Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:00 28-05-2024

Ինչ են թաքցնում ժողովրդից․ Փաշինյանն ուզում է հրաժարակա՞ն տալ, թե՞...

Հանրային բանավեճի առարկան վկայում է հանրության հետաքրքրությունների, հավակնությունների մասին։ Բանավեճի առարկայով կարող են գնահատել նաև հասարակության զարգացածության կարգաբանական աստիճանը, ինչպես նաև՝ սոցիալ հոգեբանական առողջությունը։

Մայիսի 26-ի հանրահավաքում Բագրատ Սրբազանն ասաց. «Ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես Վեհափառ Հայրապետին, ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել»։

Այսպիսով՝ հաստատվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն կարող է լինել Բագրատ Սրբազանը։ Այս պարագան, բնականաբար, խիստ նյարդայնացրեց Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, որոնք թաքուն հույս էին փայփայում, որ շարժման մասնակիցները չեն կարողանա համաձայնության գալ վարչապետի թեկնածության շուրջ։ Բայց Փաշինյանի և Սրբազանի քաղաքական, գաղափարական տարբերությունները քննարկելու փոխարեն, Փաշինյանին ուղղակի կամ անուղղակի սատարող սոցցանցային օգտատերերը սկսեցին քննարկել Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունը սառեցնելու թեման։

Այս հանրային խոսույթը հավելյալ վկայում է, որ ՔՊ-ին սատարողները ոչ միայն ապաքաղաքական և հակաժողովրդավարական դիրքորոշում ունեն, այլև փակում են աչքերը պետության և ժողովրդի առջև առկա խնդիրների և մարտահրավերների վրա։ Նրանց հետաքրքրում է միայն այն, ինչը ենթադրաբար՝ սպառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Օրինակ՝ նրանք կարող են չնկատել, որ ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնելը անհրաժեշտ իրավական ընթացակարգ պետք է անցներ, ԱԺ և Կառավարության հաստատմանն արժանանար, բայց չի անցել։ Նրանք կարող են չնկատել, թե Արցախում պարտություն կրած թիմն ինչպես է մեղքն ուրիշների վրա գցում ու շարունակում անվրդով կառավարել։ Նրանց համար անկարևոր են կոռուպցիան, ժողովրդավարության հարցում նկատելի նահանջը։ Նրանց աչքին չեն երևում Նիկոլ Փաշինյանի ռուսամետ դիրքորոշումը, որի հետևանքով թուրք-ադրբեջանական գրոհները լեգիտիմություն են ստանում։ Չեն տեսնում նույնիսկ, թե Փաշինյանն ինչու անկախության պաշտպանության հարցում ոչինչ չի անում, առաջացնելով նոր ռիսկեր։ Բայց փոխարենը Բագրատ Սրբազանի՝ հոգևոր ծառայությունը սառեցնելու մասին հայտարարությունը դարձնում են հանրային քննարկման առարկա։

Նախընթաց տարիներին բազմաթիվ մարդիկ են քաղաքականություն մտել ուժային կառույցներից։ Նրանց մի մասը սառեցրել է ծառայությունը, քանի որ քաղաքական գործունեությունն այդպես է պահանջում։ Այստեղ արտառոց ու քննարկելի բան կարելի է գտնել միայն այն պարագայում, երբ հասարակությունը բաժանված լիներ կաստաների, և կաստա փոխելն անթույլատրելի լիներ։ Օրինակ՝ հին աշխարհում զինվորականի որդին զինվորական էր դառնում, հոգևորականի որդին՝ հոգևորական, կոշկակարի որդին կոշկակար և այլն։ Կաստայական դոգմաների տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյանը պիտի մնար Ւջևանում, աշխատեր ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Փա՜ռք Աստծո, Հայաստանում կաստայական նորմերով չեն առաջնորդվում։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք և հնարավորություն է ունեցել Երևան գալ, սովորել, լրագրող, խմբագիր աշխատել, քաղաքականություն մտնել, վարչապետ դառնալ։ Ուստի՝ ովքեր կարծում են, որ հոգևորականը, տվյալ դեպքում՝ Բագրատ Սրբազանը հոգևոր ծառայությունը սառեցնելու և քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ու հնարավորություն պիտի չունենա, ապա նույնպիսի ջատագովությամբ Փաշինյանին պիտի ուղարկեն Իջևան, մարզային դպրոցում ուսուցիչ աշխատելու։

Պարզ ասած՝ քաղաքացիական հասարակությունում յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու իր գործն ու զբաղմունքը։ Եվ այս ընտրության ազատությունը մարդկության քաղաքակրթական նվաճումներից է։ Սրբազանի հոգևոր ծառայությունը սառեցնելը քննարկողները ցուցաբերում են ապաքաղաքական, հակաքաղաքարթական մոտեցում, հոգեբանական անառողջ մոտեցում։ Հնարավոր չի, որ մարդիկ այս պարզ բաները չհասկանան ու առանց պատճառի՝ հիմար ձևանան։ Հետևաբար՝ ծագում է ողջամիտ կասկած, որ հանրային բանավեճը աննշան, անկարևոր թեմաների վրա սևեռող մարդիկ ինչ-որ բան են ուզում թաքցնել ժողովրդից, սակայն անուղղակի երևակում են, որ Սրբազան շարժումը մեծ նշանակություն ունի ՀՀ իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Գուցե Փաշինյանն ուզում է հրաժարակա՞ն տալ։ Թե՞ մտադիր է, իր դեմ ցույցերը սխալ մեկնաբանելով, հակապետական որոշում ընդունել և ժողովրդի վրա բարդել մեղքը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»