Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 06-06-2024

«Ակադեմիական քաղաք»-ը պղպջակ է, որը շուտով պայթելու է․ կրթության փորձագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս ACSES վերլուծական կենտրոնը «Ակադեմիական քաղաքի «ուրվականը»․ արդյո՞ք ընտրված է քաղաքականության լավագույն տարբերակը» խորագրով վերլուծություն է հրապարակել, որում ՀՀ-ում մինչև 2030 թվականն այս նախագծի իրականացումը քիչ հավանական է համարել։ Որպես հիմնավորում նշվել է, որ նախագծի իրականացումը պահանջում է մի քանի միլիարդ դոլարի ներդրում կատարել, ինչը իրատեսական չէ ո՛չ Հայաստանի բյուջեի միջոցների, ո՛չ էլ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հաշվին։

Զեկույցում նշվել է, որ Հայաստանի Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությունը հիմնականում համապատասխանում է ժամանակի հրամայականին և հետապնդում է այլ երկրների հետ նույնական ռազմավարական նպատակներ, սակայն առանձին դեպքերում առկա է ռազմավարական խզվածք նպատակների, միջոցների և թիրախների միջև։

Զեկույցի հեղինակները նաև զգուշացրել են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում խիստ սևեռվածությունը առանձին նպատակի/ ենթանպատակի վրա կարող է ստվերել մյուսների կարևորությունը և հանգեցնել ձախողման։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը համաձայնեց զեկույցում տեղ գտած այն գնահատականի հետ, որ մինչև 2030 թվականն այս նախագծի իրականացումը քիչ հավանական է՝ նշելով, որ ինքն ավելի խիստ գնահատական կտար․

«Ես ավելի խիստ գնահատական կտայի, որ այդ «Ակադեմիական քաղաք» ասվածը շատ նման է մի պղպջակի, որը շուտով պայթելու է, որովհետև նույնիսկ նախնական հաշվարկներով անհրաժեշտ է առնվազն 3 միլիարդ դոլար՝ այդ ամբողջը գլուխ բերելու համար։ Հայաստանի բյուջեի, մեր երկրի սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում դա պարզապես անիրականանալի ծրագիր է»։

Կրթության փորձագետը շեշտեց՝ այդ գումարը ոչ թե հնարավոր չէ գտնել, այլ՝ ոչ նպատակահարմար։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երբ Հայաստանն ունի անվտանգային ու ժողովրդագրական խնդիրներ, իսկ կրթության ոլորտում տիրում է համատարած անգրագիտություն, ինֆրաստրուկտուրայի (տնտեսական ենթակառուցվածք-խմբ) վրա այդքան գումար ծախսելու կարիք չկա։

Ատոմ Մխիթարյանը համաձայնեց նաև, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծը որոշ առումով նաև արտագրություն է այլ երկրների նույնանման նախագծերից, սակայն սա անիրականանալի նախագիծ է այն առումով, որ մյուս երկրների նմանությամբ գուցե իրավիճակի նկարագրությունը շատ լավ ներկայացված է, սակայն Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է և սխալ թիրախներ են ընտրվել։ Փորձագետն այս համատեքստում հիշեցրեց, որ «Ակադեմիական քաղաք»-ի նախագծով մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն 4 բուհ պետք է ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում, ինչը նույնպես իրատեսական չէ։

«Յուրաքանչյուր բուհի համար դա առնվազն պահանջում է Հայաստանի պետական բյուջեի չափ գումար, որպեսզի այդ բուհերը կարողանան առաջանցիկ զարգացում ապրել և հայտնվել այդ ցանկում։ Այսինքն՝ այդ թիրախն ուղղակի անիրականանալի է, եթե նման քաղաքականություն է վարվում։ Շատ ճիշտ է ասվել, որ իրականությունից խզվածք կա, որովհետև այն իրականանությունը, որը նկարագրվում է, շատ համապատասխանում է, բայց այն սահմանված թիրախներին հասնելու ուղիներն ընդհանրապես նախանշված չեն»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը նկատեց, որ ցանկացած նախագիծ իր մեջ այլ նախագծերի կարևորությունը ստվերելու և դրանք ձախողելու ռիսկ պարունակում է, քանի որ հատկապես վերջին շրջանում Հայաստանում կառավարության կողմից կրթության և գիտության բնագավառում առաջ բերվող նախագծերն իրականությունից կտրված են և հիմնավորվածության որոշակի աստիճան չունեն, դրանց հիմքում որևէ վերլուծություն չկա։ Նրա խոսքով՝ այդ նախագծերի նպատակներն անհասկանալի են ոչ միայն իր, այլ նաև ոլորտի մյուս մասնագետների ու լայն հասարակության համար։

«Ստացվում է, որ դրանք շոու-ներկայացումների նման նախագծեր են, որոնց մասին անընդհատ խոսվում է, բայց այդ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելն անհնար է, որովհետև դրանք կապված են ֆինանսական մեծ ռեսուրսների և կադրային բազայի հետ։ Բացի այդ, մարդիկ, ովքեր այս ոլորտում որոշումներ են կայացնում, կրթության և գիտության բնագավառում ընդհանրապես հետագիծ չունեն»,- նշեց նա։

Ատոմ Մխիթարյանը հավելեց՝ միայն այս փաստը բավական է՝ հասկանալու համար, որ ներկայումս հրապարակ բերված նախագծերը չեն կարող իրականանալ, քանի որ այնպիսի մարդիկ չկան, ովքեր կարող են դրանք իրագործել։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված