Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 24-05-2024

Ոստիկանը արցախցիներին դրդում է դուրս գալ փողոց, մասնակցել ցույցերին

Թեև Կառավարությունը մի քանի ծրագրեր է իրականացնում բռնի տեղահանված արցախցիների սոցիալական կարիքները հոգալու, նրանց աշխատանքի տեղավորման հարցերում, սակայն որոշ պաշտոնյաներ հրապարակավ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում արցախցիների նկատմամբ։

Մայիսի 19-ին, Տավուշի ոստիկանապետ, գնդապետ Արթուր Մկրտչյանը, որը ղեկավարում է սահմանային Կիրանց գյուղի շրջափակման աշխատանքները, որպեսզի այնտեղ չմտնեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու լրագրողները, արցախցի մեր գործընկերներից մեկին վիրավորեց՝ ասելով, թե «մնայիք Արցախում, ինչու՞ դուրս եկաք»։ Ինչո՞ւ է ոստիկանության պաշտոնյան այսպիսի անզգույշ, վիրավորական, ընդհանրական արտահայտություն անում արցախցիների հասցեին։

Նկատենք, որ չնայած իրակնացվող սոցիալական ծրագրերին, բազմաթիվ արցախցիներ Հայաստանում իրենց տեղը չեն գտնում, չեն աշխատում։ Իսկ վերջին օրերին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում և մի շարք այլ վայրերում կազմակերպված ցույցերին ակտիվորեն մասնակցում են մի քանի հարյուր արցախցիներ։

Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ ավելի շատ արցախցիներ կարող են մասնակցել հակակառավարական ցույցերին։ Սակայն ընդդիմադիր ուժերն ու շարժումները չեն կարողանում լավ կազմակերպել, ապահովել նրանց մասնակցությունը։ Բացի այդ՝ արցախցիների մեծ մասն, իրոք, անտարբեր է քաղաքական գործընթացներին, իր վշտի, կորստի մեջ ամփոփված, չի ցանկանում խառնվել իշխանության համար մեկնարկած պայքարին։

Այս հանգամանքը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ ոստիկանապետը վերը նշված վիրավորական արտահայտությամբ միտումնավոր փորձում է վիրավորել արցախցիների ինքնասիրությունը, գրգռել նրանց, որ դուրս գան և մասնակցեն հակակառավարական ցույցերին։ Արդյո՞ք ոստիկաններին հրահանգված է գրգռել արցախցիներին, որպեսզի նրանց մեծ մասը մասնակցի ցույցերին։

Հիշեցնենք, որ Արցախի ազատության համար պատերազմում Հայաստանը պարտվել է Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության պատճառով։ Չնայած՝ նա բոլոր մեղքերը փորձում է շաղկապել նախկին իշխանությունների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կատարած սխալների հետ, սակայն շատերի համար անվիճելի է, որ արցախյան պարտության ու կորուստների գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ 2020-ի հոկտեմբերի 8-ին նա է մերժել Ֆրանսիայի մեկնած ձեռքը, նոյեմբերի 9-ին նա է ստորագրել հակահայկական համաձայնագիրը։ Նրա վարած սխալ քաղաքականության հետևանքով են արցախցիները մնացել մենակ ռուս-թուրք-ադրբեջանական թշնամիների դեմ և թշնամիների սպառնալիքների ու վերջնագրերի հետևանքով են լքել սիրելի Արցախը։ Հնարավոր չէ, որ Տավուշի ոստիկանապետը այս հայտնի բաները չիմանա։ Հետևապես՝ ինչու՞ է ոստիկանը վիրավորական արտահայտություն անում արցախցիների հասցեին, ասելով՝ «մնայիք Արցախում, ինչու՞ դուրս եկաք»։

Նշենք, որ ՔՊ-ական իշխանությունը առաջին օրից փորձել է սեպ խրել հասարակության տարբեր հատվածների միջև, ատելություն սերմանել, սև-սպիտակի բաժանել։ Ներքին թշնամու դեմ պայքարը ՔՊ-ի սիրած կռիվներից է, որտեղ նրանք մեծ մասամբ չեն պարտվում։ Ցանկացած հարց վարպետորեն տեղավորում են ներքին թշնամանքի համատեքստում։ Նրանց հասցեին ուղղվող ցանցկացած քննադատություն շուռ են տալիս ու հիշում նախկինների արածները։ Այս առումով, ենթադրելի է, որ ոստիկանի վիրավորական արտահայտությունը միտված է նույն նպատակին, ժողովրդին մասերի բաժանելուն, նրանց միջև թշնամանք ու կռիվ հրահրելուն։ «Մնայիք Արցախում, ինչու՞ դուրս եկաք» խոսքով ոստիկանը ցույց է տալիս, որ արցախցիներին խորթ, օտար է համարում։

Նկատենք նաև, որ այս միջադեպից անցել է մի քանի օր։ Արցախցիներին վիրավորած ոստիկանը հրապարակային նկատողություն չի ստացել։ Ավելին՝ նույն արտահայտությունը կրկնում են նաև այլ ոստիկաններ, որոնք ցույցեր ցրելիս զրույցի են բռնվում արցախցիների հետ։ Այս ամենը հիմք է տալիս կասկածելու, որ հրահանգ կա, ոստիկանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով է ասել «մնայիք Արցախում, ինչու՞ դուրս եկաք»։ Այսինքն՝ թիվ մեկ պաշտոնյան է ներքին բաժանում և թշնամանք հրահրում, գրգռում արցախցիներին, դրդում նրանց դուրս գալու և մասնակցելու իր հրաժարականի պահանջով ցույցերին։ Ու եթե վաղը ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյան հայտարարի, թե բոլոր արցախցիները ռուսական գործակալ են և Պուտինի հրահանգով են մասնակցում իր դեմ ցույցերին, մարդիկ կհիշեն, որ ոստիկանները միտումնավոր էին գրգռում, վիրավորում արցախցիներին, դրդում նրանց դուրս գալու փողոց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան