copy image url
Միտք 1 շաբաթ առաջ - 10:51 08-05-2024

Պաշտոնատար անձանց արտահայտությունները հող են ստեղծում Ադրբեջանի կողմից նոր պահանջներ առաջադրելու համար

Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

««Սահմանազատման» կողմնակիցները պիտակավորում են դրան դեմ արտահայտվողներին որպես պատերազմ տենչողներ: Այնինչ, իմ և իմ ծանոթների մեծամասնության պահանջը սահմանազատումը ՀՀ և միջազգային օրենսդրությանը համապատասխան իրականացումն է: Տեղի ունեցող գործընթացն բացարձակ այդպիսինը չէ:

Նախ, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը հստակ նշում է, որ Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

Այդպիսի միջազգային պայմանագիրը ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի հիման վրա պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, իսկ մինչ դա Սահմանադրական դատարանի կողմից գնահատվի, քանի որ այդպիսի պայմանագիրն ունի ռազմական և քաղաքական բնույթ, կարող է առաջացնել ֆինանսական և գույքային պարտավորություններ:

Այնուհետև կարող է ստեղծվել միջպետական հանձնաժողով: Այդ հանձնաժողովը կարող է ստեղվծել կրկին միջազգային պայմանագրի հիման վրա, որը ըստ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի առնվազն պետք է հաստատվի նախագահի կողմից:

Դրանից հետո սահմանազատման արդյունքներով կնքվելու է կրկին միջազգային պայմանագիր, որը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի հիման վրա կրկին պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից:

Այս ընթացակարգով գնում է Վրաստանի հետ սահմանազատումը: 2001թ.-ին կնքվել է, այնուհետև Ազգային ժողովի կողմից վավերացվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը, որով կողմերը պարտավորվել են «գործադրել բոլոր ջանքերը պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացն արդյունավետ շարունակելու և ավարտելու համար»:

Դրանից հետո կնքվել են ևս մի քանի պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք վավերացվել են Ազգային ժողովի կամ հաստատվել Նախագահի կողմից: Հայաստանի և Վրաստանի սահմանազատման գործընթացը մինչև այժմ շարունակվում է: Պատերազմի որևէ վտանգ սահմանազատման բացակայության պատճառով չկա:

Ինչ է տեղի ունենում Ադրբեջանի պարագայում` ՀՀ վարչապետը, հիմնվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի վրա, 2002 թվականի մայիսի ստեղծում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, որը 2024 թվականի ապրիլին 19-ին երկրների փոխվարչապետերի մակարդակով ինչ-որ հայտարարություն է հրապարակում:

Նախ, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը Վարչապետին միայն խորհրդակցական մարմիններ կազմավորելու իրավունք է տալիս:

Երկրորդ, այսպիսի միջազգային պայմանավորվածությունները ըստ Սահմանադրության, «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի չեն կարող կատարվել փոխվարչապետերի և նույնիսկ վարչապետի մակարդակով: Այսպիսի պայմանավորվածությունները պետք է առնվազն հաստատվեն Նախագահի կողմից, իսկ եթե ավելի գրագետ լինենք` վավերացվեն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի գնահատականից հետո:

Ինձ կարող են, իհարկե, հակաճառել, որ մենք թույլ ենք, չենք կարող հղում կատարել իրավական փաստաթղթերին, ստիպված ենք Ադրբեջանի ուժային պահանջներին ենթարկվել: Դրա վերաբերյալ երկու միտք`

1. Մենք թույլ ենք այս կառավարության վերջին վեց տարիների ընթացքում վարած քաղաքականության պատճառով: Այսինքն, հենց այս կառավարությունն է մեզ մտցրել անելանելի վիճակի մեջ, հիմա ասում է` կներեն այլ բան չենք կարող անել:

2. Եթե նույնիսկ այլ ելք չունենք, առնվազն պետական պաշտոնյաները պետք է շատ զգույշ հրապարակային լեքսիկոն օգտագործեն, որպեսզի հետագայում` իրավիճակի փոփոխության դեպքում, այդ հայտարարությունները մեր դեմ չկիրառվեն:

Այժմ, բարձրագույն պաշտոնատար անձինք այնպիսի արտահայտություններ են անում, որոնք հող են ստեղծում ապագայում Ադրբեջանի կողմից նոր, այդ թվում` ֆինանսական բնույթի պահանջներ առաջադրելու համար և մեզ զրկում են մեր պահանջները առաջադրելու հնարավորությունից: Գոնե կարելի էր լռել: Եթե չեք լռում, նշանակում է սա ոչ թե կամ ոչ միայն ուժի պարտադրանք է, այլև նաև իշխող ուժի ցանկությունը»։

Ձեզ գուցե հետաքրքրի