Երևան +13°
copy image url
Միտք Արտաքին 1 շաբաթ առաջ - 12:18 22-04-2024

Մոսկվան և Բաքուն միասնական դիրքորոշում են մշակել ընդդեմ Երևանի

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու իր ռուս պաշտոնակցի հետ։

Այդ հանդիպումը լինելու է 2024 թվականին երկու նախագահների վերընտրությունից հետո առաջին շփումը։ «Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերումը և Հայաստանի ու Ադրեբջանի սահմանագոտու սահմանազատման շրջանակներում 4 գյուղի վերադարձն Ադրբեջանին հնարավորություն են տալիս վերակենդանացնելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ ձևաչափը, որը դադարել է աշխատել այն բանից հետո, երբ Երևանն Արևմուտքի հետ մերձենալու փորձեր է ձեռնարկել։ Իլհամ Ալիևից հետո Մոսկվայում սպասում են Նիկոլ Փաշինյանին, որի հետ կընթանա լուրջ խոսակցություն՝ Երևանի արտաքին քաղաքական ռազմավարության շուրջ», բավական թափանցիկ գրում է ռուսական մերձիշխանական «Կոմերսանտ» պարբերականը՝ հասկացնելով, որ Հայաստանի խնդիրները պայմանավորված են արևմտյան գործընկերության փնտրտուքով։

Իլհամ Ալիևի մեկօրյա պաշտոնական այցելությունը Մոսկվա անոնսավորել էր Կրեմլը՝ անցած շաբաթվա վերջում։ «Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական բնույթի հարաբերությունների զարգացման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ իրականացնել մտքերի փոխանակում», հայտնել էր ՌԴ նախագահի վարչակազմը։

ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման խորհրդանշական առիթ է ծառայել Բայկալո-ամուրյան մագիստրալի (ԲԱՄ) կառուցման 50-ամյա հոբելյանը։ Թեև այդ իրադարձությանը նվիրված գլխավոր միջոցառումները տեղի կունենան հուլիսի 8-ին, սակայն քանի որ Պուտինը շատ է կարևորում Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի (ով ահդ տարիներին զբաղեցնում էր ԽՍՀՄ նախարարների խորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնը) անձնական ավանդը մագիստրալի շինարարությանը, այդ պատճառով Իլհամ Ալիևի մոսկովյան այցելության շրջանակներում նախատեսված է ԲԱՄ-ի շինարարության 50-ամյակին նվիրված հանդիսավոր ծրագիր, որին կմասնակցեն Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը։

Ալիևի՝ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին տեղեկություններ տարածվեցին Արցախից ռուսական զորախմբի դուրսբերման մասին։ Զորախմբի մանդատն ավարտվում է 2025 թվականի նոյեմբերին, և ժամկետից առաջ դուրսբերումը փորձագիտական համայնքում բուռն քննարկում էր հարուցել։ Ոմանք կարծում են, որ զորախմբի վաղաժամկետ դուրսբերումը ցույց է տալիս «Ադրբեջանի՝ իր սուվերեն տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովումը», «Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի անձնական բարձր փոխհարաբերությունների վկայությունը», ինչպես նաև «եվրոինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերը, որոնք անվտանգային լուրջ սպառնալիք են ներկայացնում»։

«Մինչև վերջին ժամանակները Հայաստանում պատճառաբանում էին, թե քանի որ Ղարաբաղում են գտնվում ռուս խաղաղապահներ, ուրեմն, հավասարակշռության համար, պետք է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվեն եվրոպական դիտորդներ։ Իր հերթին, այդ առաքելությունը Հայաստանում Արևմուտքի ռազմա-ոստիկանական գործիք է, թեև Մոսկվան ու Բաքուն այն համարում են ավելի շատ լրտեսական ներկայություն։ Սակայն հիմա ռուսական խաղաղապահության գործոնի վրա հղումը չի աշխատում, և հնարավոր է, որ այդ հարցը լայն քննարկման առարկա դառնա Կրեմլում ռուս-ադրբեջանական բարձրագույն մակարդակի բանակցություններին», նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ալիև-Պուտին բանակցությունների մյուս կարևոր կետը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտմանը։

«Ի դեպ, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի ավարտից հետո հնարավոր է գտնում այդ տեղանքից ռուսական հենակետերի դուրսբերումը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը Հայաստանի արևելքում և հարավում լրացուցիչ ծավալվեցին Գյումրիի 102-րդ բազայի հենակետերը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հաղորդվել էր օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Այսպիսով, Պուտինի և Ալիևի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունու նոր մարտահրավերները, որոնք առաջանում են Երևանի՝ նախընթաց դիրքորոշումների փոփոխությամբ», գրում է «Կոմերսանտ»-ը։

Այսպիսով, Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախ՝ Ալիևի, ապա՝ Փաշինյանի հետ խոստանում է լինել շրջադարձային՝ Հարավային Կովկասում տիրող բարդ իրավիճակին առնչվող մի շարք հարցերի հանգուցալուծման առումով։

Հանգուցալուծում, որն ըստ ամենայնի, կլինի Մոսկվա-Բաքու հետաքրքրությունների բավարարման նպատակով։

Տիգրան Աթանեսյան

Ձեզ գուցե հետաքրքրի