copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 11-05-2024

Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից

Ֆեյսբուք սոցիալական ցանցը ջնջում է այն գրառումները, որտեղ կա Բագրատ Սրբազանի անունը։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանը ներկայում քաղաքական իրադարձությունների կենտրոնում է։ Նրա վրա է սևեռված հանրային ուշադրությունը։ Նա է ժողովրդական շարժման առաջնորդը։ Բնականաբար՝ նա պիտի տեղ ունենա էջերի գրառումների մեջ։ Սակայն այս տրամաբանությունը, կարծես, չի աշխատում։

Ֆեյսբուք սոցիալական ցանցը ջնջել է Oragir.News-ի ֆեյսբուքյան էջի մի քանի գրառումներ, որոնցում եղել է Բագրատ Սրբազանի անունը։ Նույն պատկերն է նաև այլ լրատվամիջոցների էջերում։ Որոշ ԶԼՄ-ների էջերն արգելափալկվել են, ենթադրաբար՝ հակակառավարական ցույցերի մասին տեղեկատվություն տարածելու պատճառով։ Ի՞նչ է սա, կիբերհանցագործությո՞ւն, ժողովրդավարության դեմ արշա՞վ, թե՞ ֆեյսբուքյան նոր մարտավարություն։

Ֆեյսբուքը ամերիկյան ընկերություն է։ Բագրատ Սրբազանի առաջանորդած շարժումը հանրային լայն աջակցություն է վայելում։ Հանրահավաքներին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Ցույցերն անցնում են խաղաղ, առանց բռնության կոչերի։ Մարդիկ իրացնում են իրենց քաղաքացիական իրավունքները, ժողովրդավարական նորմերի շրջանակում։ Հետևաբար՝ առաջ է գալիս հիմնավոր կասկած։ Եթե ամերիկյան ընկերությունը ջնջում է Բագրատ Սրբազանի անունը պարունակող գրառումներն ու արգելափակում էջերը, ապա արդյո՞ք դրանք հակասում են ԱՄՆ ազգային շահերին, Բագրատ Սրբազանի շարժումը ի՞նչ բախում ունի ԱՄՆ շահերի հետ։ Գուցե է ամերիկյան պաշտոնական արձագանքից հետո բազմաթիվ քաղաքացիներ վերանայեն իրենց մասնակցությունն ու աջակցությունը շարժմանը։ Իսկ եթե Բագրատ Սրբազանը հակաժողովրդավարական, հակաքաղաքակրթական, հակաամերիկյան գործիչ չէ, ահաբեկիչ, վագներական, թալիբան, հյուսիսկորեացի չէ, ապա ի՞նչ հիմքով է Ֆեյսբուքը ջնջում կամ արգելափակում նրա անունը պարունակող գրառումներն ու էջերը։

Ենթադրություն կա, թե Ֆեյսբուքն ինքնագլուխ, առանց ԱՄՆ-ի ցուցումի է ժողովրդավարական խաղաղ ցույցերի առաջնորդի անունը պարունակող գրառումները դիտում անհանդուրժելի, վտանգավոր ու ջնջում։ Այս դեպքում Ֆեյսբուքի ինքնագործունեությունը դատապարտելի է մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով։ Եվ իրավապաշտպան տեղական և միջազգային կառույցները, ժողովրդավարության պաշտպաններն ու ջատագովները պետք է դատապարտեն Ֆեյսբուքի հակաժողովրդավարական քայլերն ու կոչ անեն նրան հանիրավի չսահմանափակել խոսքի ազատությունը։

Առավել հավանական է, որ հայկական ֆեյսբուքում Բագրատ Սրբազանի անունը պարունակող գրառումների դեմ արշավը կազմակերպվում է ՔՊ-ական ֆեյքերի ֆաբրիկան։ Այս դեպքում էլ առաջ է գալիս մեկ այլ ենթադրում, որ ՔՊ-ական ֆեյքերի ֆաբրիկան է թելադրում Ֆեյսբուքի մարտավարությունը և Ֆեյսբուքը ոչ թե առաջնորդվում է արևմտյան արժեքներով, ԱՄՆ-ի ազգային շահերով, Մարկ Ցուկերբերգի հրահանգներով, այլ ՔՊ-ական պատկերացումներով։ Այս խայտառակ կասկածը չցրելը կարող է գցել Ֆեյսբուքի և ԱՄՆ-ի հեղինակությունը։

Իսկ եթե մի կողմ դնենք քաղաքական բովանդակությունը, ապա հայկական օգտատերերի էջերի դեմ կազմակերպված գրոհները կարելի որակել կիբերհանցագործություն, որին պարտավոր են համարժեք արձագանքել իրավապահները, որպեսզի օգտատետերը գոնե հասկանան, թե ովքեր են իրենց գրառումները հեռացնողները։

Կարճ ասած՝ Oragir.News-ը ակնկալում է պարզաբանումներ ԱՄՆ դեսպանից, Ֆեյսբուքի սեփականատեր Մարկ Ցուկերբերգից և ՀՀ իրավապահ մարմիններից Oragir.News-ի ֆեյսբուքյան էջի և բազմաթիվ հայկական էջերի դեմ վերջին օրերին սաստկացած գրոհների կապակցությամբ։ Այդ պարզաբանումները ստանալուց հետո Oragir.News-ը կորոշի՝ ինչպես պաշտպանել իր իրավունքները։

Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին ֆեյսբուքյան էջերի նկատմամբ գրոհները աննախադեպ չեն։ Մի քանի տարի առաջ ջնջել էին Oragir.News-ի ֆեյսբուքյան էջը, որը հնարավոր չեղավ վերականգնել, ոչ էլ պարզել ջնջելու պատճառն ու հիմքերը։ Մտավախություն կա, որ նույնը կարող է կրկնվել։
adv_banner

Ամենից շատ դիտված

16:21 Տան ավագ որդին էր, սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ նոր մանրամասներ՝ հանկարծամահ եղած զինվորի մասին
12:40 5 տարի առաջ փախած էշը հայտնաբերվել է ազնվական եղնիկների խմբում՝ որպես առաջնորդ
22:11 Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com
18:05 Oragir.News-ի հրապարակումից հետո Թատերականում դրել են Լալա Մնացականյանի նկարը․ լրացված
20:07 Ավտոմեքենայով «Դալմա Գարդեն մոլ» գնալը դարձել է վճարովի
15:00 Փաշինյանի հետևից. Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ
08:30 Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն. Հրապարակ
13:49 Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է հանկարծամահ եղել
18:00 Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Ալիևին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ հարկավոր չէ
23:31 Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր. shamshyan.com