դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Սահակ Մինասյանի սանիկն է:
Գյումրու թիվ 45 դպրոցի տնօրեն Աստղիկ Վարդանյանի քույրը կարգվել է ՏՄԱԿ-ի տնօրեն:
Գյումրիի թիվ 28 դպրոցի տնօրեն Մարիամ Առաքելյանը, ըստ լուրերի, Շիրակի մարզպետի մտերմուհին է, հատուկ հովանավորվող է, Գյումրիում հայտնի «Կարո մարքետ» խանութի տերերի քույրն է:
Գյումրիի թիվ 30 դպրոցի վարչատնտեսական տնօրեն է դարձել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին աշխատակից Տիգրան Գուլյանը։
Գյումրիի թիվ 41 դպրոցի ընտրված տնօրենից պաշտոնը խլել է Գյումրիի թիվ 7 դպրոցի տնօրենի աղջիկը՝ ըստ լուրերի՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության այժմյան պետ Հրայր Կարապետյանի հովանավորմամբ: Ասում են՝ նպատակը՝ 41 դպրոցից այդ տնօրեն տիկնոջը թիվ 7 դպրոցի տնօրեն դարձնելն է հորից հետո:
Գյումրու թիվ 18 դպրոց է բերվել Քեթի գյուղի դպրոցի տնօրենի աղջիկը։
18 դպրոցի պարագայում մարզպետարանից գործուղված Լիանան 2023 թվականի հունիս ամսից, ասում են, ստարտ ու ռեստարտ է անում, բայց դեռ տնօրեն չի կարողանում դառնալ:
Գյումրիի թիվ 27 դպրոց գյուղից քաղաք է բերվել Կապս գյուղի դպրոցի տնօրենի հարսը, ով ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մորաքրոջ հարսն է, իսկ Կապս գյուղի դպրոցի տնօրենը Սարուխանյանի մորաքույրն է։
Գյումրիի թիվ 21դպրոցի այժմ ողջ ընտանիքով նիկոլական դարձած տնօրենն իր հարսին է պատրաստում այդ նույն դպրոցի տնօրեն կարգել:
Գյումրիի թիվ 23 դպրոցի տնօրեն դարձած Անի Գևորգյանը նշանակվել է իր ամուսնու փոխարեն։ Ըստ տարածված խոսակցությունների՝ նա դպրոցի տնօրենի մրցույթում չի էլ հաղթել՝ նշանակվել է մարզպետի ցանկությունով։
Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի կուրսեցու քույրն է:
Նշենք նաև, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ՝ օրերս Ամասիա խոշորացված համայնքի Գտաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու կինը՝ Խանում Խոջումյանը։ Նշենք, որ այս տարվա փետրվար ամսին Խանում Խոջումյանը ազատվել էր աշխատանքից։ Կարեն Սարուխանյանի քեռու կինը Բյուրակն գյուղի դպրոցում է աշխատել։
Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ սա առաջին դեպքը չէ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կատարում է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հրամանները։
Սարուխանյանը մեծ ազդեցություն ունի Մուշեղ Մուրադյանը որոշումների վրա։