Երևան +17°
copy image url
Միտք 2 շաբաթ առաջ - 17:40 30-04-2024

Կանգուն սյունը Փաշինյանի ձեռքբերումն է․ ամեն ինչ ընթանում է հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի

«Երեկ Գյունեյ գյուղի մի խումբ բնակիչներ՝ գյուղավագի գլխավորությամբ, եկել էին Երևան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանդիպի նրանց։ Հանդիպման ավարտին գյուղացիները ծայրահեղ ճնշված տեսք ունեին և հաղորդեցին, որ իրենց սպասումները չեն արդարացվել։ Ինչպես ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հենվելով կիրանցեցիների (գյունեյցիների) ասածների վրա, նրանց նորից թողել են անորոշության մեջ։ Գյուղացիները, պատգամավորի խոսքով, շոկային վիճակում են»։

Այսպիսի չարախնդությամբ է ալիևյան մամուլն անդրադարձել Կիրանց գյուղի ներկայացուցիչների հանդիպմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սահմանազատման» արդյունքում, ճիշտ է, տարածքը կունենա «ճշտված» սահման, բայց հնարավոր է, որ «7 օր հանգիստ լինելուց հետո 8-րդ օրը՝ ոչ» և որ՝ «ՀՀ-ն չի կարող երաշխավորել Կիրանցի «հայկական հատվածի» անվտանգությունը։

Թշնամական մամուլը գրում է․ «Ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ հայ գյունեյցիներին, որոնք 90-ական թվականներին զավթեցին այդ գյուղը և կոչեցին Կիրանց։ Բայց նրանք պետք է վերադարձնեն կողոպտածը, և գուցե Հայաստանում ապրողների թվում ավելանա դժգոհների քանակը․ տեսնում ենք, որ այդ քանակը համալրելու գործում ակտիվ են թե՛ Մարսելում կամ Լոս Անջելեսում հարմար տեղավորված սփյուռքահայերը, թե՛ «Ղարաբաղյան կլանը», թե՛ եկեղեցու անմաքուր ծառայողները․․․ Նրանք անգամ անչափահասներին են ներքաշել այդ կեղծ պայքարը․ խոսքը վերաբերում է Գյունեյի դպրոցի աշակերտների դասադուլին․․․ Ինչքան ուզում են՝ թող ավելանան, մեզ համար դա խնդիր չէ։ Կարևորը՝ իրենց իշխանությունն է սթափվել ու հասկացել, որ եթե Հայաստանը, որպես առանձին պետական միավոր, ուզում են, որ գոյատևի՝ ապա այն պետք է համակերպվի Ադրբեջանի լեգիտիմ, արդար պահանջներին»։

Ադրբեջանի «լեգիտիմ» պահանջին է անդրադարձել նաև «ՔՊ» կուսակցության խորհրդարանական անդամ, խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։ Նա հայտարարել է․ «Ադրբեջանը լեգիտիմ հիմք ունի հարձակվելու ՀՀ–ի վրա միայն Տավուշի 4 գյուղերից», ասել ուզելով, որ իր կուսակցական իշխանությունը հիմա Տավուշի գյուղերը տալով՝ «մեռցնում» է Ալիևի «լեգիտիմ հարձակման իրավունքը»։

Ադրբեջանում գոհ են «սահմանազատման» այս պրոցեսից։ «Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն իրենց դրսևորել են որպես առավել արդյունավետ և հաջողված գիծ՝ փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից», ասել է Կատարում գտնվող՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը, և նրան կարելի է հասկանալ․ ամեն ինչ ընթանում է հօգուտ Ադրբեջանի և, բնականաբար, ի վնաս Հայաստանի։ Եվ, թեև Ջեյհուն Բայրամովը խոսել է «փոխադարձ» արդյունքների հասնելու հնարավորությունից, բայց պետք չէ սպասել ինչ-որ հրաշքների։ Փաշինյանական Հայաստանի դեպքում «արդյունք» է արդեն այն, որ հանձնելով տավուշյան գյուղերը՝ ստանում է սպիտակ սյուներով սահման, որը, քանի դեռ կանգուն է, ապա Փաշինյանի ձեռքբերումն է, իսկ եթե մի օր ադրբեջանական տանկն անցնի դրա վրայով՝ կասեն, որ «նախկինների» կամ «ապագաների» դավադիր գործերից է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված