Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:28 22-05-2024

Ի՞նչ երաշխիք եք տալիս, որ Գեղամ Մանուկյանն օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Հայկ Կոնջորյան

Այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը:

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ երեկ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՍԴ դատավորի թեկանծուին հարցրել էր, որ եթե նա ընտրվի, ինչպես է երաշխավորում, որ նա չի լինի օտարերկրյա ազդեցության գործակալ՝ Կոնջորյանը հարցրեց, թե Գեղամ Մանուկյանը ի՞նչ երաշխիք է տալիս, որ օտարերկրյա ազդեցության գործակալ չէ:

«Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, որովհետև Գեղամ Մանուկյանը և իր «Երկիր Մեդիան» 100 հազարավոր դոլարների Սորոսի հիմնադրամի գրանտներ է ստացել, դուք էլ վստահ եմ լսել եք, դուք էլ վստահ եմ օգտվել եք այդ գրանտներից:

Հիմա դուք ի՞նչ երաշխիք եք տալիս, որ Գեղամ Մանուկյանը օտարերկրյա ազդեցության գործակալ չէ: Ես կարծում եմ, որ Ձեր երեշխիքները հարկավոր չեն, ամեն ինչ պարզ է»,- ասել է նա:

Դիմելով ընդդիմադիրներին՝ Կոնջորյանն ասել է, որ նրանք քաղաքական հայդուկներ են․ «Դուք ասում եք՝ միշտ պետք ա լինել քաղաքականապես հայդուկ, մտածողությամբ՝ լեռներում, քաղաքակիրթ աշխարհից, միջազգային հարաբերություններից կտրված, ու մտածել, որ մեզ չեն տեսնում։ Դուք քաղաքական հայդուկներ եք, հարգելի գործընկերներ, բայց չի կարելի 21-րդ դարի այս լուսավոր շրջանում մնալ քաղաքական հայդուկ և ստիպել, որ պետությունն էլ էէդ կառափնարանի մեջ մնա»։