Երևան +15°
copy image url
Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 20:00 25-04-2024

Պաղեստինի «դաշնակիցը»․ Էրդողանը քննադատում է Իսրայելին, բայց առևտրից չի հրաժարվում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Միջազգային հանրության ուշադրությունը վերջին ամիսներին առավելապես կենտրոնացած է Գազայի ուղղությամբ, որտեղ Իսրայելի իշխանությունները ձգտում են այն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցնել, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վայելում է իսլամական աշխարհի ազդեցիկ դերակատարների աջակցությունը, հրաժարվում է զենքերը վայր դնել և Նեթանյահուի կառավարության հետ բանակցություններ սկսել։

Գազայում ընթացող հակամարտության համատեքստում բավականին ակտիվ են տարածաշրջանային ազդեցիկ դերակատարները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան։ Սակայն եթե Իրանն Իսրայելի հետ թշնամական հարաբերություններ ունի, Թուրքիան սահմանափակվում է բացառապես Իսրայելին ուղղված քննադատություններով, մեղադրանքներով, քաղաքական հարաբերությունների խզմամբ, սակայն շարունակում է տնտեսական կապեր պահպանել այդ երկրի հետ, որից առհելի եկամուտներ է ստանում։

Էրդողանը երբեմն Իսրայելի իշխանությունների, այդ թվում վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերաբերյալ այնպիսի կոշտ հռետորաբանությամբ է հանդես գալիս, որ տարածաշրջանային զարգացումներին ու թուրք-իսրայելական հարաբերությունների առանձնահատկություններին անծանոթ վերլուծաբանների ու հասարակ քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ վերջինս Պաղեստինի ժողովրդի շահերի պաշտպանն է։ Օրերս նա Նեթանյահուին հերթական անգամ անվանել է մերօրյա Հիտլեր՝ պնդելով, որ նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից։

«Մենք կշարունակենք բացահայտել ճշմարտությունը և բացահայտել Իսրայելի գործած սպանությունները: Մենք պետք է իմանանք, որ ներկայիս Հիտլերը՝ Նեթանյահուն, և նրա հանցակիցները չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից: Անկախ նրանից, թե որքան հեռու նա վազի, մենք կհետևենք նրան»,- ասել է Էրդողանը՝ պնդելով, որ Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածի օկուպացիան «դռները կբացի նոր օկուպացիաների առաջ և կուժեղացնի իսրայելական ագրեսիան»։

Իսրայելի հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունները պահպանով Թուրքիայի նախագահն օրերս անհարմար վիճակում է հայտնվել։

Մասնավորապես Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թղթակիցն ուշագրավ է հարց հղել Էրդողանին, որը հայտնվել է միջազգային ու թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։

Թղթակիցը տվել է հետևյալ հարցը. «Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները։ Այս ամենն ինչպե՞ս կբացատրեք»։

Էրդողանն արձագանքել է. «Մենք այլևս ակտիվ չենք պահում Իսրայելի հետ առևտուրը։ Նեթանյահուն վտանգում է մեր ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ իր քաղաքացիների անվտանգությունը՝ լոկ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար»։

Այսպիսով՝ Պաղեստինի ժողովրդի դաշնակցի դիրքերից հանդես եկող Թուրքիան մի կողմից խստորեն քննադատում է Իսրայելի իշխանություններին, նրանց համեմատում նացիստների հետ, իսկ մյուս կողմից չի հրաժարվում նացիստական այդ պետության հետ տնտեսական հարաբերությունները խորացնելուց։ Այս իրավիճակը պայմանավորած է նախևառաջ Թուրքիայում տնտեսական ծանր իրավիճակով, որը Էրդողանն ու իր գլխավորած կառավարությունը մի քանի տարի ինչ չեն կարողանում հաղթահարել, իսկ այդ իրավիճակում Էրդողանն իրեն չի զրկում Իսրայելի հետ առևտրից ստացվող միլիոնավոր դոլարներից։

Ներկայումս Իսրայելը շարունակում է մնալ Թուրքիայի կարևոր առևտրային գործընկերը․ 2023 թվականին Թուրքիայից արտահանումների ցանկում այս երկիրը զբաղցրել է 13-րդ հորիզոնականը։ Նախորդ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 5,42 միլիարդ դոլար, ինչը Թուրքիայի ընդհանուր արտահանման 2,1 տոկոսն է։ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը ութ նավ ընդհանուր 701 ուղևորություն է կատարել թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։ Դրանցից 480-ը նավարկել է ուղղակիորեն, իսկ 221-ը Թուրքիան օգտագործել է որպես տարանցիկ երկիր։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ փետրվարին Թուրքիայի առևտուրը Թել Ավիվի հետ աճել է 20,7 տոկոսով՝ հասնելով 422 միլիոն դոլարի։ Իսրայելի գյուղատնտեսության նախարարության տվյալները ցույց են տվել նաև, որ Հորդանանն ու Թուրքիան այն երկու երկրներն են, որոնք ամենից շատ միրգ ու բանջարեղեն են մատակարարել Իսրայել։

Դավիթ Գույումջյան