copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 16-04-2024

Անդրանիկ Քոչարյանը թշնամու թելն է թելում․1․5 մլն զոհերին հնարավոր չէ նույնականացնել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որն իրականացվեց մի քանի փուլերով և ընդհանուր առմամբ դրա հետևանքով զովեց շուրջ 1․5 մլն մարդ, իսկ եթե այս թվին գումարենք դեռևս 1890-ական թվականներից մեկնարկած կոտորածների ու Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո կազմակերպված ջարդերի հետևանքով զոհված հայերի թիվը, ապա զոհերի ընդհանուր թիվը կգերազանցի 2 միլիոնը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից, որոշներում անգամ քրեականացվել է դրա ժխտումը, սակայն ցեղասպան պետության՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիայի Հանրապետությունը, առայսօր հրաժարվում է ճանաչել այն և հայ-ժողովրդից ներողություն խնդրել։

Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայացվող նախապայմաններից մեկն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից հրաժարումն էր։ Այս գործընթացը 1998 թվականից սկսած ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, ինչն արժանացել է պաշտոնական Անկարայի խիստ դժգոհությանը, և վերջինս ամեն կերպ պայքարում է դրա դեմ։

Թուրքական ժխտողականության քաղաքականությունն այս տարիների ընթացքում մշակել է մի շարք քարոզչական թեզեր, որոնք, միջազգային հանրության շրջանում տարածելով, փորձում է կտրականապես հերքել Հայոց ցեղասպանությունը։ Դրանցից մեկն էլ այն է, որ իրականում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե Հայոց ցեղասպանություն է իրականացվել, այլ Օսմանյան կայսրության առավել վտանգավոր շրջաններից բնակչության տեղահանություն, որի հետևանքով զոհվել են նաև որոշ հայեր, սակայն նրանց թիվը 1․5 միլիոնից քիչ է։

Հայաստանի Հանրապետությունը մշտապես փաստարկված հակադարձել է թուրքական քարոզչության այս թեզերին՝ թույլ չտալով, որ այն տարածում գտնի և ընդունվի միջազգային հանրության շրջանում։ Անկախ նրանից, թե Հայաստանում որ քաղաքական ուժն է եղել իշխանության, վերջինս հետամուտ է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ինչն արժանացել է Թուրքիայի իշխանությունների և այդ երկրի լոբբիստական կազմակերպությունների դժգոհությանը։

Ցավոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները որդեգրել են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ամեն գնով կարգավորելու քաղաքականությունը՝ այս ճանապարհին հրաժարվելով այն բոլոր կարմիր գծերից, որոնք Հայաստանը 3 տասնամյակ ունեցել է։ Այս պարագայում բացառություն չդարձավ նաև Հայոց ցեղասպանությունը, որի միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացը ներկայիս իշխանությունները պատվիրակեցին հայկական սփյուռքին։

Օրերս Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անուն-ազգանուններով նույնականացնել Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված ավելի քան 1․5 միլիոն անձանց։ Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ ՀՀ-ն ունի Ցեղասպանության թանագարան, ցեղասպանության հետ կապված գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ կան, սակայն ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները, որպեսզի դա լինի շատ թիրախային։

Քոչարյանի այս հայտարարությունն իրարամերժ քննարկումների և ողջամիտ կասկածների պատճառ դարձան։ Իրավացիորեն շրջանառվում է այն թեզը, որ իշխանական պատգամավորն այս թեզը հնչեցնում է Անկարայի պահանջով, որպեսզի դրանով հիմքեր ստեղծվի Հայոց ցեղասպանության միջագային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից առհասարակ հրաժարվելու համար։

Եթե մի կողմ դնենք ՔՊ-ական պատգամավորի հայտարարության քաղաքական բաղադրիչը, որը վերջինս հնչեցրել է բնականաբար Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ու հորդորով, ապա ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ1․5 միլիոն զոհերին ցեղասպանությունից ավելի քան 1 դար անց նույնականացնելը գրեթե անհնար մի բան է։ Մի կողմից սա չափազանց մեծ ռեսուրսներ և ջանքեր պահանջող գործընթաց է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահաջատիրության գործընթացքում ՀՀ-ին ոչ մի լրացուցիչ կռվան չի տալու, իսկ մյուս կողմից խնդիրն առնչվում է 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության հետ, որն առհասարակ բավականին փնթի էր վերաբերվում փաստաթղթաշրջանառության գործընթացին։

Բացի այդ, Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին թուրքական արխիվները զտման մի քանի փուլ են անցել և պետության գործուն ջանքերով ոչնչացվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք կարող էին վնասել Թուրքիայի պետական շահերին։ Կարևոր է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե անգամ Թուրքիայի արխիվներում որոշ փաստաթղթեր այնուամենայնիվ պահպանված էլ լինեն, ապա հայ հետազոտողները չեն կարող հեշտությամբ հասնելիություն ստանալ դրանց, ուսումնասիրել և ստանալ ավելի քան 1․5 միլիոն զոհերի անուն-ազգանունները։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին անուն-ազգաննուններով նույնականացնելը չափազանց բարդ գործընթաց է, որն, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել, հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ, որը կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը։ Ավելին՝ անգամ հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի դեպքում, որի հետևանքով զոհվել է շուրջ 6 մլն հրեա, առ այսօր հնարավոր է եղել նույնականացնել նրանցից միայն 4 միլիոնին, ընդ որում սա այն դեպքում, երբ Գերմանիան ճանաչել է սեփական ոճրագործությունն ու ներողություն խնդրել, ինչպես նաև եվրոպական մյուս պետությունների հետ, որոնց աջակցությամբ իրագործել է հրեաների ցեղասպանությանը, նպաստել դրա բացահայտմանը։

Այլ հարց է, թե այս նախաձեռնությամբ ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանի իշխանությունը, որը վերջին տարիներին ընդգծում է «թշնամանքը հաղթահարելու անհրաժեշտությունը»՝ պնդելով՝ «որքան մենք ենք թշնամի համարում, այնքան մեզ են թշնամի համարում»։ Այս համատեքստում հանրության որոշ շերտեր համոզված են, որ սա ՀՀ-ի կողմից կլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից պաշտոնապես հրաժարվելու առաջին քայլը, իսկ առավել վատատեսները հակված են պնդել, որ նման կերպ Հայաստանի իշխանությունները հիմք են նախապատրաստում առասարակ Հայոց ցեղապանության եղելությունը հերքելու համար։