Երևան +10°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 17:00 24-04-2024

Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ցեղասպանությունը համամարդկային տառապանք է, որին ենթարկվելու բախտին դարեր շարունակ իր անկախ պետականությունը կորցրած հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբին, ցավոք սրտի, արժանացավ։

Դեռևս 1878-79 թվականների Սան Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովներից հետո, երբ հայկական հարցը միջազգայնացավ, Օսմանյան կայսրության իշխանությունները ընտրեցին այդ հարցից ցեղասպանության միջոցով ձերբազատվելու ճանապարհը, իսկ 1908 թվականին իշխանության գլուխ եկած երիտթուրքերը միայն արագացրեցին այդ գործընթացը։

Հայոց ցեղասպանությունից հետո մեծ կարևորություն ստացավ այդ հանցագործության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը, որն ինչ-որ չափով ամոքում էր ցեղասպանված հայ ժողովրդի վճիռը։ Չնայած Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչած երկիրն Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, սակայն այս գործընթացը նոր թափ ստացավ Հայաստանի անկախացումից հետո, իսկ առավել մեծ թվով պետություններ սկսեցին այն ճանաչել 1998 թվականից հետո, երբ նախագահի պաշտոնում ընտրված Ռոբերտ Քոչարյանն այն ներառեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում։

Բնականաբար այս գործընթացում նախևառաջ կարևորը ցեղասպանությունն իրականացնող պետության իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության ճանաչումն էր, սակայն այդ երկրի իշխանություններն առ այսօր շարունակում են հերքել ցեղասպանության իրողությունը։ Սակայն, հայ ժողովուրդը և հատկապես նրա սփյուռքում բնակվող հատվածը, կարևորում էր աշխարհի գերհզոր պետությունների, հատկապես Միացյալ Նահանգների ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը, քանի որ այն կարող էր հանգեցնել նաև այլ երկրների ճանաչմանը։

Հայոց ցեղասպանության թեման ԱՄՆ-ում մշտապես քաղաքական գործընթացների մաս էր կազմում, քանի որ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ պետության ղեկավարի թեկնածուները խոստանում էին, որ ընտրվելու դեպքում կճանաչեն այն։ Նման խոստումներ տվել են ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները, սակայն ընտրվելուց հետո նրանք խուսափում էին Հայոց ցեղասպանություն տերմինը կիրառելուց և փոխարենն արտաբերում էին Մեծ եղեռն եզրույթը, որը, մասնագետների պնդմամբ, ցեղասպանության իրավական զուգորդական իմաստը չունի:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն իր նախորդների, կատարեց իր խոստումը և 2021-ի իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործեց հենց ցեղասանություն եզրույթը, ինչը Հայաստանում և սփյուռքում մեծ ոգևորության առիթ դարձավ։ Բայդենը ցեղասպանությունը եզրույթն օգտագործեց նաև 2022-ին և 2023-ին։

Բնականաբար այս հարցում ահռելի աշխատանք էր կատարել Միացյալ Նահանգներում բնակվող հայ համայնքը, որը շատ հաճախ իր ակտիվ գործունեության համար արժանանում է պաշտոնական Անկարայի և Բաքվի խիստ դժգոհությանը։

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համընկավ մի ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանը պարտվել էր Արցախյան 44-օրյա պատերազմում, ինչպես նաև պատրաստվում էր նույն թվականի ամռանը նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս համատեքստում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի պաշտոնավարման հետևանքով էլ տեղի էր ունեցել մեծագույն աղետը, արժանանում էր ընդդիմության խիստ քննդատությանը՝ ոչ միայն Արցախի, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարվելու համար։

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես կատարելու է նաև Թուրքիայի այս պահանջը և հրաժարվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ այն փաստացի պատվիրակելով հայկական սփյուռքին։ Ասվածի վկայությունը կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի այսօրվա ուղերձն էր, որում նա արտաբերել էր ոչ թե ցեղասպանություն, այլ Մեծ եղեռն եզրույթը, ինչը երբեք Հայաստանի ոչ մի ղեկավար չէր արել։

Սակայն արտահերթ ընտրությունների գնացող և սեփական վերընտրվելն ամեն ինչից կարևորող Նիկոլ Փաշինյանը 2021-ին կտրականապես հերքում էր նմանաբովանդակ բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ իր կառավարությունը չի հրաժարվելու ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից։ Ավելին՝ 2021-ի մայիսի 10-ին Փաշինյանը ԱԺ ամբիոնից սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով, որ եթե ՀՀ կառավարությունը չցանկանար, ապա ԱՄՆ նախագահը չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«3 տարվա մեջ արվել է նախորդ 10 տարվա արածի 45-50 տոկոսը: Տեղի է ունեցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր ու շրջադարձային իրադարություններից մեկը: ԱՄՆ վերին ու ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այն ընդունվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: Եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի, դա միանշանակ տեղի կունենար, ինչպես տեղի է ունեցել»,- պնդում էր նա՝ հայտարարելով, որ իրենց թրքասիրության մեջ մեղադրողները ԱՄՆ-ին համոզել են չընդունել ցեղասպանությունը՝ հղում անելով համացանցում տարածված ինչ-որ տեղեկությունների։

Արտահերթ ընտրություններում հաջողության հասնելուց և վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով կարգավորելու քաղաքականությունը, և այդ ճանապարհին վերջինս սկսեց կատարել Անկարայի կողմից ներկայացված բոլոր նախապայմանները։ Այդ նախապայմանների շարքում կարևոր տեղ ուներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարումը, որը Փաշինյանը սկզում պատվիրակեց հայկական սփյուռքին, վերջերս հայտարարեց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին նույնականացնելու անհրաժեշտության մասին, իսկ այսօր էլ իր ուղերձում օգտագործեց ոչ թե ցեղասպանություն, այլ Մեծ եղեռն ձևակերպումը։

Այպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց դեռևս 2021 թվականի մայիսի 10-ին իր հնչեցրած հայտարարությունն առ այն, որ ցանկության պարագայում ինքը կարող է կասեցնել որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։ Փաստացի 2021-ից հետո, երբ Փաշինյանը սկսեց նմանաբովանդակ հայտարարություններ անել, ինչպես նաև Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հերթական փուլը նախաձեռնել, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի կանգ է առել և դրանից հետո ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել այն։

Փաշինյանի որդեգրած այս քաղաքականությունը բարդացնում է նաև սփյուռքահայ կազմակերպությունների աշխատանքը, որոնք օր ու գիշեր աշխատում էին ու շարունակում են աշխատել՝ իրենց երկրներում ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար։ Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարն է խուսափում ցեղասպանություն տերմինն արտաբերելուց, անիրատեսական է ակնկալել, որ որևէ երկրի ղեկավար կնախընտրի վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Դավիթ Գույումջյան


Ձեզ գուցե հետաքրքրի