copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 20:04 07-05-2024

Վաղը «լկտի ստի» լեգիտիմության վեցամյակն է․ Փաշինյանն այն նշանավորել է ասուլիսով

Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսը տևել է 4 ժամ․ այդ ընթացքում նա պատասխանել շուրջ 30 լրագրողի հարցերի։

Փաշինյանը խոսել է սահմանազատման գործընթացի, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման, խաղաղության պայմանագրի, Պուտինի հետ վաղն սպասվող հանդիպման մասին։

Առանձնացրել ենք ասուլիսի մի քանի կարևոր թեզեր։ Այդ մտքերը, որոնք հնչում են Հայաստանի փաատացի ղեկավարի շուրթերից, հենց միայն դրանով ունեն առանցքային կարևորություն։ Սակայն արդյո՞ք արտաբերելով գաղափարները, Փաշինյանը դրանք կենսագործում է հենց այդ՝ ուղիղ իմաստով, փորձել ենք ներկայացնել ստորև։

Ասուլիսի ընթացքում նա քանիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային գոտու Տավուշի հատվածում ընթացող «սահմանազատումը» միակ ճիշտ և ռացիոնալ որոշումն է, ընդ որում այդ որոշմանը Հայաստանն ու Ադրբեջանը հասել են «կիրթ-կառուցողական» եղանակով, առանց միջնորդների, ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների։ Եվ քանի որ «սահմանազատման» այդ տարբերակը ճիշտ է, ուրեմն ինքը՝ որպես Հայաստանի կառավարության գլուխ, մտադիր չէ ոչ մի կերպ հրաժարվել սահմանի ճշտումից, որն «ապալեգիտիմացնում» է պատերազմը։ Այլ կերպ ասած, «սահմանազատումը», որն իրականում Ադրբեջանին միակողմանի զրջումներ անելու ընթացակարգ է, իբր թե արգելափակում է պատերազմով տարածքներ զբաղեցնելու Ադրբեջանի ցանկությունը և հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններով հերթական անգամ ասել է, որ Հայաստանի շահերից է բխում Ադրբեջանի և Թուրքիայի հետ առկա հարցերի շուտափույթ կարգավորումը, այդ նպատակով նա որդեգրել է բացահայտ ադրբեջանամետ խոսույթ։

ՀՀ վարչապետի ենթակայությամբ գործող տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունները նույնական են Ադրբեջանի քարոզչական հարթակների բովանդակությանը։ Դրան զուգահեռ, իշխանությունն ինքը, ի դեմս ՀՀ վարչապետի, հիմք է ընդունում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում իր իշխանության օրոք ձևավորված խնդրահարույց հանգամանքները և հրապարակայնորեն անում այնպիսի հայտարարություններ, որոնց իմաստով հայ-ռուսական գործընկերությունը որակվում է, որպես վնասակար, կախյալ վիճակի վկայություն և ըստ այդմ՝ առնվազն վերանայման ենթակա։ Մինչդեռ, Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխությունը, բնականաբար, չի նշանակում Հայաստանի սուվերենության ամրապնդում, ինչպես փորձում է ներկայացնել Փաշինյանը․ հեռացումը Ռուսաստանից «փոխարինվում» է ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ խաղաղության, իսկ մի շարք էական հանգամանքների հաշվառմամբ՝ այդ տանդեմի հովանավորության փնտրտուքով։

ՀՀ կառավարության ղեկավարն անձամբ և իրեն ենթարկվող տեղեկատվական օղակներով լծվել է «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման, այն առաջնորդող Բագրատ արք․ Գալստանյանի և առհասարակ՝ Հայ Առաքելական եկեղեցու վարկաբեկմանը։ Նա հայտարարում է, որ պայքարի շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ առաջնորդողը՝ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Սա կեղծ է այնքանով, որ ժողովրդի ընդվզումն ունի կոնկրետ պատճառներ՝ ՀՀ վարչապետ աշխատող Փաշինյանը հայկական հողեր է խլում հայությունից և տալիս Ադրբեջանին, զրկում է հայ մարդուն անվտանգությունից, պաշտպանվածությունից․․․ Մարդիկ բողոքում են դրա՛ դեմ, իսկ եթե բողոքողների շարքում կան հոգևորականներ կամ քաղաքական ոլորտում գործող մարդիկ, դրանից ելնելով, Փաշինյանի մտավարժանքներն ու փաստացի զրպարտանքներն ինչքանո՞վ են կենսունակ։ Ի դեպ, Ռ․ Քոչարյանի գրասենյակի պետը պատասխանելով լրատվականներից մեկի հարցին, թե ինչպես կարձագանքի Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած այն մտքին, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն Ռոբերտ Քոչարյանը՝ ասել է. «Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»։

Ասուլիսին Փաշինյանը հայտարարել է, թե կողմնակից է մինչև սույն թվականի նոյեմբեր ամիս Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը խաղաղության հաստատման նախապայման է դրել Հայաստանի հետ «սահմանազատումը», որն ընթանում է ըստ Բաքվի ցանկության՝ բավարարելով Ալիևի բոլոր պահանջները, Հայաստանի կառավարության ղեկավարի այս հայտարարությունը միանգամայն հստակ ցույց է տալիս, որ իր երկրի սուվերենության անխնա մսխումը չի կարող զսպել թշնամի պետության ախորժակը և նրան մղել խաղաղության հաստատման։ Հետևաբար, Փաշինյանի կողմից հայտնված այս թեզը ևս սին է և հիմնազուրկ։

Եվ վերջում մեջբերենք ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցը՝ «իշխանության տեսանկյունից, ինչ քանակի մարդ պիտի հավաքվի, որը ձեր վարած քաղաքականության հետ համաձայն չէ և որը ձեզ համար կհամարվի բեկումնային կամ գուցե կհանդիսանա հրաժարականի պատճառ»։ Սրան Փաշինյանը պատասխանել է հետյալ խուսանավումներով․ «Եթե ժողովուրդը ուզենա ինձ աշխատանքից ազատի՝ ժողովուրդը ինձ աշխատանքից կազատի»: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ղեկավարողն իր կամքով հրաժարական չի ներկայացնի, անկախ նրանից, թե իր վարած քաղաքականությունն ով և ինչպես է քննադատում։

Ամփոփելով փաստենք, որ կեղծիքն ու ճշմարտության լղոզված ներկայացումը ՀՀ ներկա իշխանության բոլոր օղակների սովորական գործելաոճն են և արդեն երկար ու արյունոտ գոյության ընթացք ունեն։

Ի դեպ, վաղը լրանում է Փաշինյանի վարչապետության 6 տարին՝ ժամանակահատված, որտեղ խտացված ու թանձրացված ապրումներ ու ողբերգություններ են հանգրվանել։ Գուցե այդ օրը կարող է դառնալ արդի Հայաստանի նոր ընթացքի մեկնարկը։
Հուսանք և գործենք՝ մոտեցնելու ստի վախճանը և ճշմարտության հաղթանակը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան