Երևան +15°
copy image url
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 16:48 23-04-2024

Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից

Հայտարարության նախագիծը, որը ներկայացրել եք հանձնաժողովի քննարկմանը, այլընտրանք է առաջարկում կառավարող ուժի որդեգրած մոտեցմանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նշենք, որ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցը և հիմնական զեկույցով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 1991 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։ Կարապետյանը շեշտեց՝ 1991 թվականին Արծվաշենը ՀՀ տարածք էր, 93 թվականին, որով առաջարկվում է նախագծով հիմք ընդունել սահմանազատումը, ամենայն հավանականությամբ գտնվում էր օկուպացիայի ներքո: Ընտրեք՝ 93 թվականի շփման գի՞ծը, թե՞ 91 թվականի պետական սահմանը»,- ասաց Կարապետյանը։

Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի տակ Ադրբեջանի ստորագրություն չկա և այն ինչի վրա իշխանությունը հղում է կատարում ուժի մեջ է մտել 1993 թվականին։

«Մենք այս պահի դրությամբ Ադրբեջանին ավելի շատ տարածք ենք տվել, քան Ադրբեջանը հայտարարում է, թե մենք ենք վերահսկում։ Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք՝ դու դուրս արի Ջողազի ջրամբարից հյուսիս ընկած տարածքից, դուրս արի հենց հիմա Ջերմուկից։ Պետք չի ասել, թե սահման չկա, սահման կա։

էդ Ալիևն է ասում Ջերմուկում սահման չկա դրա համար եկել եմ։ Հայելային պահանջ ներկայացրեք, հիմքը ընտրենք և գնանք սահմանազատման, ոչ թե Ադրբեջանի անմիջական սպառնալիքի ներքո կապիտուլյացիայի»,- ասաց նա։

Մարիա Կարապետյանն էլ արձագանքեց, թե ՀՀ կառավարությունը գիտի որ ՀՀ տարածքը 29,743 քկմ է և գիտի, որ դրանից 208 քկմ-ն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։

«Մենք ներկայացնում ենք այս պահանջը՝ հետ վերադարձնելու այդ 208 քկմ-ն։ Դուք պնդում եք, որ այն ավելի է, ասացեք՝ քանի՞ քառակուսի կմ պետք է Ադրբեջանը դեօկուպացնի, որ վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Դուք գիտե՞ք այդ մակերեսը, որի պաշտպանության դիրքերից պետք է ՀՀ-ն հանդես գա, ասեք այդ թիվը»,- ասաց նա։

Խաչատրյանն էլ նշեց, որ եթե իրենք հղում են կատարում Սովետական Միության գլխավոր շտաբի քարտեզների վրա, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբում նույնպես կան քարտեզներ, որոնք շփման գիծը ցույց են տալիս և ՀՀ կառավարության որոշում՝ որ շփման գիծը հավասարեցվել է պետական սահմանի, այսինքն դրա փոփոխությունը պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։

«Բայցևայնպես, եթե այսօր Ադրբեջանը 208 քկմ տարածք մեզանից օկուպացրել է, դա պետք է լինի առաջնահերթ պահանջ։ Դուք ասում եք՝ այսպիսի բան, եթե ասենք բա Ադրբեջանը ի՞նչ կասի: Ինչ ուզում է թող ասի: Ժողովուրդն ասում է այս 208 քկմ-ն հետ բերեք, ասում են չէ՞ մարդիկ՝ Ջերմուկից քշեք նրանց, ձեր պատասխանատվությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ է, ոչ թե Ադրբեջանի»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը: