Երևան +15°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 09:25 08-05-2024

Գյումրիի բուհերի ուսանողներին հրահանգել են չմիանալ Բագրատ Սրբազանի երթին

Արդեն մի քանի օր է Գյումրիում տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում`ավտոերթեր, իրազեկման ակցիաներ, հանրային քննարկումներ։Այս ակցիաներին գեթ մի ուսանող չի մասնակցում, որովհետև նրանց արգելված է մասնակցել հակաիշխանական ցույցերին։Oragir.News-ին Գյումրիի բուհերի ուսանողները հայտնում են, որ իրենց բուհերի ռեկտորները արգելում են մասնակցել ցույցերին`պատճառաբանելով, որ պետք չէ խառնվել քաղաքական պրոցեսներին և խաթարել դասապրոցեսը, մինչդեռ բոլոր ակցիաները հիմնականում ոչ աշխատանքային ժամերի են իրականացվում։

«Մենք ուզում ենք մասնակցել ցույցերին, որովհետև մեր հարցն էլ է, չենք կարող անտարբեր նստել ու նայել։Ասում են`քննական շրջան է, պետք չէ գնալ արկածախնդրության։ Սեպտեմբերի ցույցերի ժամանակ վախեցնում էին, որ դիպլոմ չեք ստանա։Մեզ սպառնում են բացականերով։Քննական շրջան է, շատ ուսանողներ իսկապես վախենում են մասնակցել ցույցերին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է ՇՊՀ-ում սովորող ուսանողներից մեկը։

Մեր զրուցակիցն ասում է, որ իրենց բուհում անգամ արգելել են մասնակցել ջահերով երթի, պատճառաբանելով, որ այն բացառապես քաղաքական աստառ ունի։

Գյումրիի մեկ այլ բուհի ուսանող էլ հիշում է, թե ինչպես էին 2018 թվականին իրենց ներքաշում ցույցերի մեջ և ասում, որ դուրս եկեք փողոց, որովհետև սա ձեր ապագային է վերաբերվում։

«2018-ին հաստատ իրավիճակը այսպիսին չէր, մենք պատերազմի շեմին կանգնած չէինք։Դուրս էինք գալիս փողոց հենց դասերի հաշվին, էն ժամանակ մեզ չէին ասում, որ դասապրոցեսը տուժում է։Հիմա ամեն ինչ փորձում են քաղաքական դարձնել, որ ուսանողները չմասնակցեն»,-ասում է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի արդեն նախկին ուսանողը։

ՇՊՀ-ից մեկ այլ ուսանող էլ ասում է, որ շատ է ուզում միանալ երթին, բայց քննության է այդ օրը։
«Շատ անարդար կերպով ուսանողին հա հենց կամ-կամ ի առաջ են դնում, բայց ուսանողն էլ իրավունք ունի, ինքն էլ կարող է իր չափով մասնակցություն ունենալ երկրում կատարվող իրադարձություններին»,-նշեց ուսանողը։

Գյումրիի արվեստի բուհերում սովորող ուսանողներին որևէ արգելք, կամ հրահանգ չի տրվել, բայց նրանցից ոչ բոլորն են մասնակցելու երթին։

Oragir.News-ի տեղեկություններով`դպրոցների, քոլեջների, այլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին ևս հրահանգ է տրված, որպեսզի արգելվի ուսանողության ու բարձր դասարանների աշակերտների ներկայությունը երթին։