Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:00 29-04-2024

Հայաստանը Ռուսաստանի «հովանոցի» տակ է․ փաշինյանական քարոզիչները «խաղեր են տալիս»

Պուտինյան վարչակազմին կից գործող ռուսական պետական լրատվամիջոցը ցուցադրել է Իլհամ Ալիևի՝ ապրիլի 22-ին Մոսկվա կատարած այցելության ընթացքը լուսաբանող տեսանյութ։

Ադրբեջանի նախագահն այդ քարոզչական նյութում երևում է, որպես Վլադիմիր Պուտինի լավագույն ընկեր։ Միասին մտերմիկ քննարկում են ռազմավարական բնույթի տնտեսական, անվտանգային հարցեր․․․ Կրեմլում աշխույժ եռուզեռը ցույց է տալիս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը։

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանին կից գործող ԶԼՄ-ն գրում է․ «Միանգամից երևում է, որ Իլհամ Ալիևը գերազանց տիրապետում է Կրեմլում տիրող վիճակին։ Փոխհարաբերությունների իդիլիան ցույց է տալիս Պուտինի՝ Ալիևի հետ ընկերական հարաբերությունների թանկությունը, և դա դրսևորվում է բոլոր նրբություններով, ընդհուպ մինչև ավտոմեքենա Ալիևին ուղեկցելը․ քիչ է մնում ջուր շփի՝ տուն գնացող մաղթելով Ալիևին մաղթելով համընթաց քամիներ։ Դա կրկին ապացուցում է մեր այն թեզը, որ Ռուսաստանը չի կարող Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման համար միջնորդություն կատարել»։

Հարց է առաջանում՝ իսկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, երբ 2019 թվականին Բաղրամյան26-ում գտնվող նախագահական նստավայրում ԵԱՏՄ երկրների առաջնորդներին հյուրընկալելիս հենց Պուտինի նկատմամբ ցուցաբերեց բավական անշնորհք վերաբերմունք՝ նրան դիմավորելով նստավայրի ներսում՝ այն դեպքում, երբ մյուս ղեկավարներին դիմավորելու համար բարեհաճել էր իջնել բակ, ի՞նչ էր նա մտածում։ Թե՞ նրան թվում էր, որ ինքը «դուխով» է նաև այդ ժամանակ։ Իսկ որ այդ կոպիտ ժեստն իր հերթին փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, ինչի հետևանքով նաև, գուցե, ունեցանք այդքան աղետալի 44-օրյա պատերազմ, դրա մասին փաշինյանական մամուլը երբևէ գրե՞լ է։ Իհարկե, չի գրել, որովհետև այդ մամուլն աշխատում է իր տիրոջ քայլերը միայն դրական ներկայացնելու վրա։

Լավ, ասենք այդ միջադեպը հնգամյա հնության բան է, չարժի հիմա խորությամբ դիտարկել այն։ Բայց դրանից հետո Հայաստանի ղեկավարությունը քանի՜-քանի՜ անգամ է հակառուսական խոսույթ և քայլեր ձեռնարկել։ Եվ ինչ, թվում էր, թե Արևմուտքից որևէ մեկը հետևողականորեն կկանգնի Հայաստանի կողքի՞ն, նրան կպահի իր «հովանոցի» ներքո՞։ Իհարկե, ոչ․ «հովանոց» Փաշինյանի վրա, բառի բուն և փոխաբերական իմաստով, պահում է Պուտինը։

Եվ, իհարկե, դա էլ լավ գիտեն փաշինյանական քարոզիչները։ Գիտենալով հանդերձ՝ այսպիսի «խաղեր են տալիս», իբր թե լսարանին բացատրելով, թե Հայաստանի ամբողջ դժբախտությունների մեղավորը Պուտինն է, իսկ արևմտյան թևը ճարահատյալ բավարարվում է հայտարարություններով՝ գործնական քայլեր անելու կարողություն չունի։

Մեր դժբախտություններից մեկն այն է, որ, ինչպես ասում են, միշտ «հայի հետին խելք»-ով ենք առաջնորդվել, չցանկանալով հասկանալ ակնհայտ պարզ բաները․ լա՛վ է ռուսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, թե վա՛տ՝ այն միակ իրական գործոնն է, որ շուրջ 200 տարվա չնվազող ազդեցություն ունի ամբողջ Անդրկովկասում։ Անկախ մեր նախասիրությունից, բայց պետք է խոստովանենք, որ ռուսական պետությունն է կարողանում կռվեցնել ու հաշտեցնել՝ մեզ ու ադրբեջանցիներին, ադրբեջանցիներին ու վրացիներին, վրացիներին ու մեզ․․․ դեռ ավելի փոքրաքանակ անդրկովկասյան ժողովուրդներին չհաշված։

Ընթերցողներին խնդրում եմ հաշվի առնել մի պարզ բան ևս․ փաշինյանա-ալիևյան այս վերջին գործարքը՝ «սահմանազատումը», ողջունել են Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, այլ պետություններ, անգամ՝ Իրանը, բացի․․․ Ռուսաստանը։ Այն դեռևս քար լռություն է պահպանում։

Թե ինչու՝ եզրակացություններրը թողնեմ ձեզ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան