Եվ այսպես, փաշինյանական իշխանությունը հաստատել է Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը։
Այն, ինչպես տեսնում ենք, ուղղակի նշանակում է «սև մածուն», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ես այդպես եմ ուզում, և վերջ, ա՛յ արցախցիներ։ Ես ուզում եմ, որ դուք գնաք իմ կողմից ապագայում հանձնվելիք տարածքներում տուն դնեք, որ հետո այնտեղից բռնի տեղահանվեք։ Երևանը (1-ին և 2-րդ գոտիներից բացի, դրանք էն գլխից արգելված են – հեղ․), Գյումրին, Վանաձորը, Աբովյանը և մնացած այլ վայրերը ձեզ համար յուղոտ պատառներ են, դուք դրան արժանի չեք։
Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, Արցախի հայաթափման պատճառ հանդիսացող այս մարդը հենց այդպես էլ պիտի վերաբերվեր արցախցիներին։
Բայց որտե՞ղ են Արցախի «իշխանությունները», նախագահից սկսած, պետնախարարով, ՀԿ-աշեն պատգամավորներով վերջացրած։ Ենթադրենք, փաշինյանական վարչախումբը նրանց հետ կապի դուրս չի գալիս, թեև դա էլ է կասկածելի, թե չէ՝ ինչպե՞ս են առայսօր պահպանում, օրինակ, «ներկայացուցչության» շենքը, այն որպես նստավայր օգտագործում, հանդիպումներ և ընդունելություններ կազմակերպում այնտեղ։ Սա հո առանց նիկոլփաշինյանական «դաբրո»-ի հնարավոր չէր շարունակել։ Ուրեմն, կապը փաշինյանական խմբի հետ կա, բայց այդ կապն օգտագործվում է անձնական հարցեր լուծելու համար։
Լռությունը համաձայնության նշան է, պարոնայք «վտարանդիներ»։ Ձեր ամորֆ, հարմարվող պահվածքը նշանակում է, որ թքած ունեք ձեր իսկ հայրենակիցների լրջագույն պրոբլեմների վրա։ Դուք նույնիսկ հետամուտ չեք լինում ձեր իսկ ընդունած օրենքի կատարմանը․ խոսքը վերաբերում է կուտակային գումարների տրամադրմանը։ Գիտե՞ք, որ ՀՀ կենտրոնական բանկը, որի տիրույթում է հարցը, դեռ վաղուց պետք է դիմեր միջազգային կուտակային ֆոնդերին՝ պահանջելով վերադարձնել բոլոր նրանց գումարները, ովքեր կպահանջեն։ Իսկ տեղյա՞կ եք, պարոնայք, որ կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, առ այս պահը ԿԲ-ին չի հանձնարարել կատարել ձեր ընդունած օրենքից բխող որևէ քայլ։
Ես անձնական խնդիրներ ոչ մեկիդ հետ չունեմ, ու այս ամենը հանրայնացնում եմ մի նպատակով՝ ուղղակի խնդրում եմ, որ տնանկված, ամեն ինչ կորցրա 120-150 հազար արցախցու հարցերով զբաղվեք։ Եթե տեսնում եք՝ ՀՀ իշխանությունը թքած ունի ձեր հարցումների (իսկ դրանք անու՞մ եք, արդյոք) վրա, միացե՛ք հակակառավարական ցույցերին, կազմակերպեցե՛ք արցախցիների մասնակցությունը, ինքներդ առաջնորդե՛ք մարդկանց։
Մի բան արեք, ցույց տվեք մեզ, որ փաշինյանական «կոմֆորտ զոնան» գոնե այսուհետ կարևոր չէ ձեզ համար։
Թե՞ միամիտ բան եմ ասում։
Տիգրան Աթանեսյան