Ներքին 2 տարի առաջ - 18:38 04-06-2024

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Նրա խոսքով՝ Հայաստանում օրեցօր ավելի շատ երիտասարդներ են սովորում չինարեն և ուսումնասիրում հնագույն քաղաքակրթություն ունեցող չին ժողովրդի յուրահատուկ և հարուստ մշակույթը:

Երկու երկրների միջև կրթական և մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է հատկապես Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարությունը՝ տեղեկացնելով, որ այն հաջողությամբ իր գործունեությունն է ծավալում Բրյուսովի անվան պետական համալսարանում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանում նաև գործում է Հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ մեծ թվով հայ աշակերտներ խորացված կերպով չինարեն են ուսումնասիրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է չինական կողմի հետ ծրագրային փոխհամագործակցության հնարավորությունը՝ բուհ-դպրոց երկխոսության զարգացման համար՝ նպաստելով ՀՀ բուհերում չինարենի մանկավարժական որակավորմամբ մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը: Ընդգծվել է, որ Չինաստանի փորձի կիրառմամբ հնարավոր կլինի ՀՀ բուհերում մշակել կրթական ծրագրեր և կիրառել դասավանդման նոր մեթոդաբանություն ու ձևաչափ, իսկ վերապատրաստման ծրագրերը կլինեն թիրախային:

Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի հետ հատկապես կրթության ոլորտում համագործակցության մեծ ներուժը և փոխանցել չինական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը:

Մասնավորապես, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Չեն Լուի խոսքով՝ չինական կողմը հետաքրքրված է համագործակցելու «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնության շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով չինական կողմի պատրաստակամությունը, ընդգծել է՝ «Ակադեմիական քաղաքը» ՀՀ կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Նրա խոսքով՝ կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նախորդ տարի հաստատված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին՝ որպես ռազմավարական հիմնական փաստաթուղթ: Ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է հավակնոտ թիրախներն ու առանձին գործողություններ, որոնք միտված են միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ունենալուն, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը