Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 09-05-2024

Մոռացված տոն․ ո՞վ կնորոգի Շուշիի ազատագրման հույսը

Աշխարհի բոլոր հայերը մինչև 2020 թվականը, Մայիսի 9-ին նշում էին Շուշիի ազատագրման օրը։

Ներկայում Շուշին բռնազավթված է։ 2020-ի 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Շուշին հանձնվեց։ Հետագայում ՌԴ նախագահը տեղեկացրեց, որ Շուշիի հանձնման պահանջն ավելի վաղ էր ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս, իբր՝ մերժել էր։ Պատերազմի մասնակիցները վկայում են, որ թշնամին Շուշին չի նվաճել զենքով։ Այսինքն՝ այն Պուտինի պահանջով հանձնվել է Ադրբեջանին։

Պաշտպանելով Պուտինին և արդարացնելով Շուշիի հանձնումը, Փաշինյանը հետագայում ասաց՝ «Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»։ Իսկ օրեր առաջ Հ1-ի յութուբյան էջից հեռացվեց Շուշիի ազատագրման մասին 51 րոպեանոց տեսանյութը։

Հույս փայփայելով, որ լուսավոր մի օր Շուշին կրկին ազատագրվելու է ու միավորվելու հայրենիքին, հիշենք, թե ինչպես 1992-ին ազատագրվեց այն, վերապրենք այն հաղթական պահը, որը բեկումնային նշանակություն ունեցավ առաջին պատերազմում մեր հաղթանակի հարցում։

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992 թվականի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ինքնապաշտպանական ուժերի մարտիկները գրոհային 4 խմբերով ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։

Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Ռազմական գործողությունը տևել է 26,5 ժամ։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ Արցախի շրջափակման օղակի ճեղքումը։

Շուշիի ազատագրումը ցրել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որը հետագա մարտական գործողությունների ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։

Ուշագրավ է, որ Մայիսի 9-ը մեր ազգային տոնացույցում այսօր էլ նշված է որպես Շուշիի ազատագրման և հաղթանակի օր։ Հետևաբար՝ ոչինչ չի խանգարում իշխանություններին, քաղաքական համայնքին, մշակութային հանրությանը կազմակերպել տոնական միջոցառումներ, որպեսզի «Հարսանիք լեռներում» գործողության պատմությունը, Շուշիի ազատագրման հարցում էական ներդրում ունեցած զինվորականների՝ Արկադի Տեր-Թադևոսյանի, Վալերի Չիթչյանի, Արկադի Կարապետյանի, Սամվել Բաբայանի, Սեյրան Օհանյանի, Դուշման Վարդանի, Յուրա Հովհաննիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների անունները վառ մնան ժողովրդի սրտում, հաղթական ոգի ներշնչելով, նոր հաղթանակների մղելով։

Մոսկվայում այսօր նշում են հաղթանակի օրը։ Այդ հաղթանակից ոչինչ չի մնացել՝ Գերմանիան միավորվել է 35 տարի առաջ, Եվրոպայում ռուս զինվոր չկա, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգը փլուզվել է։ Սակայն Կարմիր հրապարակում այսօր տոնական շքերթ է, որովհետև օրվա խորհուրդն իրականությունից վեր է։

Նույնպես Երևանը կարող է նշել Շուշիի ազատագրման օրը, որպես 20-րդ դարավերջի մեծ հաղթանակ։ Պատրանք չկա, որ ՔՊ-ական իշխանությունները կնշեն այս լուսավոր տոնը։ Բայց սպասվում է, որ այսօր Երևան հասնող Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը կանդրադառնա օրվա խորհրդին, հաղթական նոր շունչ կհաղորդի քաղաքացիներին և կնորոգի Շուշին ազատագրելու հույսը։

Թաթուլ Մկրտչյան