Ուղիղ եթեր
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 10:40 16-04-2024

Հարվածե՞լ հիմա, թե՞ սպասել նոր ողբերգության

Հրթիռա-դրոնային գրոհը, որն սկսել էր Իրանը ապրիլի 14-ի գիշերը, հարուցել է 2 հակասական արձագանք։ Մի դեպքում, երբ կողմերից մեկը հրճվում էր ծիծաղելի արդյունքի համար, մյուս բևեռում գլուխներն էին օրորում, դիտելով, թե ինչ աստիճանի է հասել իրանական հարվածային հզորությունը։ Հասկանալի է առաջինների ուրախությունը, բայց և ապագայի անվտանգության նկատառումներից ելնելով, արժե կենտրոնանալ մյուսների մտահոգությունների վրա։

Ոչ ոք չի կասկածում Իրանի և Իսրայելի ռազմատեխնիկական զարգացման ահռելի տարբերության վրա։ Այն, ինչով գրոհել էր Իրանը, համեմատելի չէ նրա հետ, թե ինչով է պաշտպանվել Իսրայելը։ Սակայն կան մի շարք հանգամանքներ, որոնք ստիպում են լրջորեն անհանգստանալ։

Առաջին հերթին, Իրանի գրոհի մասին հայտնի էր վաղօրոք։ Թեհրանը հարձակման մասին տառացիորեն նախազգուշացրել էր մի շարք մայրաքաղաքների, որոնց միջոցով տեղեկացվել էր նաև Վաշինգտոնը։

Երկրորդը՝ որը բխում է առաջինից, այն է, որ նախազգուշացումը թույլ տվեց գրոհին դիմակայելուն նախապատրաստվել ոչ միայն Իսրայելի զինուժին, այլ նաև ներգրավել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հորդանանի պաշտպանական հնարավորությունները։ Անգամ Թուրքիայի Քյուրեջիք ռադարային կայանն էր մասնակցում թիրախների հայտնաբերմանը, որոնց մասին տվյալները հետագայում տրամադրվում էին ՀՕՊ միջոցներին։

Երրորդը՝ Իրանն իր հարվածը հաշվարկել էր այնպես, որ այն թողնի անհրաժեշտ տպավորություն, բայց և չբերի զոհերի ինչ-որ քանակի և չպատճառի մեծամասշտաբ ավերածություններ՝ հակառակորդի ցասումը չհարուցելու և անհապաղ պատասխան հարված չհրահրելու նպատակով։

Չորրորդը, որն անմիջականորեն կապված է նախորդ փաստարկի հետ, այն է, որ հրթիռները և ԱԹՍ-ներն արձակվել են անմիջականորեն Իրանի տարածքից՝ անցնելով վիթխարի տարածություն և պաշտպանվող կողմին հնարավորություն տալով ժամանակին «հայտնաբերել» իրենց։ Եթե, օրինակ, արձակված միջոցների գոնե մի մասը Իսրայել գար Սիրիայում, Իրաքում և Լիբանանում գործող իրանական պրոքսիների կողմից, այսինքն՝ կարճ տարածությունից,- Իսրայելի վրա հարվածը կլիներ շատ ավելի ավերիչ։

Փաստորեն, Իսրայելն իրանական հրթիռա-դրոնային «առավելագույն» հարվածից պաշտպանվել է «նվազագույն» ռեսուրսներով, քանի որ հասկանալու համար այլընտրանքային գրոհի հետևանքները՝ բավական է վերհիշել 2023թ․ հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի ցուցադրած հարձակումը, ա՛յն ՀԱՄԱՍԻ, որը նույնպես քիչ ռեսուրսների տեր է՝ ունենալու ժամանակակից սպառազինություն։

Ներկայում Թեհրանը ջանում է չեզոքացնել իսրայելական պատասխան հարվածի հնարավորությունը, իսկ Իսրայելն ունի մտածելու շատ բան․ տասնամյակներով պատժամիջոցների տակ գտնվող Իրանը կարողացել է ձևավորել զգալի հարվածային ուժ, որի մի մասն է միայն ցուցադրվել ապրիլի 14-ին։ Հազարավոր իրանամետ պրոքսիներ հանդուգն գործունեություն են ծավալում Մերձավոր Արևելքում, իսկ ոչ հեռու ապագայում Իսլամական հանրապետությունը կարող է ունենալ միջուկային մարտագլխիկներ, և այդժամ ինչպե՞ս իրան կպահի «սիոնիստական ռեժիմի» խորտակում խոստացող երկիրը։

Գուցե, հաշվի առնելով այդ հեռանկարները, արժե հիմա՞ հարվածել Իրանին, քանի դեռ չի հասել ողբերգական պահը, երբ նժարի վրա կդրվի Իսրայելի գոյության հարցն ինքնին։ Գուցե հիմա ցանկալի չէ մերձավորերևելյան տարածաշրջանը հասցնել եռալու աստիճան, բայց հետո կարող է ուշ լինել։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան