Ուղիղ եթեր
Եկեղեցու հարկային բեռի ավելացումը միայն մեծացնելու է հանրային ընդվզումը
copy image url

Եկեղեցու հարկային բեռի ավելացումը միայն մեծացնելու է հանրային ընդվզումը

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:20 22-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Հայ Առաքելական եկեղեցուն այսպես կոչված հարկելու գաղափարը, որը դաշտ նետվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, իսկ վերջինիս կուսակիցները աջակցեցին դրան։

Հանրության մեծ մասը դեմ է այս գաղափարին, մինչդեռ որոշ քաղաքացիներ էլ գտնում են, որ Հայ Առաքելական եկեղեցին նույնպես պետք է հարկեր վճարի պետբյուջե։

Oragir.News-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, և Հայ Առաքելական միշտ էլ հարկեր վճարել է պետբյուջե։ Իրականում Հայ Առաքելական եկեղեցին՝ իր բացառիկ կարգավիճակով պայմանավորված, ունի որոշ հարկային արտոնությունուններ․ խոսքը վերաբերում է հատկապես բարեգործական նպատակներով Հայ առաքելական եկեղեցու հասցեով ստացված բեռներին՝ մասնավորապես մոմի և եկեղեցական այլ պարագաների ներկրմանը, որոնք ազատված են հարկերից։

Քաղաքացիների մեծամասնության համար գաղտնիք չէ, որ իշխանականների այս հայտարարությունների շարժառիթը քաղաքական է, քանի որ եկեղեցուն տրամադրված հարկային արտոնությունները նրանց սկսեց անհանգստացնել միայն այն ժամանակ, երբ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Հայաստանում համազգային շարժում նախաձեռվեց։ Եթե եկեղեցին հաշտ լիներ օրվա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության հետ, ապա վերջիններս ոչ միայն չէին խոսի եկեղեցու արտոնությունները վերացնելու անհրաժեշտության մասին, այլև ամեն առիթով կընդգծեին վերջինիս բացառիկ կարգավիճակը, դեռ ավելին՝ օրենսդրական կարգավորումներով ՀԱԵ-ին նոր արտոնություններ կշնորհեին։

Իրականում միջազգային պրակտիկայում կրոնական կազմակերպություններին, այդ թվում եկեղեցուն հարկելու թեման պարբերաբար օրակարգ է գալիս՝ աշխույժ քննարկման առարկա դառնալով ինչպես հանրային կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ: Այս հարցը հայտնվում է օրակարգում հատկապես հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև տարաձայնությունների և առճակատումների առկայության ժամանակ, ու աշխահիկ իշխանությունը նման կերպ փորձում է օգտագործել իր լծակները՝ հոգևոր իշխանության ներկայացուցիչներին ճնշելու համար։

Նշենք, որ հարկումը պետության կողմից օրենքով պարտադրված և կարգավորվող հարկադրանքի ձև է, որին Հայ Առաքելական եկեղեցին նույնպես ենթարկվում է, պարզապես վերջինս ունի որոշ հարկային արտոնություններ։ Սակայն, անգամ նման հարկադրանքը կարող է բանավեճերի և հակասական արձագանքների պատճառ դառնալ, հատկապես, երբ այն վերաբերվում է այնպիսի նուրբ հարցերի, ինչպիսիք կրոնն ու հավատն են՝ ի դեմս Հայ Առաքելական եկեղեցուն, որը հայ ժողովրդի պատմության ընթացքում անուրանալի դեր է ունեցել։

Բացի այդ, ԱԺ ամբիոնից եկեղեցու հարկային արտոնությունները վերացնելու առաջարկը հնչել է առանց քննարկումների, ուսումասիրությունների, ինչն էլ ևս մեկ անգամ փաստում է, որ այս մտադրության դրդապատճառները քաղաքական են։ Այս առաջարկը միևնույն ժամանակ եկեղեցու նկատմամբ քաղաքական պարտադրանքի և վերջինիս սպասվորներին լռեցնելու փորձ է՝ տնտեսական մեխանիզմների անհիմն կիրառմամբ։

Կարծում ենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու իրենց հաշվարկներում հերթական անգամ սխալվում են, և Հայ Առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններից զրկելու որոշումը հակառակ ազդեցություն է ունենալու։ Ստեղծված իրավիճակում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր մինչև այժմ երկմտում էին՝ միանալ Բագրատ Սրբաազանի գլխավորած համազգային շարժմանը, թե՞ ոչ, համոզվելու են, որ շարժումն ընթանում է ճիշտ ուղղությամբ, միանալու են դրան, ինչն իր հերթին անխուսափելի է դարձնելու Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը։

Բացի այդ, նախքան կրոնական կազմակերպություններին՝ տվյալ դեպքում Հայ Առաքելական եկեղեցուն, հարկային արտոնություններից զրկելը անհրաժեշտ է վերլուծել բոլոր այն հետևանքները, որոնք առաջանալու են այս որոշման հետևանքով։ Ենթադրում ենք, որ գործող իշխանություններն իրենց հայտարարություններից առաջ նման հաշվարկներ չեն կատարել, ինչն էլ նշանակում է, որ եթե այս մտադրությունը օրենքի տեսք ստանա, ապա այն էլ ավելի կխորացնի աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև առկա անջրպետն ու լարվածությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ակնահայտ է, որ նման քննարկումները իշխանականների կողմից ծավալվում են ոչ թե պետության շահերը սպասարկելու և ավելի շատ հարկեր հավաքագրելու, այլ եկեղեցականներին ճնշելու և լռեցնելու նպատակով։ Հայաստանում առկա առանց այդ էլ լարված իրավիճակի ֆոնին նման հայտարարություններն ավելի են սրելու իրավիճակը՝ նպաստելով, որ հանրությունը միավորվի Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և Նիկոլ Փաշինյանին հեռացնի իշխանությունից։


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ