Պարտությամբ պայմանավորված ձեռքբերո՜ւմ. մեր թշնամու եղբայրը մեզ կոնֆետ է տալիս
copy image url

Պարտությամբ պայմանավորված ձեռքբերո՜ւմ. մեր թշնամու եղբայրը մեզ կոնֆետ է տալիս

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:51 05-06-2024
Անբարոյական մարդիկ իրենց սխալ, վատ արարքները ներկայացնում են որպես լավ, բարի գործեր։ Երբ անբարոյական մարդիկ զբաղեցնում են հանրային բարձր դիրքեր, ապա ժողովուրդն ընդօրինակում է այդ անբարոյականությունը, այլասերվում է նրա մտածողությունն ու վարքը։ Իսկ հանրության այլասերված վարքը համակործանման պատճառ է դառնում։

Տասնամյակներ շարունակ՝ 1994-2020-ին, Արցախն ազատ էր։ Ադրբեջանը աշխարհի բարձր ամբիոններից, հատկապես՝ մահմեդական երկրների ֆորումներում լալիս էր, խոսում Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանության իրավունքի մասին։ Բաքվին աջակցում, նրան համերաշխություն էին հայտնում բազմաթիվ մահմեդական երկրներ, որոնք այդ պատճառով ՀՀ-ի հետ չէին հաստատում դիվանագիտական հարաբերություններ։ Դրանց շարքում էր Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, որը շատ մեծ ու հարուստ երկիր է արաբական աշխարում։

Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից տուժում էին և՛ ՀՀ-ն, և՛ Սաուդյան Արաբիան։ Սակայն հայերը հասկանում էին, որ գինն Արցախն է, ու շատ ծանր չէին տանում։ Սաուդյան Արաբիան էլ իր հավատակցին աջակցելն ավելի կարևոր էր համարում, քան տնտեսական շահերը, որից սկզբունքորեն զրկվում էր։

Ներկայում Ադրբեջանը իրականացրել է իր հակահայ նպատակը, զավթել է Արցախը։ Արցախում մի քանի հայ է մնացել։ Հայ ժողովուրդը մեծ պարտություն է կրել, մարդկային և նյութական մեծ կորուստներ ունեցել։ Այսքանից հետո Ադրբեջանին սատարող Սաուդյան Արաբիան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություն չհաստատելու պատճառ չունի։ Ավելին՝ շահագրգիռ է։ ՀՀ-ի առաջ բացվել են մահմեդական երկրների դռները։ ՀՀ-ն մասնակցում է մահմեդական ֆորումներին, ՀՀ-ին ընդունում, ճանաչում են նաև մահմեդական երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, որն արդեն մեծ ներդրումներ է անում Հայաստանում։

Պարզ ասած՝ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը պայմանավորված էր Արցախով։ Եվ երբ խոսում են սաուդների հետ հարաբերությունների հաստատման, նրանց ներդրումների մասին, անհրաժեշտ է հիշատակել, որ այդ տեղի է ունեցել մեր մեծ պարտությունից ու ողբերգությունից հետո։ Եթե այդ կարևոր շեշտադրումը չեն անում, ապա ստեղծում են տպավորություն, թե նրանց հետ հարաբերություններն ավելի կարևոր էին, քան ազատագրված ու Հայաստանին փաստացի միավորված Արցախը։ Սրանից արդեն անբարոյականության հոտ է գալիս։

Պատկերավոր ասած՝ մեր թշնամին զավթել է մեր տունը, սպանել մեր որդիներին, բռնի տեղահանել մեր հարազատներին։ Նրան պաշտպանել է իր հավատակից ու հարուստ եղբայրը, մեզ բարև չի տվել, մեզ հետ առևտուր չի արել, իր խանութի դռները փակել է մեր առաջ։ Եվ ահա՝ տարիներ անց մեր մեծ պարտությունից ու կորուստներից հետո մեր թշնամու հարուստ եղբայրը մեզ բարև ու կոնֆետ է տալիս։ Այս կոնֆետն ու բարևը կարելի՞ է համարել մեծ ձեռքբերում։ Արդյո՞ք այսպիսի մոտեցումը բարոյական է։

Հունիսի 4-ին ԱԳ նախարարն իր զեկույցում ասաց հետևյալը.

«Մենք 2023թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ։ Ես չեմ դադարի կրկնել, սա մի ջանք էր և նպատակ, որի շուրջ հայ դիվանագիտությունը տասնամյակներով աշխատանք է տարել և վերջնարդյունք չի եղել, ըստ էության: Եվ ահա 2023թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ։ Օրերս Սաուդյան Արաբիայի դեսպանը հավատարմագրեր հանձնեց ՀՀ նախագահին, ՀՀ ԱԳ նախարարի այց եղավ Սաուդյան Արաբիա և այլն»։

Նախ՝ ԱԳ նախարարը թաքցնում է, թե ինչու հայ դիվանագիտությանը տասնամյակներ շարունակ չի հաջողվել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատել։ Խիստ կասկածելի է, որ եղել է դիվանագետների տասնամյակների անհաջողության այլ պատճառ, քան վերը նշվածը։ Երկրորդը՝ պատությամբ պայմանավորված զարգացումը որպես նշանակալի ձեռքբերում ներկայացնելը տպավորություն է թողնում, որ մարդու ուղեղում ինչ-որ բան այն չէ։

Այսպիսի մոտեցումը խիստ վտանգավոր է պետության համար։ Ժողովուրդը կարող է սխալ պատկերացումներ կազմել արտաքին հարաբերությունների խնդիրների, ազգային շահերի, պետության գիտակցության և քաղաքական բարոյականության մասին։ Այս սխալ պատկերացումների ազդեցությամբ կարող է սխալ ընտրություն կատարել և աղետ բերել իր գլխին էլ, իր պետության գլխին էլ։

Ուղիղ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը գիտակցված կամ անգիտակցաբար շարունակում է գործել ժողովրդի և պետության դեմ։

Թաթուլ Մկրտչյան