Երևան +14°
copy image url
Միտք Արտաքին 1 շաբաթ առաջ - 17:00 22-04-2024

Օկուպացված Ստեփանակերտում առ այսօր պարետային ժամ է․ ինչի՞ց են վախենում զավթիչները

«Խանքենդի» մոգոնված անվանումով ադրբեջանական մամուլում շրջանառվող Ստեփանակերտը շարունակ ադրբեջանական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում է։

Զավթված Արցախ եկած հերթական լրագրողն ադրբեջանական haqqin.az-ից է․ նա «Խանքենդիից» հաղորդում է իր տպավորությունները։

«Չնայած որոշների նկարագրություններին՝ քաղաքը բոլորովին ուրվականի նման չէ։ Այն, ճիշտ է, առայժմ բազմամարդ չէ, բայց ունի ընտանեկան, տնային մթնոլորտ։ Փողոցներում աշխույժ երթևեկություն է, լսելի են շինարարա-նորոգողական աշխատանքների ձայներ, ամենուր վերականգնվում է քաղաքային ենթակառուցվածքը․․․», զմայլվում է նա՝ զբոսնելով այդ իդիլիկ միջավայրում և «Արազ» սուպերմարկետի (նախկինում՝ Հաղթանակի հրապարակի՝ «Կոլցեվոյի» սուպերմարկետ – հեղ․) բանուկ շրջակայքում հանդիպելով «բնիկ խանքենդցի և հիմա իրենց քաղաք վերադարձած» մարդկանց, որոնք անվրդով սրճում են։
«Խանքենդիում հիմա ամենապահանջվածը պաղպաղակն է», լրագրողին պատմում է վաճառողը, որին այդ պահին մոտենում է ռուսական զորախմբի զինծառայողներից մեկը․ նա ադրբեջաներեն ողջունելով՝ գնում է դեպի տնտեսական ապրանքների բաժին։ «Երևի մեկնելուց առաջ առևտուր է անում», մտածում է թղթակիցը՝ նշելով, որ ՌԽԶ ծառայողը գնել է սափրելու, մաքրության պարագաներ։

«Քաղաքի ամենահեռավոր թաղամասերն ու փողոցները շուրջօրյա տեսահսկվում են։ Ուղիղ ժամը 21։00-ին սկսվում է պարետային ժամը, բայց մինչ այդ՝ բոլոր քաղաքացիականները պետք է գտնվեն կա՛մ իրենց տներում, կա՛մ բանվորական կացարաններում», հաղորդում է լրագրողը՝ կտրուկ անցում կատարելով հայտնի Միշա Գրիգորյանին, որի տունը ցույց տալով՝ ադրբեջանցի բանվորները հայտնում են, որ այնտեղ «ուրիշ հայեր էլ են ապրում»։

Օկուպացված Ստեփանակերտում Միշա Գրիգորյանն այն եզակի մարդն է, որին ադրբեջանական մամուլը ներկայացնում է միանգամայն դրական լույսի ներքո․ մարդը որոշել է մնալ իր ծննդավայրում, որտեղ հիմա ադրբեջանցիներն են «վերադարձել» ու աշխատում է այնտեղ․․․ «Ադրբեջանցիների շրջանում Միշան լավ ծանոթներ ունի և իրեն շատ հարմարավետ է զգում», հայտնում է լրագրողը, բայց չգիտես ինչու՝ Միշայի տուն չի մտնում՝ տեսնելու նաև «ուրիշ հայերին», այլ միայն ավելացնում է․ «Այսօր Խանքենդիում ապրող հայերը հիմնականում տարեց, միայնակ մարդիկ են, որոնց խնամք է պետք։ Տեղի իշխանությունները նրանց ապահովում են սննդով և անհրաժեշտ պարագաներով»։

Անդրադառնալով Հաղթանակի հրապարակին՝ ադրբեջանցին շեշտում է․ «Հենց այստեղ է 1988 թվականի փետրվարի 13-ին սկսվել հայերի համար կործանարար շարժումը։ Այդ նույն հրապարակից էր 35 տարի առաջ «բազմադեմ» լրագրող Հենրիխ Բորովիկն իր տխրահռչակ «Դիրքորոշում» հաղորդմանը ցուցադրել «Հայաստան, միացում» կեղծհայրենասիրական լոզունգի ներքո ընթացող ցույցերը։ Հիմա այս հրապարակում տեղադրված է «Ղարաբաղն Ադրբեջան է» վիթխարի ցուցանակը»։

Այո, Արցախն օկուպացված է, սակայն երևում է, որ այն զավթիչների կոկորդին է կանգնել։ Նրանք ավելի քան 7-ամսյա օկուպացիայից հետո էլ ստիպված են պարետային ժամ սահմանել, քանի որ արդարացված վախենում են ամեն քարից ու սյունից, որովհետև թե՛ Ստեփանակերտը, որին հիմա «Խանքենդի» ծաղրանունն են փորձում կպցնել, թե՛ Արցախն ամբողջությամբ երբևէ ադրբեջանական չեն եղել ու չեն լինի։

Տիգրան Աթանեսյան